Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակել 44-օրյա պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանի նկատմամբ։
Գաբրիելյանը, հիշեցնենք, պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարի պաշտոնը։ Այժմ նա մեղադրվում է ռազմական դրության պայմաններում պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, որի հետեւանքով նրան վստահված բնագիծն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, արձանագրվել են անձնակազմի եւ տեխնիկայի կորուստներ։ Մասնավորապես, 22 զինծառայող զոհվել է, 3-ը համարվում է անհետ կորած, իսկ պետությանը պատճառվել է ավելի քան 33 միլիոն ՀՀ դրամի նյութական վնաս։
Հովիկ Գաբրիելյանն անազատության մեջ է արդեն 10 ամիս եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Վերջին ամիսներին հոգեվիճակի վատթարացմամբ պայմանավորված՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից նրան տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»։ Բժիշկների արձանագրումները հաշվի առնելով՝ ՔԿՀ–ի պետը գրություն է հասցեագրել դատարանին, որն էլ հիմք է հանդիսացել փորձաքննության համար։
Դատավոր Վարդգես Սարգսյանը
Այսօրվա դատական նիստին դատավոր Վարդգես Սարգսյանը տեղեկացրեց, որ փորձաքննությունն իրականացվելու է սեպտեմբերի 4-ին Առողջապահության նախարարությանը կից ստացիոնար հոգեբուժական հանձնաժողովի կողմից։ Դատավորը մեղադրյալին պարզաբանեց՝ մինչ այդ նա կշարունակվի պահվել «Դատապարտյալների հիվանդանոցում», իսկ այդ օրը կտեղափոխվի բժշկական համապատասխան հաստատություն, նաեւ հետաքրքրվեց՝ կա՞ որեւէ խնդիր, հանգամանք, որը նա կուզի բարձրաձայնել դատարանի ուշադրությունը դրա վրա հրավիրելով․
– Բացարձակ շնչելու հնարավորություն չկա, – ասաց մեղադրյալը։
– Դատապարտյալների հիվանդանոցո՞ւմ,– հարցրեց դատավորը։
– Ամեն տեղ, 10 ամիս է՝ ես դիմադրում եմ ու ձայն չեմ հանում, բայց էլ հնարավոր չէ,– պատասխանեց Գաբրիելյանը։
Դատավորը նիստերի դահլիճում գտնվող անձանց դուրս հրավիրեց՝ դռնփակ ռեժիմով հասկանալու համար, թե ինչ ենթատեքստ ունի Գաբրիելյանի այս պատասխանը։
Ավելի ուշ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը մեզ տեղեկացրեց՝ իրենք սկզբնապես դեմ են եղել փորձաքննության նշանակմանը․ Գաբրլելյանը պնդել է, որ ինքն առողջ է։ Բացի այդ, չեն ցանկացել տպավորություն ստեղծել, թե փորձաքննություն նշանակելը սոսկ պաշտպանական մարտավարություն է։ Հետագայում, սակայն, չեն առարկել։
Ձախից՝ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը
Փորձաքննության նշանակմանը կողմ են եղել նաեւ մեղադրող եւ տուժող կողմերը։ Հանրային մեղադրողի համոզմամբ, սակայն, գրության մեջ նշված առողջական խնդիրը առերեւույթ նույնական չէ կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում Կառավարության որոշմամբ ներառված խնդրի հետ։
Վերադառնալով դռնբաց ռեժիմին՝ դատարանը շարունակեց քննել Գաբրիելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության հարցը։ Նախորդ նիստին պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել այն տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ, այսօր միայն հավելեց՝ միջնորդությունը մերժելու դեպքում երկարաձգել գոնե ոչ առավելագույն ժամկետով, որպեսզի փորձաքննության արդյունքների հիման վրա այդ հարցին կրկին անդրադառնան։
Հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանն առարկեց միջնորդության դեմ՝ պնդելով, որ խափանման միջոց կիրառելու պայմանները շարունակում են առկա լինել․ դա, ըստ նրա, անհրաժեշտ է մեղադրյալի փախուստը կանխելու եւ մեղադրյալի կողմից իր վրա քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար․ «Վկաները, մասնավորապես՝ ծառայողական կախվածության կամ ծառայողական հարաբերությունների մեջ գտնվողները, ամբողջությամբ չեն հարցաքննվել, ինչի մասին առկա է Եվրոպական դատարանի նախադեպային որոշում Խանզադյանի գործով եւ Վճռաբեկ դատարանի որոշում Իշխան Վահանյանի գործով»,– նշեց մեղադրողը՝ ընդգծելով, որ այլընտրանքային խափանման միջոցները եւս չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
Ձախից՝ տուժողի իրավահաջորդ Հրաչիկ Բաղդասարյանը, հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը
Տուժող կողմը միջնորդության վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց։
Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց պաշտպանի միջնորդությունը մերժել, իսկ հանրային մեղադրողինը բավարարել: Հովիկ Գաբրիելյանի կալանավորման ժամկետը երկարաձգվեց եւս 3 ամսով՝ մինչ նոյեմբերի 16-ը․ «Դատարանը գտնում է, որ իրավաչափության պայմանները փոփոխության չեն ենթարկվել այն աստիճան, որ հնարավորության տան եզրահանգման գալու, որ անձնական ազատությունը նվազ սահմանափակող միջոցով հնարավոր է ապահովել խափանման միջոցի իրավաչափության հիմքերը»,– ասաց դատավոր Սարգսյանը։
Դիմելով մեղադրյալին՝ Սարգսյանը պարզաբանեց իր որոշումը․ «Հաշվի առնելով, որ Վերաքննիչ դատարանը համաձայնել է ինձ հետ (մերժել է կալանավորումը երկարաձգելու նախորդ որոշման դեմ պաշտպանի բողոքը,– հեղ․)՝ ինձ մոտ համոզմունք է ձեւավորվում, որ ես դեռեւս չեմ սխալվել, բայց դա չի նշանակում, որ Վերաքննիչ դատարանը հնարավորություն չունի կրկին անդրադառնալու, գուցե հետագայում գտնի, որ սխալվել եմ, մնացածը ժամանակի հարց է»,– ասաց նա։
Անդրադառնալով պաշտպանի խնդրանքին՝ դատավորն ասաց՝ այս պահին չի տեսնում կալանքը առավելագույն ժամկետով չերկարաձգելու որեւէ պատճառ, սակայն եթե այս 3 ամսվա ընթացքում փորձաքննության եզրակացությունը ստացվի, վկաները հարցաքննվեն կամ ի հայտ գան նոր հանգամանքներ, իրենք զրկված չեն խափանման միջոցի փոփոխության հարցին կրկին անդրադառնալուց․ «Եզրակացությունը մի շարք հարցերի պատասխաններ կտա»,– նշեց դատավորը։
Պաշտպան Խաչիկյանի խնդրանքին՝ հետեւողական լինել փորձաքննությունը հնարավորինս սեղմ ժամկետներում անելու հարցում, դատավորը արձագանքեց՝ ասելով, որ արդեն իսկ քայլեր է ձեռնարկել փորձաքննությունը արտահերթ նշանակելու համար՝ հաշվի առնելով, որ անձը գտնվում է անազատության մեջ, եւ արդյունքները շատ կարեւոր են թե՛ անձի, թե՛ դատարանի համար։
Այսօր պետք է շարունակվեր նաեւ վկաների հարցաքննությունը, դատակոչված էր փոխգնդապետ Կոլյա Դավթյանը։ Սակայն դատարանը գրություն էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարից, որով վերջինս տեղեկացրել էր, որ Դավթյանը գտնվում է մարտական հերթապահության մեջ եւ այսօրվա նիստին ներկայանալ չի կարող։ Վկայի բացակայությունը դատարանը համարեց հարգելի։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 2-ին։
Գլխավոր լուսանկարում՝ Հովիկ Գաբրիելյանը
Միլենա Խաչիկյան
comment.count (0)