Այսօր Գյումրի համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը անչափահաս մի աղջկա նրա կամքին հակառակ տեղափոխել է Երեւան՝ երեխաների աջակցության կենտրոն։
«Ինֆոքոմ»-ին են դիմել աղջկա հոր փաստաբանները՝ տեղեկացնելով, որ երեխայի տեղափոխությունը եղել է բռնի ուժով, առանց նրա կարծիքը հաշվի առնելու եւ նրան հոգեհուզական վատ վիճակի հասցնելով։
Մեզ տրամադրված տեսանյութում հստակ լսվում է երեխայի լացի ձայնը։ Նա բղավում է «ոչ մեկիդ հետ չեմ գա», «չեմ ուզում ձեզ տեսնել», «ավելի լավ է՝ մեռնեմ», «մինչեւ պապան չգա, չեմ գա», «օգնեցեք» եւ այլն։
9-ամյա աղջիկը միակողմանի ծնողազուրկ է, բնակվում է Գյումրիում հոր եւ վերջինիս ծնողների հետ։ Տեսանյութում աղջիկը հենց հորական տատի ու պապի հետ է։
Երեխայի մայրը մահացել է 2019 թվականին։ Դրանից հետո աղջկա բնակության եւ խնամակալության հետ կապված հոր եւ մոր ազգականների միջեւ վեճ է առաջացել. հարուցվել են քաղաքացիական, քրեական եւ վարչական վարույթներ, որոնց մանրամասները կներկայացնենք ավելի ուշ։
Ըստ Կառավարության որոշման՝ Խնամակալության եւ հոգաբարձության մարմինները համայնքների ղեկավարներն են: Նրանք իրավասու են սահմանել տասնչորս տարին չլրացած անչափահասների խնամակալության հարցը։ Մարմիններին կից գործում են նաեւ հանձնաժողովներ։
Տեսանյութում երեւում են այդ մարմնի աշխատակիցները, նաեւ՝ ոստիկաններ։ Երեխայի հոր փաստաբանը՝ Արմինե Ավագյանը, մեզ հայտնեց, որ այս տարվա մայիսի 8-ին Գյումրի համայնքի ղեկավարը որոշում է կայացրել երեխային հորից վերցնելու եւ աջակցության կենտրոն տեղափոխելու վերաբերյալ, որը, թեեւ ենթակա է անհապաղ կատարման, սակայն հանձնաժողովը փորձել է ի կատար ածել միայն հունիսի 4-ին․ «Այդ ժամանակ հայրը եւ ազգականները տանն են եղել, դիմադրություն են ցույց տվել, չեն թողել, որ երեխային տնից տեղափոխեն, այսպես բաց տարածությունից երեխային վերցնելը հեշտ եւ հարմար տարբերակ է եղել»։
Փաստաբանի խոսքով՝ երեխան գտնվելիս է եղել ուսումնական ճամբարում, երբ Խնամակալության եւ հոգաբարձության մարմնի աշխատակիցները զանգահարել են պապին․ «Երբ իմացել են, որ երեխան տանը չէ, գնացել են այնտեղ, ըստ իրենց՝ երեխայից անձամբ լսելու, որ ինքը չի ուզում իրենց [հանձնաժողովի անդամներին,-խմբ.] տեսնել, բայց այդ հայտարարությունը վերածվել է այն բանի, որ երեխայի կամքին հակառակ փորձել են նրան ճամբարից տեղափոխել, բռնի ուժ են կիրառել երեխայի նկատմամբ եւ տատիկի հետ միասին նստեցնելով չգիտեմ որ ծառայությանը սպասարկող մեքենան՝ տեղափոխել են Երեւան»,- պատմեց Արմինե Ավագյանը։
Թե ինչ հիմքով է Գյումրի համայնքի ղեկավարը որոշել երեխային տեղափոխել աջակցության կենտրոն, «Ինֆոքոմ»-ին դեռ հայտնի չէ։ Ավագյանի խոսքով՝ պատճառաբանությունն այն է, որ երեխան գտնվում է կյանքի դժվարին իրավիճակում, ինչը իրենք անհիմն են որակում։
Մենք կապ հաստատեցինք Գյումրու համայնքի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանի հետ՝ որոշման հիմքերին ծանոթանալու եւ տեղափոխման ընթացքի վերաբերյալ պարզաբանում ստանալու։ Վերջինս ասաց, որ ինքն իրավասու չէ խոսել մեկ այլ մարմնին առնչվող թեմայով, խոստացավ կապ հաստատել հանձնաժողովի նախագահի հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը եւս նշեց, որ Նախարարությունը հանձնաժողովի որոշման կայացմանը չի մասնակցում, դրա վերաբերյալ տեղեկություն հայտնել իրավասու չէ։
Փաստաբանները ուղեւորվել են երեխաների աջակցման կենտրոն՝ իրավիճակին տեղում ծանոթանալու։ Միաժամանակ նրանք հանցագործության մասին հաղորդում են պատրաստում․ «Կարող ենք դիտարկել, որ, ըստ էության, տեղի է ունեցել երեխայի առեւանգում եւ հոգեբանական բռնություն՝ խոշտանգում»,- ասաց Ավագյանը։
«Ինֆոքոմ»-ը հետեւողական կլինի թեմային՝ առաջիկայում փորձելով պարզել որոշման հիմքերը, ինչպես նաեւ ստանալ մեկնաբանություններ բոլոր կողմերից։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)