ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ և Աշոցք-Ամասիա տեղամասերի սահմանային ներկայացուցիչ է նշանակվել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետը: Համապատասխան որոշման նախագծում սահմանային ներկայացուցչի անունը չի նշվում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում զինծառայողները պարբերաբար փոխատեղության կամ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված տեղափոխվում են ծառայության մեկ վայրից մյուսը։
Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ նշանակվող զինծառայողի ամբողջական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը գրավոր կներկայացվի վրացական կողմին՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև՝ սահմանային ներկայացուցիչների` սահմանային կոմիսարների գործունեության մասին» համաձայնագրի 1-ին հոդվածի պահանջների:
Այս որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ սահմանային ներկայացուցիչ նշանակված գնդապետ Էդգար Հունանյանի՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում այլ պաշտոնում աշխատանքի անցնելու հանգամանքով:
Հիմնավորման մեջ ասված է, որ նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն հայ-վրացական պետական սահմանում սահմանային ներկայացուցիչ նշանակելու հետ կապված հարաբերությունները:
comment.count (0)