tert.am: ՌԴ նախագահը Կուրսկի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել ուժայինների հետ և հայտարարել, որ պաշտպանության նախարարության գլխավոր խնդիրը հակառակորդին Կուրսկի մարզի տարածքից դուրս մղելն է։
«Տեղի ունեցող իրադարձությունների գնահատականը պետք է անպայման տրվի, և դա կարվի, բայց հիմա գլխավորը արդիական խնդիրների լուծումն է, որոնք ձևավորվում են տվյալ պահին և ելնելով իրավիճակի զարգացման կանխատեսումներից։
Պաշտպանության նախարարության գլխավոր խնդիրն է հակառակորդին դուրս մղել մեր տարածքներից և սահմանապահ ծառայության հետ համատեղ ապահովել պետական սահմանի հուսալի պաշտպանություն», - ասել Է Պուտինը օպերատիվ խորհրդակցության ժամանակ։
Նրա խոսքով` Կուրսկի մարզում տիրող իրավիճակը ցույց է տալիս, թե ինչու է Կիևի ռեժիմը հրաժարվել Մոսկվայի և միջնորդների առաջարկներից: Պուտինն ընդգծել է, որ Կիևը, Կուրսկի մարզի վրա հարձակվելով, փորձում է բարելավել իր դիրքերը ապագա բանակցություններում:
«Կիևի ակցիան ռուսական զորքերի հարձակումը կասեցնելու ռազմական նպատակ է հետապնդում.․. Կուրսկի մարզի իրադարձություններից հետո շփման գծի ողջ երկայնքով հարձակման տեմպերը ոչ միայն չեն նվազել, այլև աճել են 1,5 անգամ», - ասել է նա` հավելելով, որ Ռուսաստանի համար ակնհայտ է, որ հակառակորդը շարունակելու է փորձել ապակայունացնել իրավիճակը սահմանամերձ շրջաններում։
ՌԴ նախագահը չի բացառել սահմանամերձ շրջանների վրա ուկրաինական նոր հարձակումների հնարավորությունը․ դրանց պետք է պատրաստ լինել, այդ թվում՝ Բրյանսկի մարզում։ Նրա խոսքով ՝ Բրյանսկի մարզում առկա հարաբերական անդորրն այսօր չի երաշխավորում, որ նման իրավիճակը կպահպանվի. պետք է պատրաստվել տարբեր սցենարների:
comment.count (0)