factor.am: Փարիզում ընթացող 33-րդ ամառային օլիմպիական խաղերում օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ժամանակից շուտ 9:0 հաշվով հաղթանակ տոնեց հարավկորեացի Սունգյուն Կիմի նկատմամբ և, պայքարը շարունակելով քառորդ եզրափակչում, անցավ կիսաեզրափակիչ՝ 9-5 հաշվով հաղթելով Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովին։
Օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցող ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը ժամանակից շուտ 8։0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կունարի Սարկինենին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Ամոյանը 3:0 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեժադին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Հանրային հեռուստաընկերությունը, սակայն, չցուցադրեց Ալեքսանյանի և Ամոյանի մրցելույթները, փոխարենն այդ ժամանակ ցուցադրվում էին այլ երկրների ըմբիշների գոտեմարտեր։
Հեռուստաընկերությունից պարազաբանել են, որ մեր մարզիկների գոտեմարտերը 1/8 եզրափակիչում տեղի են ունեցել ոչ հիմնական գորգում, այդ պատճառով հեռուստաընկերությունն ազդանշան չի ստացել։ «Առաջին ալիքն Օլիմպիական խաղերի ուղիղ եթերի ազդանշան ստանում է բացառապես ըմբշամարտի հիմնական գորգից, որտեղ տեղի են ունենում կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերը: Իսկ մեր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը 1/8 եզրափակիչում տեղի են ունեցել ոչ հիմնական գորգում և այդ իսկ պատճառով չեն հեռարձակվել ուղիղ եթերում»,- հայտնել են հեռուստաընկերությունից։
Ինչպես է ստացվում, որ, օրինակ, Վրաստանում ցուցադրել են Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի մրցելույթները․ Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի բաժնի պետ Սևակ Հակոբյանը Factor.am-ի այս հարցին հստակ և սպառիչ պատասխան չտվեց, փոխարենն ասաց, որ նախկինում էլ եղել են դեպքեր, երբ գոտեմարտերը ոչ հիմնական գորգում չեն հեռարձակվել նույն պատճառով։ «Մենք ստանում ենք հիմնական գորգի լիցենզիան, թե՛ Տոկիոյի, թե՛ Ռիոյի ժամանակ էլ եղել են նման դեպքեր, որ չեն հեռարձակվել, քանի որ մեզ տրվել է միայն հիմնական սիգնալը»,- նշեց Հակոբյանը։
comment.count (0)