Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի կինը՝ Սոսէ Բաղդասարյանը, 2023 թվականի տարեկան հայտարարագրում նշել է, որ 5.4 մլն դրամով վաճառել է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա, որը, սակայն, ըստ նախկինում ներկայացրած հայտարարագրերի, չի ունեցել։
«Նիսսան» մակնիշի ավտոմեքենան հայտարարագրված չի եղել ինչպես 2023 թվականի, այնպես էլ նախորդ տարիների հայտարարագրերում։ 2018 թվականին Սոսէ Բաղդասարյանը չի ներկայացրել պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը։
2023 թվականի ընթացքում Սոսէ Բաղդասրայանը 10.6 մլն դրամով գնել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա այն դեպքում, երբ վերջինիս տարեկան հայտարարագրած եկամուտները կազմել են 4.3 մլն դրամ։ Եթե հաշվենք նաև հայտարարագրերում բացակայող, բայց օտարված ավտոմեքենայի իրացումից ստացված եկամուտը, ապա ընդհանուր եկամուտը կկազմի առավելագույնը 9.8 միլիոն դրամ։ Տարվա ընթացքում չեն նվազել նաև Սոսէ Բաղդասրայանի ունեցած դրամական միջոցները։ Այսինքն՝ վերջինիս՝ ավտոմեքենայի համար ծախսած ավելի քան 800 հազար դրամի ծագման աղբյուրն անհայտ է։
Եթե նույնիսկ Արմեն Փամբուխչյանի և նրա կնոջ հայտարարագրած միջոցները դիտարկենք մեկ ընդհանուր տնտեսության տրամաբանությամբ, ապա նրանց իրականացրած ծախսերից առնվազն 873 հազար 403 դրամի աղբյուրը չի արտացոլվում 2023 թվականի տարեկան հայտարարագրերում։ Ավելին, ստացվում է, որ Արմեն Փամբուխչյանի ընտանիքը տարվա ընթացքում որևէ ընթացիկ/առօրյա ծախս չի իրականացրել. օրինակ՝ ձեռք բերված ավտոմեքենայի վառելիքի ծախս կամ սննդի/հագուստի ծախս։
Սոսէ Բաղդասարյանը իր 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշել է, որ տարեսկզբի և տարեվերջի դրությամբ ունեցել է համատեղ սեփականութամբ ձեռք բերված բնակարան։
2020 թվականին և դրանից հետո ներկայացրած հայտարարագրերում, սակայն, Սոսէ Բաղդասարյանը անշարժ գույք չի հայտարարագրել։ Արդյոք օտարվե՞լ է այդ բնակարանը, եթե այո, ապա ի՞նչ եղանակով։ Այս հարցերի պատասխանը ՍոսԷ Բաղդասարյանի հայտարարագրերում ներկայացված տվյալներից հասկանալ հնարավոր չէ։
Հայտարարագրերի մասին հարցումներ ենք ուղարկել թե՛ Սոսէ Բաղդասարյանին և թե՛ Արմեն Փամբուխչյանին։ Նրանցից ոչ մեկը մեր հարցերին չի պատասխանել։
Սոսէ Բաղդասարյանի եկամուտները գոյանում են Հանրային հեռուստաընկերությանը և «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ին մատուցած ծառայություններից։ 2022 և 2023 թվականներին Բաղդասարյանը ընդհանուր առմամբ 885 հազար դրամի վարձատրություն է ստացել «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությունից, 9,5 մլն դրամ էլ՝ Հանրային հեռուստաընկերությունից։
2018 թվականի մայիսին հիմնադրված այս ընկերությունը անվանափոխվել է 2022 թվականին, փոխվել են նաև բաժնետերերը և տնօրենը։ Ընկերության բաժնետերերից մեկը Վազգեն Պողոսյանն է, իսկ մյուսը՝ նրա կինը՝ Մարինե Ստեփանյանը։ «Բեգրաունդ Փրոդաքշնը» 2019 թվականից միլիարդավոր դրամների հասնող գնումների պայմանագրեր է կնքում Վարչապետի աշխատակազմի, Երևանի քաղաքապետարանի, Հանրային հեռուստաընկերության, ԿԳՄՍ նախարարության և Ֆինանսների նախարարության հետ։ Կնքված պայմանագրերի մեծ մասը «մեկ անձ» կամ «հրատապ մեկ անձ» ընթացակարգերով են։
Այս ընկերությունն է կազմակերպել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության, ՎԶԵԲ կառավարիչների տարեկան խորհրդի հանդիպման արարողությունները, սպորտային, մշակութային և մի շարք այլ միջոցառումներ։
Ըստ էլեկտրոնային գնումների համակարգի՝ ընկերությունը գերատեսչությունների հետ կնքել է 12 պայմանագիր, որոնցից 10-ը՝ «մեկ անձ» գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 4 մլրդ դրամ։
Հեղինակ՝ Ջուլիետտա Հովհաննիսյան
comment.count (0)