ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Տիգրան Աբրահամյանը ՀՀ կառավարությանը գրություն-առաջարկ են ներկայացրել՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակտարածքի ապահովման պետական ծրագրում համակարգային փոփոխություններ կատարելու համար։ Այս մասին տեղեկանում ենք պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից․
«Կառավարության մշակած ծրագիրը չի տալիս ցանկալի արդյունքը. հարյուրավոր դիմումատուների ճնշող մեծամասնությունը մերժում է ստացել՝ եղած սահմանափակումների ու պահանջների պատճառով։ Բացի բնակտարածքի ապահովման հարցից օրակարգում են նաեւ՝ պարտադիր կուտակային համակարգում Արցախում կատարված վճարումների ճակատագրի ճշգրտումը, եղած սոցիալական հատկացումների շարունակականության ապահովումը, քաղաքացիության հետ կապված թնջուկի հանգուցալուծումը,
ԱՀ պետական եւ այլ ոլորտներում աշխատողների ստաժների հաշվառման հարցը ու բազում չլուծված խնդիրներ», - նշված է պատգամավորի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Գեդամ Մանուկյանը գրառմանը կից հրապարակել է նաև ՀՀ կառավարությանը ներկայացված գրություն-առաջարկը, ըստ որի նշվում է․ «Նկատի առնել ընտանիքի կազմի որոշման անհնարինությունը և բնակտարածքի ապահովման ծրագրի հիմքում անհրաժեշտություն է դնել անձին, այլ ոչ թե ընտանիքին։ Բացի այդ, պետք՝ հաշվի առնել նաև տեղահանումից հետո ՀՀ-ում ծնված երեխաներին, ինչպես նաեւ՝ ծնողների բնակելի ընդհանուր տարածքի միավորման սկզբունքը», - նշված է գրությունում և ներկայացված է 6 կետից բաղկացած առաջարկություններ․
«1. ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշման շրջանակում Ժամանակավոր պաշտպանության անցած յուրաքանչյուր անձի, ինչպես նաև բռնի տեղահանված այն անձանց, որոնք 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ բնակվել են Արցախի Հանրապետությունում: Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի հաշվարկով տրամադրել 18-22 քմ բնակելի ընհանուր տարածք (բացառությամբ միայնակ կենսաթոշակառուների և որոնց մասով ապահովել կացարանով), ինչպես նաեւ հողամասի սեփականության առկայության դեպքում բնակելի տան կառուցման և վերակառուցման համար համապատասխանաբար պահպանելով 18-22 քմ (քմ-ի համար սահմանել 300-350 հազ․ ՀՀ դրամ) տարածքը։ Միաժամանակ առաջարկվում է ձեռք բերված մեկ միավոր անշարժ գույքի մասով տրամադրել հավաստագիր 2-3 միլիոն դրամ՝ կահավորման նպատակով:
2. Բնակարանային կարիքների ապահովման ծրագրում առաջնահերթություն տալ սոցիալական եւ մատչելի բնակֆոնդի արագ ձեւավորմանը՝ սեղմ ժամկետում ապահովելով պետական լայնածավալ աջակցություն կառուցապատման աշխատանքներին, իսկ սահամանմերձ համայքներում երկրորդային շուկայից բնակելի տուն ձեռք բերելու դեպքում՝ վաճառողի մասով կիրառել պարտադիր պայման 2-րդ բնակելի տան առկայությունը։
3. Սահմանել նաեւ, որ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պահանջը իրականացվի սեփականության իրավունքի գրանցմանը զուգահեռ։
4. Ծրագրում պարտադիր սահմանել առաջնահերթություններ զոհվածների, անհայտ կորածների, քաղաքացիական զոհերի, զինվորական հաշմանդամների եւ բազմազավակ ընտանիքների համար:
5. Սահմանամերձ համայքներում բնակելի տուն ձեռք բերելու դեպքում հնարավորություն սահմանել քմ չափով ավելացած գումարները ուղղել տրանսպորտային միջոցների ձեռք բերմանը, գյուղատնտեսական եւ բիզնես ծրագրերի իրականացմանը։
6. Առանց կրճատումների շարունակել բնակվարձի եւ կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության գործող ծրագիրը՝ մինչեւ բնակարան ձեռք բերելը, իսկ ծրագրի վերջնաժամկետ սահմանել 2028թ հունվարի 1-ը», - գրված է գրություն-առաջարկում, որտեղ նաև նշվում է՝ ծրագրի նախագիծը պետք է դրվի հանրային լայն և մանրակրկիտ քննարկման։
comment.count (0)