Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման գործընթացը կմեկնարկի 2025-ին. Արփինե Սարգսյան
 |tert.am|
13:33 - 08 օգոստոսի, 2024

Նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման գործընթացը կմեկնարկի 2025-ին. Արփինե Սարգսյան |tert.am|

tert.am: Հայաստանում նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման գործընթացը կմեկնարկի հաջորդ տարվա մարտից, երբ արդեն հայտնի կդառնա մրցույթը հաղթած ընկերությունը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստին ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

«Նախագիծը վերաբերում է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ՀՀ քաղաքացիներին նոր ձևաչափով նույնականացման քարտեր և կենսաչափական անձնագրեր տրամադրելու ծրագրի իրականացմանը։ Այս նախագծով կարգավորվում են արդեն երկրորդ բուն մրցութային ձևաչափին վերաբերող հարցեր, որոնք թույլ կտան ավելի որակյալ իրականացնել գործընթացը և ընտրել լավագույն մատակարարին, որը կկարողանա ծառայություններ մատուցել մեր քաղաքացիներին»,-ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի մեկնարկին նախ շուկայի ուսումնասիրություն է իրականացվել՝ հասկանալու, թե ինչ մատակարարներ կան և ինչ առաջարկներ կարող են տրամադրել։ Դրա հիման վրա ձևավորվել է ծրագիրը և առաջին փուլը, որտեղ ընտրվել են որակավորված թեկնածուներին եղել է որակավորման պահանջների համապատասխանության փուլը։ «Դրա շրջանակներում ունեցել ենք միջազգային 5 առաջատար ընկերությունների հայտավորումներ, որոնք բիոմետրիկ անձնագրերի, նույնականացման քարտերի օգտագործման համակարգի ոլորտում ունեն բավական հարուստ փորձառություն»,-նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ որակավորման փուլում դուրս են բերել այն ընկերությանը, որը ծայրից ծայր ձևաչափով իրականացրել է նույնականացման բիոմետըրիկ համակարգի ներդնում․ «5 ընկերություններից որոկավորվել են 3 արտասահմանյան ընկերություն՝ երկու գերմանական և մեկ ֆրանսիական։ Ներկայում բանակցությունների փուլն է, և իրենց կողմից կա առաջարկ երկարաձգել խնդիրների և առաջարկների քննարկման փուլը, որպեսզի ՆԳՆ-ն առաջարկի հարցումը ձևակերպի շատ ավելի գրագետ և վերջնական, որովհետև այն գործընթացի ամենակարևոր փուլն է, որտեղ սխալվելու հավանականություն չեն ունենալու»:

Ըստ Սարգսյանի՝ երեք ընկերությունները իրենց առաջարկները կներկայացնեն մինչև ընթացիկ տարվա ավարտը, հաղթողը կորոշվի հաջորդ տարվա մարտին, իսկ ծառայությունների մատուցման մեկնարկը նախատեսված է 2026 թվականի մարտին։

«2026 թվականի մարտին պատրաստ լինելու դեպքում միանգամից կտա ծառայությունների մատուցման մեկնարկը, բայց ուզում եմ, որ զգուշավորությամբ վերաբերվենք այս բոլոր ժամկետներին, քանի որ մրցույթի փուլում հնարավոր են բողոքարկումներ»,- ասաց նա:

Փոխնախարարը հավելեց, որ սա նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության տրամաբանության մեջ կարևոր հենասյունային ուղղություն է, իրենք անվտանգության այնպիսի կարևոր կանոներ են նախատեսում, որոնք կբավարարեն բարձր ստանդարտներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել