Արդեն 4 ամիս է՝ «Ինֆոքոմը» փորձում է ամփոփել եւ դասակարգել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքներին ուղղված մարդասիրական օգնության վերաբերյալ տվյալները։ Մեր նպատակն էր հասկանալ, թե որ աղբյուրից որքան գումար է հատկացվել, ինչ ուղղություններով է այն ծախսվել եւ, ի վերջո, հավաքագրված միջոցների որ մասն է հասել ուղիղ շահառուին։
Տեղեկություններ ստանալու համար գրավոր դիմել ենք ՀՀ կառավարությանը, 25 պետության դեսպանատներին եւ 4 միջազգային կառույցներին՝ խնդրելով տրամադրել տվյալներ, թե հավաքագրված գումարի որքան մասն է հատկացվել աշխատավարձերին, խորհրդատվություններին, միջոցառումների կազմակերպմանը, իսկ որքան մասը՝ ուղիղ տեղահանվածներին։
Թե՛ ՀՀ կառավարությունը, թե՛ գործընկեր պետությունները եւ թե՛ միջազգային կառույցները չեն տրամադրել արձագանքմանն ուղղված ծախսերի բացվածքը, ինչը սահմանափակում է ուղիղ շահառուներին հատկացրած գումարի չափը հասկանալու հնարավորությունը։
Ավելին, մեր հարցումներին ոչ բոլորն են արձագանքել։ Իրանը եւ Չինաստանը ընդհանրապես հրաժարվել են տվյալներ տրամադրել։ Ընդհանրական տեղեկություններ հայտնել են միայն Կանադան, Շվեդիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Գերմանիան, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը եւ Եվրամիությունը։ Մի շարք դեսպանատներ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Հնդկաստանի, Հունաստանի եւ այլ, չեն պատասխանել գրավոր հարցումներին (ընդ որում՝ կրկնակի) եւ բազմաթիվ հեռախոսազանգերին։
Ուղիղ նվիրատվություն տեղահանվածների աջակցության հատուկ հաշվեհամարին
Կառավարությունը, տեղեկության տրամադրումը տեւական ժամանակ ձգձելուց հետո, ուղարկել է տվյալներ՝ ուղիղ բյուջետային աջակցության, բնաիրային աջակցության, վարկային արտոնությունների վերաբերյալ։ Փոխվարչապետի գրասենյակից տրամադրել են նաեւ ընդհանրական տեղեկություններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) հավաքագրված միջոցների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայտարարած աջակցության մասին:
ՀՀ ֆինանսների նախարարության՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության հատուկ հաշվեհամարին ուղիղ նվիրատվություն է իրականացվել Լիտվայի եւ Լատվիայի կառավարությունների կողմից՝ համապատասխանաբար 350 000 եւ 50 000 եվրոյի չափով (դոլարային արժույթով՝ ~380 000 եւ ~54 000)։ Չինաստանը հայտարարել էր 1 մլն դոլարի աջակցության մասին, որի կեսը տրամադրել է անցած տարվա նոյեմբերին, մյուսն կեսն էլ պետք է տրամադրեր մինչեւ այս տարվա հունիս ամիսը։
Անդրադառնալով Եվրոպական միության կողմից հայտարարված 15 մլն եվրո բյուջետային աջակցությանը՝ կառավարությունից հայտնել էին, որ ՀՀ-ի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ նախատեսվում է համաձայնագրի ստորագրում, որի նպատակն է նպաստել Կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարճաժամկետ եւ միջնաժամկետ խնդիրներին արձագանքմանը, ինչպես նաեւ նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրման քաղաքականությանը աջակցմանը: Եվրամիության տրամադրած ֆինանսական աջակցությանը կանդրադառնանք ստորեւ։
Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացված աջակցություն
Կառավարությունից մեզ հայտնել էին, որ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) եւ «Փախստականների կարիքներին արձագանքման ծրագրի» շրջանակում վերջինիս գործընկեր կառույցների միջոցով հավաքագրվել է շուրջ 49,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ ԿԽՄԿ-ի միջոցով հայտարարվել է շուրջ 26 մլն ԱՄՆ դոլարի հումանիտար աջակցություն, ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով՝ 13,2 մլն: Մեր բանավոր ճշտող հարցին՝ հայտարարվել է, բայց դեռ չի՞ փոխանցվել, կա՞ արդյոք տեղեկություն, թե հայտարարված աջակցությունը երբ է տրամադրվելու, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից պատասխանել են, որ հայտարարված բառը նշանակում է, որ այդքանի խոստում է եղել, բայց թե դրա որ մասն է դառնալու իրականություն, ասել չեն կարող։
Վերոնշյալ աջակցության մի հատվածն է միայն իրականացվել Կառավարության կողմից հաստատված սոցիալական աջակցության ծրագրերի համաֆինանսավորման եղանակով: Մասնավորապես, փախստականներին նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին միանվագ 50-հազարական դրամ հատկացնելու ծրագիրը համաֆինանսավորել են ԿԽՄԿ-ն, Կարմիր Խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիան, UNHCR-ը եւ Շվեյցարական կարմիր խաչը՝ 525 մլն դրամի չափով։
Նույն ծրագրի շրջանակում նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների վճարումներն իրականացնելու նպատակով այլ դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվել է եւս շուրջ 435,5 մլն դրամ, որի բացվածքը ներկայացնում ենք ստորեւ։
Մեկ այլ՝ բնակարանի վարձի եւ կոմունալ ծախսերի համար 40+10-հազարական դրամ հատկացնելու ծրագիրը համաֆինանսավորվել է ԿԽՄԿ-ի, Կարմիր Խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի, UNHCR-ի, Շվեյցարական կարմիր խաչի կողմից․ այս կազմակերպությունները Հայկական կարմիր խաչի միջոցով տրամադրել են 3 մլրդ 425 մլն դրամ:
Ինչ վերաբերում է բնաիրային աջակցությանը՝ հումանիտար բեռներ են ստացվել հետեւյալ պետություններից՝ Ավստրիա, Արգենտինա, Բուլղարիա, Գերմանիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Չինաստան, Ռումինիա, ՌԴ-ից, Ֆինլանդիա, ինչպես նաեւ UNHCR-ից, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, մասնավոր այլ նախաձեռնությունների կողմից:
Հումանիտար բեռները հիմնականում ներառել են մահճակալներ, քնապարկեր, անկողնային, խոհանոցային եւ հիգիենայի պարագաներ, սնունդ, հագուստ: Ստացվել են նաեւ առողջապահական կարիքների համար նախատեսված բեռներ Ֆրանսիայի, Ավստրիայի եւ Լիտվայի, ինչպես նաեւ շուրջ մեկ տասնյակ միջացգային կազմակերպությունների կողմից:
Աջակցություններ միջազգային կազմակերպություններից եւ գործընկեր պետություններից
Եվրոպական միություն
Եվրոպական Միությունից մեզ հայտնել են, որ ԵՄ մոբիլիզացրած ընդհանուր ռեսուրսները (ներառյալ պայմանագրային եւ նախապատրաստման փուլում գտնվող) կազմում են 67 միլիոն եվրո։
Այս գումարը ներառում է՝
- 2023 թվականի աշնանը 12,15 միլիոն եվրոյի մարդասիրական աջակցությունը՝ ուղղված Եվրոպական քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG ECHO) միջոցով:
- Լրացուցիչ 5,5 միլիոն եվրո է մոբիլիզացվել DG ECHO-ի կողմից 2024 թվականի ընթացքում՝ փախստականների միջնաժամկետից մինչեւ երկարաժամկետ կարիքների բավարարման միջոցառումների համար:
- 2023 թվականի նոյեմբերին Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է 15 միլիոն եվրո բյուջետային աջակցության տրամադրման մասին՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը փախստականների կարիքները հոգալու իր ծրագրերին:
- 2023 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԵՄ պատվիրակությունը տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ պայմանագիր է կնքել երեք ծրագրերի համար (ընդհանուր արժեքը՝ 180 000 եվրո)՝ ուղղված փախստականներին անմիջական աջակցություն տրամադրելուն:
- Նույն ժամանակահատվածում ԵՄ կողմից ֆինանսավորվող մի շարք ընթացիկ ծրագրերի բյուջեներ վերաբաշխվել են՝ փախստականներին աջակցելու նպատակով։ Մոտ 500 000 եվրո ընթացիկ ծրագրերից վերաբաշխվել է փախստականների կարիքներին արձագանքմանը:
ԵՄ պատվիրակությունը ներկայումս պլանավորում է իրականացնել 3 ծրագիր՝ (ընդհանուր արժեքը՝ 8,8 միլիոն եվրո), քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոնսորցիումների հետ։
ԵՄ-ից հայտնել են, որ լրացուցիչ 25 միլիոն եվրո բյուջետային աջակցություն է նախապատրաստվում փախստականների միջնաժամկետից երկարաժամկետ կարիքները հոգալու համար, եւ ակնկալվում է, որ կստորագրվի մինչեւ 2024 թվականի վերջը:
2023 թվականի դեկտեմբերի դրությամբ ԵՄ անդամ պետությունները մոբիլիզացրել են ընդհանուր առմամբ 35 միլիոն եվրո՝ ԼՂ-ից փախստականների կարիքները հոգալու համար:
Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի պատճառով ծանր այրվածքներ ունեցող 24 անձ տեղափոխվել է ԵՄ 7 անդամ երկրներ՝ Բելգիա, Բուլղարիա, Իտալիա, Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ, Ռումինիա, Իսպանիա, բուժում ստանալու։
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (UNHCR)
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը առավել խոցելի վիճակում գտնվող 5500 փախստականի 6 ամիս ժամկետով հատկացրել է ամսական 125 ԱՄՆ դոլար, ընդհանուր՝ 4 մլն 125 հազար դոլար։
UNHCR-ը իր գործընկերներից 97 միլիոն դոլար է խնդրել` փախստականների հրատապ կարիքներին 2023 թվականի հոկտեմբերից մինչեւ 2024 թվականի մարտը արձագանքելու նպատակով։ Մարտի 29-ի դրությամբ հավաքագրվել է 51 մլն դոլար, այսինքն՝ պահանջված գումարի մոտ 52 տոկոսը։ Իսկ UNHCR-ի տրամադրած հատուկ օգնության չափը կազմել է 14,6 մլն դոլար։
Կազմակերպությունը իր գործընկերների հետ 51 221 փախստականի մատակարարել է 115 747 հիմնական օգնության պարագաներ՝ աջակցելով 12 433 տնային տնտեսության։
UNHCR-ը փախստականների ընտանիքներին մատակարարել է կահույք եւ կենցաղային տեխնիկա: Մասիսի նախկին մարզական կենտրոնում 18 ընտանիքի (46 հոգի) մատակարարել է լվացքի մեքենաներ, սառնարաններ, էլեկտրական տաքացուցիչներ, կաթսաներ եւ թեյնիկներ, ինչպես նաեւ անկողնային պարագաներ եւ սրբիչներ: Մարալիկի Սոցիալական բնակարանային համալիրին տրամադրել է կենցաղային իրեր՝ աջակցելով 17 ընտանիքների (27 հոգի):
UNHCR-ից մեր հարցմանն ի պատասխան տրամադրել են նաեւ այն դոնորների ցանկը, որոնք 100 000 դոլար կամ ավելի են ներդրել Հայաստանի Լեռնային Ղարաբաղից փախստականների կարիքներին արձագանքման համար։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
2023թ․ սեպտեմբերի 24-ից ԱՄՆ կառավարությունն ապահովել է ավելի քան 22,5 միլիոն դոլար մարդասիրական օգնություն։ Այս միջոցներից 21,3 միլիոնը ապահովվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ), իսկ 1,15 միլիոնը ԱՄՆ պետքարտուղարության միջոցով։
ԱՄՆ-ից հայտնել են, որ նախապես հայտարարված հավելյալ ֆինանսավորումը կհատկացվի հընթացս։
Ճապոնիա
2023 թվականի սեպտեմբերից Ճապոնիայի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար հատկացրել է ընդհանուր 5 միլիոն ԱՄՆ դոլար մարդասիրական օգնություն [1, 2]։
Ճապոնիան հաղորդել է, որ երկրի կառավարությունը աջակցություն է ցուցաբերում նաեւ Մարդկային անվտանգության հիմնարար ծրագրերի դրամաշնորհների (GGP) միջոցով: Այս տարի դրամաշնորհների օգնության շրջանակում ստորագրվել են ստորեւ նշված ծրագրերը, որոնց շահառուները տեղահանված անձինք են։
Շվեդիա
Շվեդիան հատկացրել է մոտ 3 մլն 430 հազար դոլար։ Շվեդիայի օգնությունը եւս բաշխվել է չորս ուղղությամբ։
Ինչ վերաբերում է Շվեդիայից երկարաժամկետ ծրագրերով աջակցությանը, ապա երկրի դեսպանատնից հաղորդել են, որ 2023-2024 թվականներին Շվեդիան UNDP Armenia-ին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, հատկացրել է 490 հազար դոլար։ Այս Ծրագրի նպատակն է վերականգնել ԼՂ-ից փախստականների եւ նրանց ընդունող համայնքների խոցելի խմբերի կենսապահովման համակարգերը՝ դրանք մարդասիրական հիմնական ստանդարտներին եւ տնտեսական վերականգնման նվազագույն ստանդարտներին համապատասխանեցնելու համար:
2023-2024 թվականներին Շվեդիան 392 հազար դոլար է հատկացրել Կանանց ռեսուրսային կենտրոնին՝ նպաստելու փախստականների երկարաժամկետ ինտեգրմանը հասարակության մեջ, ինչպես նաեւ ԼՂ-ց բռնի տեղահանված կանանց եւ աղջիկների համար սոցիալ-հոգեբանական աջակցության եւ տնտեսական ուժեղացման ծրագրեր իրականացնելու համար:
Կանադա
Մարդասիրական օգնությունը, որը Կանադան տրամադրել է՝ արձագանքելով Լեռնային Ղարաբաղից փախստականների հումանիտար ճգնաժամին, ընդհանուր առմամբ կազմում է 3,9 մլն ԱՄՆ դոլար։ Այն բաշխվել է չորս ուղղություններով։
Շվեյցարիա
Շվեյցարիան իր Զարգացման եւ համագործակցության շվեյցարական գործակալության միջոցով տրամադրել է 1 մլն 725 հազար դոլար: Այդ միջոցները բաշխվել են Պարենի համաշխարհային ծրագրի, UNHCR-ի եւ ԿԽՄԿ-ի միջեւ՝ ուղղելու փախստականների անհետաձգելի կարիքների բավարարմանը:
Պատասխանում ասված է, որ Շվեյցարիան այժմ աշխատում է միջնաժամկետ արձագանքման նոր նախագծի մշակման վրա, որը կենտրոնանում է փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրման վրա:
Միացյալ Թագավորություն
2023 թվականի սեպտեմբերից սկսած Միացյալ Թագավորության կառավարությունը տրամադրել է 1 միլիոն ֆունտ ստեռլինգ ԿԽՄԿ-ի միջոցով եւ 70 000 ֆունտ ստեռլինգ Impact Hub-ի միջոցով, ինչը համարժեք է 1 մլն 359 հազար դոլարի:
Մեծ Բրիտանիայի դեսպանատնից հայտնել են, որ ֆինանսական աջակցություն է տրամադրվել նաեւ տեղահանության օրերին վառելիքի պահեստի պայթյունից տուժած այրվածքներով հիվանդներին կենսական աջակցություն ցուցաբերելու համար: Մասնավորապես, հոկտեմբերին UK-Med-ի շտապ բժշկական թիմի վեց անդամ է ժամանել Հայաստան, բուժել պայթյունից տուժածներին: Բժիշկներն աշխատել են Միքայելյան հիվանդանոցում։
«Ավելի ուշ՝ նոյեմբերին, երբ այրվածքներով հիվանդներից որոշները Միքայելյանի անվան հիվանդանոցից տեղափոխվեցին Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն, Միացյալ Թագավորության կառավարությունը կենսական բժշկական սարքավորումներ նվիրաբերեց կենտրոնին՝ նրանց վերականգնման եւ բուժման համար: Այս փաթեթները ներառում էին անհրաժեշտ անզգայացման նյութեր, ինտուբացիայի եւ լարինգոսկոպիայի պարագաներ, ինչպիսիք են էնդոտրախեալ եւ տրախեոստոմիայի խողովակները, կոկորդային դիմակները եւ շտապ կրիկոտիրեոտոմիայի հավաքածուները»:
Գերմանիա
Գերմանիայից մեր հարցմանն ի պատասխան՝ հաղորդել են, որ Arbeiter-Samariter-Bund կազմակերպության միջոցով Գերմանիան 4,3 մլն եվրո ֆինանսավորում է հատկացնում մի ծրագրի, որն ուղղված է փախստականների խոցելի խմբերին եւ նրանց հոգեկան տրավմաների հաղթահարմանը։ 2023 թվականի ճգնաժամի ակտիվ փուլում Գերմանիան Տեխնիկական օգնության դաշնային ծառայության (THW) եւ Johanniter կազմակերպության միջոցով տրամադրել է մոտ 600 000 եվրո արժողության պարագաներ։ Դրանց մեծ մասը փոխանցվել է Գերմանիայի արտգործնախարարի՝ 2023 թվականի նոյեմբերին Հայաստան կատարած այցելության շրջանակում։
Այն հանգամանքը, որ ոչ բոլոր դեսպանատներն ու միջազգային կազմակերպություններն են տրամադրել տվյալներ, եւ մեր ստացած ոչ բոլոր պատասխաններն են ամբողջական, դժվարացնում է հավաքագրած տվյալների ամփոփ հաշվարկը։ Հետեւապես զերծ ենք մնում միջազգային աջակցության վերաբերյալ ընդհանուր ոչ ճգրիտ թվեր ներկայացնելուց։
Հեղինակ՝ Հայարփի Բաղդասարյան
Անիմացիան եւ գլխավոր լուսանկարը՝ Ռոման Աբովյանի
comment.count (1)
Բռնի տարահանված ենք ,չունենք ոչինչ ,գոնե աշխատանքով ապահովեք։