Անկախ երեխայի ծնողների բողոքել-չբողոքելուց՝ մանկապարտեզի դաստիարակչուհին շարունակում է ունենալ մեղադրյալի կարգավիճակ
14:59 - 30 հուլիսի, 2024

Անկախ երեխայի ծնողների բողոքել-չբողոքելուց՝ մանկապարտեզի դաստիարակչուհին շարունակում է ունենալ մեղադրյալի կարգավիճակ

Փոքր Վեդիի մանկապարտեզում անչափաս երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակչուհին շարունակում է ունենալ մեղադրյալի կարգավիճակ, պարզապես այս պահին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ միայն մասնավոր մեղադրանքով վարույթն է, որ նախաձեռնվում է տուժողի բողոքի հիման վրա, իսկ այս արարքը ենթակա է ոչ թե մասնավոր, այլ հանրային հետապնդման, ուստի անկախ երեխայի ծնողների բողոքել-չբողոքելուց՝ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է

Հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային։ ՆԳՆ ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում այս տարվա մայիսին։ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին էր հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել էր հաղորդում։

Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել էր Վեդիի Թումանյան փողոցում, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել ՔԿ Վեդիի քննչական բաժին։  

Նշենք նաև, որ դաստիարակչուհու ձերբակալման ժամկետը լրացել էր, և նա ազատ էր արձակվել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել