Ծագումն անհայտ ֆինանսական միջոցներ՝ Քննչական կոմիտեի նախագահի ընտանիքի անդամների հայտարարագրերում
21:15 - 29 հուլիսի, 2024

Ծագումն անհայտ ֆինանսական միջոցներ՝ Քննչական կոմիտեի նախագահի ընտանիքի անդամների հայտարարագրերում

Արդեն 3 տարի անընդմեջ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կնոջ՝ Ռուզաննա Քյարամյանի հայտարարագրած ֆինանսական միջոցների աճի ու եկամուտների միջև անհամապատասխանություն է նկատվում։ 

2021 թվականին Ռուզաննա Քյարամյանն ունեցել է ընդամենը 70 հազար դրամի եկամուտ, սակայն նրա ֆինանսական միջոցներն աճել են 4 մլն 645 հազար դրամով։ Այսինքն՝ նրա ունեցած 4 մլն 575 հազար դրամի ծագումն անհայտ է։ 

Արգիշտի Քյարամյանի նույն տարվա հայտարարագրի տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ վերջինս 2021 թվականին 13․3 մլն դրամի եկամուտներից առնվազն 9․2 միլիոնն ուղղել է բանկերում և կանխիկ պահվող իր ֆինանսական միջոցների աճին և միայն 4․1 միլիոն դրամ կարող էր օգտագործել ընթացիկ ծախսերի, այդ թվում՝ ընտանիքի անդամներին գումար տրամադրելու համար։ Հետևաբար, եթե նույնիսկ դիտարկենք, որ Ռուզաննա Քյարամյանի՝ հայտարարագրով չպարզաբանվող ֆինանսական միջոցները տրամադրել է ամուսինը՝ Արգիշտի Քյարամյանը, կստացվի, որ նրանց ընտանիքը 400 հազար դրամ ավելի է ուղղել ֆինանսական միջոցների աճին, քան կարող էր իրեն թույլ տալ հայտարարագրված եկամուտներով։ 

2022 թվականին Ռուզաննա Քյարամյանի եկամուտը կազմել է շուրջ 160 հազար դրամ, մինչդեռ նրա ֆինանսական միջոցներն աճել են 3 մլն դրամով։ Ինչպես նախորդ տարի, այս անգամ էլ 2.8 մլն դրամի ծագումը չի արտացոլվում հայտարարագրում։

2023 թվականին Ռուզաննա Քյարամյանի եկամուտը կազմել է 243 հազար դրամ, իսկ  ֆինանսական միջոցներն աճել են 6.3 մլն դրամով։ Քննչական կոմիտեի նախագահի տիկնոջ ավելի քան 6 մլն դրամի ծագումն անհայտ է։

Նախորդ տարի Արգիշտի Քյարամյանից և կնոջից բացի հայտարարագիր է ներկայացրել նաև Քյարամյանի մայրը՝ Լարիսա Գրիգորյանը։ Հայտարարագրի համաձայն՝ 2023-ի ընթացքում նրա ֆինանսական միջոցներն աճել են շուրջ 20․3 մլն դրամով։ Լարիսա Գրիգորյանը հայտարարագրել է շուրջ 1.6 մլն դրամ եկամուտ։ Այսպիսով, Լարիսա Գրիգորյանի միջոցներից 18.7 մլն դրամի ծագումն անհայտ է։

Արգիշտի Քյարամյանի՝ 2023 թվականի հայտարարագրի տվյալների համադրությամբ ստացվում է, որ նա ընթացիկ ծախսերի, այդ թվում՝ ընտանիքի անդամներին գումար հատկացնելու համար այդ տարի կարող էր օգտագործել առավելագույնը 11.6 մլն դրամ։ Եթե Արգիշտի Քյարամյանի, մոր և կնոջ հայտարարագրած միջոցները դիտարկենք մեկ ընդհանուր տնտեսության տրամաբանությամբ, կստացվի, որ 2023 թվականին նրանց ընտանիքի ֆինանսական միջոցներից ավելի քան 13 մլն դրամի ծագումն անհայտ է։ 

Արգիշտի Քյարամյանին գրավոր խնդրել էինք պարզաբանել ընտանիքի անդամների հայտարարագրերում տեղ գտած անհամապատասխանությունները։ Վերջինս, սակայն, մեր գրությանը չի արձագանքել։

Հաշվարկի տրամաբանությունը հասկանալու համար առաջարկում ենք դիտել նաև մեր այս տեսանյութը՝ իմանալու, թե ինչպես ծախսել և միաժամանակ «չծախսել» ունեցած փողը։

 

2 տարի է՝ ԿԿՀ-ն վերլուծում է Քյարամյանների 4 հայտարարագրերը

Արգիշտի Քյարամյանի և ընտանիքի անդամների հայտարարագրերի վերլուծությունը պետք է իրականացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ)։ 

2022 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանել էր հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչ, որով հաստատել էր այն պետական պաշոտնյաների (և նրանց ընտանիքի անդամների) ցանկը, որոնց 2021 թվականի տարեկան հայտարարագրերը պետք է վերլուծեր։ Այդ պաշտոնյաների ցանկում էր նաև Քննչական կոմիտեի նախագահը։

2023 թվականին արդեն ԿԿՀ-ն որպես ռիսկային չափորոշիչ էր սահմանել նախորդ որոշմամբ սահմանված բոլոր այն պաշտոնատար անձանց 2022 թվականի հայտարարագրերը, որոնց 2021 թվականի տարեկան հայտարարագրի վերլուծության արդյունքում վեր են հանվել այնպիսի անհամապատասխանություններ, որոնց արժանահավատությունն ու ամբողջականությունը ստուգելու նպատակով պահանջվում է ըստ տարիների հայտարարագրված տվյալների համադրություն։

Հարցում էինք ուղարկել ԿԿՀ՝ ճշտելու՝ արդյո՞ք ուսումնասիրել են Քյարամյանի և ընտանիքի անդամների հայտարարագրերը և ի՞նչ անհամապատասխանություններ են հայտնաբերել։ ԿԿՀ-ից պատասխանել են, որ վերոնշյալ երկու որոշումների հիման վրա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սկսել է Արգիշտի Քյարամյանի և վերջինիս ընտանիքի անդամների՝ 2021-2022 թվականի տարեկան հայտարարագրերի վերլուծություն: 

2024 թվականի հուլիսի դրությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի ավարտել Քյարամյանի և կնոջ 2021 և 2022 թվականների ընդհանուր թվով 4 հայտարարագրերի վերլուծությունը։ 

Արգիշտի Քյարամյանի և նրա ընտանիքի անդամների 2023 թվականի տարեկան հայտարարագրերի վերլուծությունն էլ ԿԿՀ-ն սկսել է Factor.am-ի հրապարակման հիման վրա։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Հանձնաժողովից հայտնեցին, որ ստուգման և վերլուծության արդյունքում վեր են հանվել անհամապատասխանություններ և պարզաբանման ենթակա հարցեր, որոնց վերաբերյալ անհրաժեշտություն է առաջացել Արգիշտի Քյարամյանից և իր ընտանիքի անդամից հայցել պարզաբանում։ 

ԿԿՀ-ն նշել է նաև, որ եզրահանգման մասին տեղեկություններ կարող է տրամադրել վերոնշյալ պարզաբանումները ստանալուց և գնահատելուց հետո։

Լյուսի Մանվելյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել