factor.am: Աստանայում Բելառուսի դեսպան Պավել Ուտյուպինը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ այն բանից հետո, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական պետական «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ԱՊՀ-ն ցանկանում է «ինչ-որ բան վերցնել Ռուսաստանից, բայց փոխարենը ոչինչ չտալ»։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ղազախստանը վարում է հավասարակշռված և խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար նորմերին համապատասխան։ Մեր երկիրը հաստատապես համոզված է, որ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Ղազախստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Մուրատ Նուրթլեուն։
Աստանան ընդգծել է, որ Ղազախստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքական կուրսը ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում ապացուցել է իր արդյունավետությունը։ Այս արձագանքը հաջորդել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հարցազրույցին, որտեղ նա քննադատել է հետխորհրդային մի քանի պետությունների արտաքին քաղաքականությունը՝ նշելով, մասնավորապես, Ղազախստանը։ «Մենք իրարանցում չենք սկսում, ինչպես մեր որոշ հետխորհրդային պետություններ, նրանք ուզում են ինչ-որ բան վերցնել Ռուսաստանից, բայց դրա դիմաց ոչ մի բան չտալ։ Այդպես չի ստացվի։ Եկեք միասին լինենք։ Ժամանակները հեռու չեն, երբ դուք նորից կգաք նույն Ռուսաստանի մոտ և կխնդրեք աջակցություն ու օգնություն»,- ասել էր Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարը նաև նշել է, թե երբ «ինչ-որ բան տեղի ունեցավ Ղազախստանում», Աստանան դիմեց ոչ թե Չինաստանին, Հնդկաստանին կամ Պակիստանին, այլ Մոսկվային և Մինսկին։ «Պուտի՛ն, Լուկաշենկո՛, օգնեք։ Եվ մենք կես օրվա ընթացքում այնտեղ տեղափոխեցինք [ՀԱՊԿ խաղաղապահներին], մեր ինքնաթիռներն արդեն վայրէջք էին կատարում այնտեղ՝ Ղազախստանում։ Հանգստացան»,- հայտարարել է Լուկաշենկոն։
Ուկրաինան Բելառուսին կոչ է արել հետ քաշել զորքերը սահմանից |armenpress.am|
10:53 - 26 օգոստոսի, 2024
comment.count (0)