Երկրաշարժից Երանոս գյուղում 50-ից ավելի տուն է վնասվել |factor.am|
18:09 - 12 օգոստոսի, 2024

Երկրաշարժից Երանոս գյուղում 50-ից ավելի տուն է վնասվել |factor.am|

factor.am: Գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում 50-ից ավելի տուն է վնասվել, որոշ մասը՝ փլուզվել, այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեցին գյուղապետարանից։

Երանոսի վարչական ղեկավարի հետ զրուցել չհաջողվեց, մեզ փոխանցեցին, որ վնասի գնահատման հանձնաժողով է ստեղծվել, մարզային ներկայացուցիչները համայնքի ղեկավարի հետ շրջում են գյուղում, որպեսզի գնահատեն պատճառված վնասները։ Երկրաշարժի հետևանքների վերաբերյալ փորձեցինք խոսել գյուղացիներից մեկի հետ, նա այսպես արձագանքեց․ «Գիշերը ժամը 02:00-ից չեմ քնել, սթրեսի մեջ եմ։ Վախեցած ենք»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 02:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:02-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․20⁰ և արևելյան երկայնության 45.22⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ըստ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տվյալների՝ այս պահի դրությամբ ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում, որը կարող է զգացվել բնակչության կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել