2022 թվականին Ավստրիայում գտնվող Գրացի համալսարանից մոտ 86 հազար եվրո է փոխանցվել Մատենադարանի հաշվեհամարին։ Վերջինս այդ գումարով պարգեւատրել է 279 աշխատակցի եւ կատարել կանոնադրական ծախսեր։
«Ինֆոքոմը» փորձել է պարզել, թե արդյո՞ք Մատենադարանն իրավունք ուներ Եվրամիության երկրների հարկատուների հարկերից գոյացած ֆինանսներն ուղղել աշխատակիցների պարգեւատրմանը։
Նախապատմությունը
2016 թվականին Մատենադարանի գիտաշխատող Գայանե Այվազյանը նախապատրաստել եւ հավաքագրել է անհրաժեշտ փաստաթղթերը, թարգմանել դրանք եւ ուղարկել Բրյուսել՝ Մատենադարանը գրանցելու «Հորիզոն-2020» հետազոտությունների եւ նորարարությունների ԵՄ շրջանակային ծրագրի (2014-2020) հարթակում՝ «Հետազոտություն եւ նորարարություն. անձնակազմերի փոխանակում» դրամաշնորհին դիմելու նպատակով։ Գիտաշխատողը շեշտում է, որ Մատենադարանի տնօրենությունը որեւէ նյութական եւ մասնագիտական սատարում չի ցուցաբերել հայտի նախապատրաստման համար։
Դրամաշնորհը հաղթելով՝ Մատենադարանն ընդգրկվել է այն 12 ինստիտուտների ցանկում, որոնք իրականացրել են «Գիտելիքի փոխանակումը եւ հումանիտար ակադեմիական մշակույթները. Եվրոպա եւ Սեւծովյան տարածաշրջան, 18-րդ դարի վերջ - 21-րդ դար» վերտառությամբ նախագիծը։ Գայանե Այվազյանը եղել է ծրագրի ազգային համակարգողը։ Թիմում ընդգրկվել է Մատենադարանի եւս 7 գիտաշխատող։ Ծրագրի միջազգային համակարգող ինստիտուտը եղել է Ավստրիայում գտնվող Գրացի համալսարանը։
2017 - 2021 թվականներին իրականացվող այս ծրագրի շրջանակում տարբեր երկրների գիտական ինստիտուտների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել այցելել մասնակից ինստիտուտներ եւ փորձով փոխանակվել։
Ինչի համար էր նախատեսված դրամաշնորհը
Ըստ ծրագրի ֆինանսական ուղեցույցի՝ դրամաշնորհով թույլատրելի ծախսերը հետեւյալն են. գործուղման ծախսեր եւ ինստիտուցիոնալ ծախսեր՝ ընդհանուր 4500 եվրո՝ յուրաքանչյուր գիտաշխատողի հաշվով։
Գործուղման գումարով գիտաշխատողներից յուրաքանչյուրը պետք է փոխհատուցվեր 2000 եվրոյով՝ որպես կեցության ծախս։
Ինստիտուցիոնալ ծախսերով նախատեսվել է փոխհատուցել գիտաշխատողներից յուրաքանչյուրին 2500 եվրո՝ թեմայի շրջանակում կատարած աշխատանքների համար։ Ինստիտուցիոնալ ծախսերն իրենց հերթին բաժանվել են 1) հետազոտության, կրթության, համագործակցության համար փոխհատուցվող 1800 եվրոյի եւ 2) կազմակերպչական ու անուղղակի ծախսերի համար փոխհատուցվող 700 եվրոյի։
Գայանե Այվազյանն «Ինֆոքոմին» հայտնել է, որ 2017-2021 թթ. Մատենադարանի անձնակազմը դրամաշնորհի պայմանագրով հաջողությամբ իրականացրել է 45,5 ամիսների գործուղումը եւ փոխհատուցվել կեցության ծախսերի համար։ Քովիդ-19-ի սահմանափակումներով պայմանավորված՝ անձնակազմը չի կարողացել իրականացնել միայն 2,5 ամիսների գործուղումը։
2017-2021 թվականների ընթացքում, Այվազյանի պնդմամբ, ինքն ու իր թիմը դրամաշնորհի շրջանակում կատարել են գիտահետազոտական, կրթական եւ համագործակցային իրենց պարտավորությունները։ Նշված ժամանակահատվածում դրամաշնորհի շրջանակում Հայաստան են այցելել մի քանի տասնյակ կրտսեր եւ ավագ գիտաշխատողներ՝ ծրագրին մասնակից ԵՄ ասոցացված ինը ինստիտուտներից։ Հայաստանյան թիմը նրանց մասնակցությամբ կազմակերպել է գիտաժողովներ եւ այլ միջոցառումներ։
Երկրորդ՝ ինստիտուցիոնալ (գիտահետազոտական աշխատանք) բաղադրիչի դիմաց, սակայն, Մատենադարանի՝ ծրագրին մասնակցող թիմը չի փոխհատուցվել։
Ինստիտուցիոնալ ծախսի համար նախատեսված գումարը Մատենադարանին փոխանցվել է ծրագրի ավարտից 1 տարի անց
Ծրագրին մասնակից հայ գիտաշխատողները տեւական ժամանակ սպասել են փոխհատուցմանը։ Քանի որ 2023 թվականից Գայանե Այվազյանը չի աշխատում Մատենադարանում, նա այս տարվա փետրվարին դիմել է «Հորիզոն 2020»-ի համակարգող Գրացի համալսարան՝ ճշտելու, թե երբ կուղարկվի ծրագրի մնացորդ գումարը։ Համալսարանից նրան տեղեկացրել են, որ դեռ 2022 թվականի օգոստոսին 86 հազար 781 եվրո է փոխանցվել Մատենադարանին։
Այս տարվա մարտին՝ Գրացի համալսարանից պատասխան ստանալուց հետո, Այվազյանը դիմել է Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանին՝ խնդրելով նրան ստացված գումարը ծախսել՝ ըստ դրամաշնորհի սահմանած պայմանների։ Խզմալյանն ի պատասխան հայտնել է, որ ծրագրի շրջանակում Մատենադարանի եւ Գրացի համարսարանի միջեւ հարաբերություններն ավարտվել են՝ երկուստեք արձանագրելով, որ ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է։ Այդպիսով Մատենադարանի տնօրենն այդ գումարը որակել է որպես արտածրագրային՝ նշելով, որ այդ միջոցները տնօրինելու կարգը դուրս է ծրագրի կարգավորման շրջանակից, իսկ լրացուցիչ հատկացումները ծախսվել են Գրացի համալսարանի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ Մատենադարանի կանոնադրական նպատակների իրականացման ուղղությամբ:
Այս պատասխանից հետո Այվազյանը դիմել է Մատենադարանի գործուղված անձնակազմի անդամներին՝ հասկանալու՝ արդյոք նրանք տեղյա՞կ են դրամաշնորհի մնացորդի փոխանցումից եւ ստացե՞լ են որեւէ փոխհատուցում։ Այվազյանին պատասխանել են խմբի 7 անդամից միայն չորսը՝ ասելով, որ չեն փոխհատուցվել, ավելին՝ տեղյակ չեն փոխանցումից։
Գայանե Այվազյանը մեկ այլ դիմումով Մատենադարանի տնօրենին իրազեկել է, որ փոխանցված միջոցները նախատեսված չեն եղել Մատենադարանի կանոնադրական նպատակների համար՝ խնդրելով պարզաբանել կատարված ծախսերը։ Այվազյանը նաեւ իր եւ թիմի իրականացրած աշխատանքների վերաբերյալ ներկայացրել է նախահաշիվ (մոտ 78 հազար ԱՄՆ դոլարի չափով), սակայն այդպես էլ արձագանք չի ստացել։
Այս տարվա մարտին Այվազյանը դիմել է նաեւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանին՝ խնդրելով ներկայացնել 2023-2024թթ. Մատենադարանի բյուջեում «Հորիզոն 2020» ծրագրից մուտք արված խնդրո առարկա դրամական միջոցների հաստատման եւ ծախսման հիմքերը։ Նախարարի փոխարեն Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն է պատասխանել դիմումին՝ նշելով, որ փոխանցված միջոցների վերաբերյալ լիազոր մարմինը տեղեկություն չունի։
Հետո Այվազյանը դիմել է նաեւ ՀՀ Պետական վերահսկողական ծառայություն, որտեղից նրան տրամադրել են Մատենադարանի տնօրենության փոխանցած փաթեթը։ Դրանում, ի թիվս այլնի, առկա են Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանի ներկայացրած հաշվետվությունն ու Գրացի համալսարանից մի էլեկտրոնային նամակ։
Ըստ նշյալ հաշվետվության՝ Գրացի համալսարանից փոխանցված գումարի զգալի մասը՝ 28 մլն 449 հազար դրամ, պարգեւտրման տեսքով տրվել է Մատենադարանի աշխատակիցներին, թեեւ նման դրույթ դրամաշնորհի պայմանագրով նախատեսված չի եղել։ Գումարի մյուս հատվածով ձեռք են բերվել ապրանքներ եւ ծառայություններ։ Ծախսերի պարզաբանման մեջ Մատենադարանի տնօրենությունը հղում է կատարել Գրացի համալսարանի՝ վերը հիշատակված էլեկտրոնային նամակին։
Այդ նամակում նշված է. «Քանի որ ծրագրում ներգրավված գիտաշխատողներն արդեն ամբողջությամբ փոխհատուցվել են իրենց իրականացրած գործողությունների համար, ֆոնդը կարող է օգտագործվել 1) հետազոտության, դասընթացների կազմակերպման եւ կապերի հաստատման ծախսերի եւ 2) կառավարման ու անուղղակի ծախսերի համար»։ Նամակում նշվում է նաեւ, որ գումարը ծախսելու լավագույն տարբերակը կլինի այն, որ «Մատենադարանը ուղիներ գտնի՝ աջակցելու այն հետազոտողներին, որոնց աշխատանքն ուղղված է ծրագրային նպատակներին. օրինակ՝ գետիլիքի փոխանակման եւ Սեւծովյան տարածաշրջանում ակադեմիական մշակույթի հետազոտություններին, ինչը հնարավորություն կտա, որ ծրագրային կոնսորցիումն այդ անձանց հետագայում ներառի համատեղ գործողություններում»։
Գայանե Այվազյանը հարց է բարձրացնում՝ որտեղի՞ց Գրացի համալսարանին այդ տեղեկությունը, թե ծրագրի մասնակիցներն ամբողջությամբ փոխհատուցվել են, երբ այդ գումարը մինչեւ նախագծի ավարտը Մատենադարանին փոխանցված չի էլ եղել։
«Կամ ինչպե՞ս կարող է մեկ տասնյակից ավելի ինստիտուտի եւ շուրջ 100 գիտաշխատողի մասնակցությամբ ծրագիրը կարգավորվել լավագույն եւ վատագույն տարբերակներով, որոնցից մեկը մասնակիցներին չվճարելն է, իսկ մյուսը՝ վճարելը»,- տարակուսում է Այվազյանը։
Գրացի համալսարանի նամակը, որին Մատենադարանը հղում է անում, անստորագիր է, պաշտոնական ձեւաթղթի վրա չէ, ուստի դրա իսկությունը հասկանալու համար «Ինֆոքոմը» գրավոր դիմել է Գրացի համալսարանին, սակայն մեր հարցմանը չեն պատասխանել։ Այդ հարցմամբ մենք խնդրել էինք պարզաբանել նաեւ, թե որտեղից Գրացի համալսարանին այն տեղեկությունը, թե ծրագրի մասնակիցներն ամբողջությամբ փոխհատուցվել են։
Գրացի համալսարանից հրաժարվել են նաեւ Գայանե Այվազյանին տրամադրել որեւէ գրություն, որն ուղղվել է Մատենադարանին՝ իրենց պայմանագրային պարտավորությունները համարելով կատարված։
Ինչպես է Մատենադարանը ծախսել ծրագրի գումարը
Այս տարվա հունիսի 19-ին գրավոր դիմել ենք Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանին՝ խնդրելով տրամադրել պարգեւատրում ստացած անձանց անվանացանկը՝ նշելով նրանց զբաղեցրած պաշտոնները եւ պարգեւատրման ամսաթիվը, ինչպես նաեւ հայտնել, թե ինչ իրավական ակտի հիման վրա են աշխատակիցները ստացել պարգեւատրում։
Մատենադարանից պատասխանել են, որ պարգեւատրումն իրականացվել է Ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանի հրամանի հիման վրա՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ին։
Գրացից ստացված 86 հազար եվրո դրամաշնորհի մոտ 78 տոկոսը՝ 28 մլն 449 հազար դրամը ուղղվել է Մատենադարանի 105 գիտաշխատողի եւ 174 գիտատեխնիկական եւ սպասարկման բաժինների աշխատակիցների պարգեւատրմանը։ Այսինքն՝ պարգեւատրվել են ոչ միայն գիտաշխատողները, այլ նաեւ տարբեր այլ բաժինների աշխատակիցներ։ Մատենադարանից մերժել են տրամադրել յուրաքանչյուր աշխատակցի պարգեւատրման չափը՝ նշելով, որ չունեն եւ չեն էլ կարող ստանալ տվյալները տրամադրելու վերաբերյալ աշխատակիցների համաձայնությունը։
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հստակ չի պատասխանում՝ կարո՞ղ էր արդյոք ծրագրի գումարն ուղղվել պարգեւատրումներին
Գրավոր հարցմամբ դիմել ենք նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը՝ խնդրելով մեկնաբանել՝ արդյոք կարո՞ղ էր Մատենադարան ինստիտուտը «Հորիզոն 2020» ծրագրով նախատեսված միջոցները ծախսել որպես պարգեւատրում։ Հարցրել ենք նաեւ, թե ինչու է Գրացի համալսարանը՝ որպես համակարգող ինստիտուտ, ծրագրի միջոցները փոխանցել Մատենադարանին նախագծի ավարտից մեկ տարից անց, եւ ինչու այդ մասին չեն ծանուցվել մասնակիցները։
Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ այս հարցը Պատվիրակության ուշադրությանն է ներկայացրել նախագծում աշխատած նախկին հետազոտողներից մեկը։ Պատվիրակությունից նշել են նաեւ, որ, ըստ իրենց հասանելի տեղեկության, ծրագրի պայմանագիրը փակված է եւ ճիշտ է իրականացված։ «Ըստ մեզ հաղորդված տեղեկության՝ Մատենադարանը գործել է պայմանագրով նախատեսված իր պարտավորությունների համաձայն»,- նշված է պատվիրակության պատասխանում:
Հարցադրումը, թե կարո՞ղ էր ԵՄ հարկատուների հարկերից գոյացած գումարն ուղղվել այլ երկրի գիտական ինստիտուտի աշխատակիցների պարգեւատրմանը, մնացել է անպատասխան։
«Ինֆոքոմը» կրկնակի հարցում է ուղարկել ԵՄ պատվիրակությանը՝ ստանալու վերոնշյալ հարցի պատասխանը։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)