Կիպրոսի նախագահն ընդունել է եռակողմ հանդիպման ՄԱԿ գլխավոր քարտուղարի առաջարկը, իսկ կղզու թուրքերի ղեկավարը՝ մերժել |armenpress.am|
14:51 - 04 օգոստոսի, 2024

Կիպրոսի նախագահն ընդունել է եռակողմ հանդիպման ՄԱԿ գլխավոր քարտուղարի առաջարկը, իսկ կղզու թուրքերի ղեկավարը՝ մերժել |armenpress.am|

armenpress.am: Կիպրոսի Հանրապետության նախագահը դրական է արձագանքել եռակողմ հանդիպման վերաբերյալ ՄԱԿ գլխավոր քարտուղարի առաջարկին, իսկ  կղզու թուրքերի ղեկավարը հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում դրա համար: 

Ինչպես փոխանցում է Kibris թերթը, Հյուսիսային Կիպրոսի չճանաչված թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը՝ ի պատասխան եռակողմ հանդիպման հարցի, պնդել է, որ չի կարող խոսք լինել Կիպրոսի հարցով բանակցությունների վերսկսման մասին՝ առանց թուրքական կողմի ինքնիշխան իրավահավասարության և հավասար միջազգային կարգավիճակի ամրագրման։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշի կողմից եռակողմ հանդիպման հրավեր չի եղել։ Մենք ներկա պայմաններում եռակողմ հանդիպման կողմնակից չենք: Նման հանդիպման պատճառ չկա։ Մեր դիրքորոշումը, թե ինչ պայմաններով կարող են սկսվել բանակցությունները, հստակ է. բանակցությունները չեն կարող սկսվել, քանի դեռ մեր ինքնիշխան իրավահավասարությունն ու հավասար միջազգային կարգավիճակը չեն գրանցվել»,- ասել է նա:

Ավելի վաղ՝ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսն էլ հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը օգոստոսի 13-ին իրեն հրավիրել է եռակողմ հանդիպման նախագահ Էրսին Թաթարի հետ և ինքն ընդունել է այն, հայտնում է Cyprus-mail-ը։

Կիպրոսի նախագահը հույս է հայտնել, որ թուրքական կողմից նույնպես դրական արձագանք կլինի հանդիպման առաջարկին, որը կբերի դրական արդյունքների, այդ թվում՝ Կիպրոսի խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման:

Խրիստոդուլիդեսի խոսքով՝ կղզում առկա ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է, քանի որ իր հիմնական մտահոգությունը օկուպացիայի ավարտն է, երկրի ազատագրումն ու վերամիավորումը:

Ըստ Կիպրոսի Հանրապետության նախագահի՝ մեծ աշխատանք է տարվում  իրենց կողմից ճեղքելու այն փակուղին, որում հայտնվել է Կիպրոսի խնդրի կարգավորումը 2017 թվականին Կրան-Մոնտանայում բանակցային գործընթացի խաթարումից հետո: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել