Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց կտեղադրվի Երվանդ Մանարյանի արձանը
18:47 - 08 օգոստոսի, 2024

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց կտեղադրվի Երվանդ Մանարյանի արձանը

ՀՀ կառավարության որոշմամբ ավելի քան 137 մլն դրամ գումար է հատկացվել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի հարդարման, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցները տրամադրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` 2024 թվականի պետական բյուջեի հատկացումների վերաբաշխմամբ:

«Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի համար Անրի Վերնոյ 3 հասցեում բարեգործական ծրագրի շրջանակում կառուցվել է նոր շենք, սակայն ներքին հարդարման որոշակի աշխատանքներ չեն կատարվել։ Թատրոնի բնականոն գործունեության համար անհրաժեշտ շենքային և ենթակառուցվածքային բարենպաստ պայմանների ապահովման, ինչպես նաև բարերարի գործն ավարտին հասցնելու, ամբողջականացնելու նպատակով կատարված հատկացումը կկազմի  69.7 մլն  դրամ։

Այս տարի՝ օգոստոսի 10–ին, լրանում է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի ծննդյան 100–ամյակը։ Այդ կապակցությամբ նախաձեռնվել է մեծանուն արտիստի արձանի պատրաստման գործընթացը։ 2.8 մետր բարձրությամբ արձանը կտեղադրվի Երևանի Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում` Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց, սալահատակված մայթին:  Բրոնզաձույլ արձանի հեղինակը Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանյանն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել