Գիտական ստեղծագործությունները հեղինակային իրավունքի օբյեկտներ են։ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը սահմանում է․ «Ուրիշի ստեղծագործությունից մտքեր, հատվածներ քաղելը առանց դրանց ստեղծագործական վերամշակման և առանց ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման և որպես իրենը ներկայացնելը կամ ստեղծագործությունն ամբողջությամբ իր անունով ներկայացնելը համարվում է գրագողություն»։
Հայաստանում և աշխարհում գրագողությունը նոր երևույթ չէ, սակայն այս մասին խոսակցություններն ակտիվացան վերջին ամիսներին՝ պայմանավորված Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարի հոդվածներում գրագողության դեպքերի մասին հրապարակմամբ ու դրա շուրջ քննարկումներով։
Նախապատմությունը
Արդեն մի քանի ամիս է, ինչ պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Հարությունյանը Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարն է։ Հունիսին տեղի են ունեցել ինստիտուտի տնօրենի ընտրություններ, որոնց ժամանակ վերջինս նաև եղել է թեկնածուներից մեկը։ Ընտրությունների արդյունքում, սակայն, ԳԱԱ նախագահությունը չի ընտրել թեկնածուներից ոչ մեկին, և առաջիկայում սպասվում են նոր ընտրություններ։
Մինչ տեղի կունենան նոր ընտրությունները, մամուլում հուլիսին հրապարակում եղավ այն մասին, որ Լիլիթ Հարությունյանի հեղինակած գիտական հինգ հոդվածներում առկա են գրագողության դեպքեր։ Հրապարակման մեջ նաև նշված էին այն հոդվածները, որոնցից, ենթադրաբար, արտագրություններ են տեղի ունեցել։
«Ինֆոքոմն» ուսումնասիրեց հրապարակման մեջ նշված հոդվածներից երկուսը։ Մեր համեմատությունն այս երկու հոդվածի օրինակով ցույց տվեց, որ դրանք արտագրված են արսասահմանյան հեղինակների՝ ավելի վաղ հրապարակված հոդվածներից՝ չնչին փոփոխություններով. որոշ բառեր փոխարինված են հոմանիշներով, անձնանունների ու տեղանունների գրության այլ ձևեր են ընտրված և այլն։
Այս հղումով կարող եք գտնել նշված երկու հոդվածներն ու կարդալ, թե ինչպես է կատարվել համեմատությունը։
Հոդվածների ուսումնասիրությունից հետո մենք դրանցից մեկն ու առերևույթ սկզբնաղբյուրն ուղարկեցինք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ խնդրելով մեկնաբանել, թե արդյո՞ք Կոմիտեն կարծում է, որ գրագողություն է տեղի ունեցել։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Կոմիտեից հայտնեցին՝ Լիլիթ Հարությունյանի հոդվածներում գրագողության հնարավոր դեպքերի վերաբերյալ նյութերի ուսումնասիրման նպատակով ԳԱԱ նախագահի` հուլիսի 10-ի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով։
«Ներկայացված նյութերում բերված, Լ. Հարությունյանի հեղինակած հոդվածներում առկա են այլ հեղինակների կողմից ավելի վաղ հրապարակված հոդվածների հետ բովանդակային և բառացի-տեքստային ակնհայտ համընկնումներ` առանց պատշաճ հղումների (գրագողություն)»,- նշվում է ԳԱԱ-ում ձևավորված հանձնաժողովի եզրակացության մեջ։
Մեր հարցման պատասխանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից նաև նշել էին, որ «խստիվ դատապարտում են ակադեմիական ազնվության և բարեվարքության սկզբունքները խախտող որևէ գործունեություն»:
«Ինֆոքոմն» այս դեպքի, ինչպես նաև գրագողության երևույթի ու դրա դեմ պայքարի, հայկական գիտական ամսագրերի խնդիրների մասին զրուցել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի, ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանի, Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Հարությունյանի, տնօրենի թեկնածու Գոռ Մարգարյանի և Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախկին նախագահ Սմբատ Գոգյանի հետ։
Գրագողության դեպքեր․ բարձրաձայնե՞լ, թե՞ ոչ
Սմբատ Գոգյանն ասում է՝ նման դեպքերը, երբ գիտնականները վերցնում են այլ հեղինակների գործերը, որոշ բառեր փոխարինում հոմանիշներով, մի քանի հղումներ փոխում և որպես իրենց հոդված ներկայացնում, Հայաստանում տարածված պրատիկա է։
ԳԱԱ ակադիմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը նշում է, որ Ակադեմիայի համակարգի գիտնականներից նախագահությունը գրագողության դեպքերի մասին ժամանակ առ ժամանակ նամակներ ստանում է։ Նրա խոսքով նախագահությունն այդ դեպքերի հետևից գնում է ու ստուգում։ Հարցին, թե արդյո՞ք դա գրագողություն կատարած գիտնականների համար հետևանքներ ունենում է, ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը պատասխանում է․ «Իհարկե ունենում է»։
Իսկ թե ինչպիսին են այդ հետևանքները, նա հրաժարվում է մեկնաբանել՝ նշելով, որ դա ԳԱԱ ներքին հարցն է, և կարիք չկա հանրայնացնելու։
Լիլիթ Հարությունյանի կողմից գրագողության կատարելու մասին առաջին անգամ բարձրաձայնել է Արևելագիտության ինստիտուտի տնօրենի մյուս թեկնածուն՝ պատմական գիտությունների թեկնածու Գոռ Մարգարյանը, որն այդ մասին դիմում է ուղարկել վարչապետի աշխատակազմ։ Վարչապետի աշխատակազմից էլ դիմումը հասցեագրվել է ԳԱԱ-ին ու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին։
Արթուր Իշխանյանը պատմում է, որ հուլիսին պետք է ինստիտուտի տնօրենի ընտրության հարցով նախագահության նիստ տեղի ունենար, սակայն ԳԱԱ նախագահությունը անծանոթ էլեկտրոնային հասցեներից անստորագիր նամակներ է ստացել այս դեպքի մասին և չեղարկել նիստը։
Այնուհետև նախագահությունը հանձնաժողով է ստեղծել, որը սկսել է քննել վարչապետի աշխատակազմ ուղարկված գրության մեջ և անստորագիր նամակներում նշված հոդվածները՝ հաստատելով գրագողության փաստը։
Տնօրենի թեկնածուի կողմից այս դեպքի հանրայնացումն, ըստ Արթուր Իշխանյանի, տեղի է ունեցել «ակադեմիական վարվելակերպի տեսակետից անընդունելի եղանակով, որովհետև խախտված է ակադեմիական իրազեկման ներքին կարգը»։
«Աշխարհում ընդունված կարգը ներքին իրազեկման կարգն է»,- նշում է նա։
Դիտարկմանը, թե Հայաստանում գիտությունն իրականացվում է հանրային միջոցների հաշվին, հետևաբար թափանցիկության և հաշվետվողականության տեսանկյունից գուցե ավելի ընդունելի տարբերակ է բարձրաձայնել այդ դեպքերի մասին, ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը պատասխանում է․ «Պատկերացրեք, որ ինչ-որ թերացման արդյունքում սահմանում զորքերի ինչ-որ հատվածում կա բաց տարածք։ Դրա հանրայնացումը հակառակորդին միանգամից հնարավորություն է տալու ներխուժել այդտեղ»։
Հարցին, թե արդյո՞ք այս երկու օրինակները համեմատելի են, Արթուր Իշխանյանը պատասխանում է․ «Ակադեմիան հանդիսանում է գիտության կարևոր կազմակերպիչ, և որոշումները կայացվում են՝ հաշվի առնելով շատ տարբեր հանգամանքներ։ Այդ տարբեր հանգամանքների բալանսն ասում է, որ տվյալ դեպքում հանրայնացնել պետք չէ։ ․․․․ Դա կարող է վնաս հասցնել համակարգին»։
Ինքը՝ Գոռ Մարգարյանը, չի կարծում, թե այս հարցը պետք է ներքին կարգով քննարկվեր ու լուծում ստանար։ Նրա խոսքով ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքում տեղյակ են, որ Արևելագիտության ինստիտուտում երբեմն գրագողության վերաբերյալ խնդիրներ են առաջանում և բարձրաձայնվում։
«Ո՞ւմ պիտի տեղյակ պահեի և ակնկալեի, որ հարցին ներքին կարգով լուծում պիտի տրվեր։ Սա Գիտությունների ակադեմիա է, աստեղ ներքին կարգով հարցերը լուծելու տեղ չէ՛։ [Արևելագիտության] ինստիտուտում ընդամենը երկու օր առաջ գործընկերներիցս մեկը դատապարտում էր ինձ, որ ես գրագողությունը բացահայտել եմ։ Հասկանու՞մ եք՝ ինչ է տեղի ունենում․ մարդիկ ինստիտուտում քայլ են նախաձեռնել՝ հաջակցություն Լիլիթ Հարությունյանի և դատապարտելով գրագողությունը բացահայտելու իմ քայլը։ Բառացիորեն երկու օր առաջ ինստիտուտի հարգարժան գիտությունների դոկտորներից մեկը համարեց, որ գրագողություն բացահայտելը «զազրախոս հաչոց է»։ Դուք ակնկալում եք, որ նման միջավայրում ներքին կարգերով հարցե՞ր պիտի լուծվեն։ Ես դեմ եմ ներքին կարգերով հարցեր լուծելուն․ ես կողմ եմ այսօրվա հանրահռչակված գիտության քաղաքականությանը»,- նշում է նա։
Գոռ Մարգարյանը շեշտում է նաև այն հանգամանքը, որ Արևելագիտության ինստիտուտի ընտրությունների գործընթացում ԳԱԱ նախագահությունից կողմնակալ վերաբերմունք ու ճնշումներ է նկատել։ Հարցին, թե ինչ ճնշումների կամ կողմնակալ վերաբերմունքի մասին է խոսքը, նա պատասխանում է՝ ընտրությունների երկրորդ՝ խորհրդատվական փուլի օրն ու ժամն իրենից գաղտնի են պահել, չնայած որ այն որոշված էր դեռ մեկ շաբաթ առաջ։ Գոռ Մարգարյանի խոսքով միայն ինստիտուտին ուղարկած հարցումից հետո են իրեն զանգով տեղեկացրել, որ այդ օրն ընտրությունների երկրորդ փուլն է, երբ պիտի թեկնածուներն իրենց ծրագրերը ներկայացնեին, և բաժանմունքը թեկնածուների երաշխավորեր վերջնական ընտրության համար։
«Ընթացակարգը նախատեսում է, որ ինստիտուտից թեկնածուների հետ պետք է ներկայանա ոչ ավելի, քան հինգ ներկայացուցիչ։ Երբ որ ես այդ նիստին գնացել եմ, հինգ ներկայացուցիչներն արդեն ընտրված, նիստին ներկա են եղել, ներկա է եղել Լիլիթ Հարությունյանը, իսկ ինձ այդ մասին միայն այդ օրը (հուլիսի 2-ին,- խմբ․), այն էլ ինստիտուտին ուղարկված հարցումից հետո, ժամը տասի կողմը զանգել են և ասել՝ դու գիտե՞ս որ այսօր ընտրության երկրորդ փուլն է»,- պատմում է նա։
«Ինֆոքոմն» այս դեպքի և ԳԱԱ-ում ձևավորված հանձնաժողովի որոշման մասին մեկնաբանություն խնդրեց նաև խնդրո առարկա հոդվածների հեղինակ, Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Հարությունյանից։ Վերջինիս կարծիքով այս ամենը տեղի է ունենում տնօրենի ընտրությունների պատճառով։
«Տնօրենի ընտրությունների հետ կապված գործընթացում թեկնածուներից մեկը (նկատի ունի Գոռ Մարգարյանին,- խմբ․) փորձեց շահարկել հոդվածներում համընկնումների թեման, ինչը նպատակ ուներ այդ գործիքակազմը օգտագործել ընտրական գործընթացում որոշակիորեն ավելի քիչ ձայներ հավաքած և գիտական կոլեկտիվում առաջադրման համար մերժված թեկնածուի համար այդ ճանապարհով որոշակի հանրային հնչեղություն հարցին տալ»,- նշում է նա։
Լիլիթ Հարությունյանը կարծում է, որ գիտական հոդվածներում համընկնումների կարգավորման մեխանիզմներ չկան, և գիտական ինստիտուտներում չկա ներդրված միասնական համակարգ կամ գործիքակազմ՝ համընկնումները ստուգելու համար
«[Ամսագրերի] խմբագրություններն իրենց ձեռքի տակ եղած գործիքակազմով փորձում են ստուգել հոդվածները, դրանք բերել չափման որոշակի, այսպես կոչված, ձևաչափի և տպագրել։ Այն թեկնածուն, որ այդ թեման արծարծել է, երկար տարիներ եղել է Արևելագիտության ինստիտուտի գիտական քարտուղար, ապա նաև փոխտնօրեն և վերջին շրջանում նաև եղել է ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար։ Եթե այդպիսի խնդիրներ են եղել, ապա նա իր լիազորությունների շրջանակներում պետք է անդրադառնար այդ թեմային և նպաստեր, որ ինստիտուտը ունենար համակարգ, գործիքակազմ, որպեսզի կարողանային բոլոր հոդվածները ստուգվել և բերվել նորմալ չափորոշիչների»,- ասում է նա։
Լիլիթ Հարությունյանը կարծում է, որ այս խնդիրը ոչ թե պետք է բարձրաձայնվեր հանրային տիրույթում, այլ քննարկվեր ու լուծում ստանար համակարգի ներսում։
Հարցին՝ արդյո՞ք ընդունում է ԳԱԱ-ում ձևավորված հանձնաժողովի եզրակացությունը, որ իր հոդվածներում այլ հեղինակների աշխատանքների հետ համընկնումներ կան, ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարը պատասխանում է․ «Հոդվածներում որոշակի համընկնումներ կան, բայց դրանք վերջին շրջանում միգուցե նաև մեր սթրեսային աշխատանքի արդյունքում են։ Ես ընդունում եմ, որ հավանաբար, շատ ուշադիր չեմ եղել, բայց իմ հոդվածը որոշակի շտկումներից հետո ուղարկվել է նաև խմբագրման, խմբագրումից հետո համակարգը ցույց է տվել [համընկնումների] ընդունելի չափ, այդ գործիքակազմով ստուգվել է և հրատարակվել է։ Բայց, այո՛, որոշակի խնդիրներ, թերևս բացթողումներ եղել են։ Այսուհետև ես ավելի ուշադիր կլինեմ և որոշակի գործիքակազմի ներդրմամբ նաև կփորձեմ հոդվածները այս տեսանկյունից անխոցելի դարձնել»։
Ի պատասխան Լիլիթ Հարությունյանի այս մեկնաբանության` մենք նշեցինք, որ մեր ուսումնասիրությունը երկու հոդվածի օրինակով ցույց է տալիս մոտ 90% համընկնում, և այս դեպքում խոսքը ոչ թե ինչ-որ հատվածներ առանց հղումների հոդվածում ներկայացնելու, այլ տեքստերի գրեթե ամբողջական համապատասխանության մասին է։ Այս դիտարկումը նա հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով, որ արդեն պատասխանել է մեր բոլոր հարցերին։
Իսկ հարցին, թե արդյո՞ք առաջադրելու է իր թեկնածությունը Արևելագիտության ինստիտուտի տնօրենի սպասվող ընտրություններում, Լիլիթ Հարությունյանը պատասխանեց` դեռ չի որոշել։
Գոռ Մարգարյանը նշում է՝ այս դեպքի բացահայտումից հետո ԳԱԱ նախագահությունը մեղադրանքների սլաքն ուղղել է իր դեմ հենց Լիլիթ Հարությունյանի բերած այն հիմնավորումներով, որ ինքն Արևելագիտության ինստիտուտւմ վարչական պաշտոններ է զբաղեցրել և ինչ-որ հատված եղել է տնօրենի պաշտոնակատարը։
«Ամբողջ պատասխանատվությամբ հայտնում եմ, որ գիտքարտուղարների, փոխտնօրենների վրա նման պարտավորություն չկա։ Բացի այդ՝ Լիլիթ Հարությունյանի հոդվածների մեծ մասը հրատարակվել է «Ժամանակակից Եվրասիա» պարբերականում։ Հոդվածները, ըստ իրենց նշումների, գրախոսվել են, հրատարակվել են գլխավոր խմբագրի պատասխանատվությամբ, ինչպես խմբագրակազմը և կայքն է վստահեցնում, գրագրողությունը ստուգող ծրագրի կողմից ստուգվելուց հետո։ Ես որքանո՞վ եմ պատասխանատվություն կրում Լիլիթ Հարությունյանի գրագողության համար։ Ծիծաղելի է ուղղակի արդեն հրատարակված հոդվածի համար հետահայաց մեղադրել ինստիտուտի վարչական պաշտոն զբաղեցնող մարդուն»,- նշում է նա։
Պետական ու գիտական կառույցների արձագանքը գրագողության դեպքին
Ինչպես արդեն նշեցինք, ԳԱԱ-ում ձևավորված հանձնաժողովը հաստատել է, որ Լիլիթ Հարությունյանի հոդվածներում «առկա են այլ հեղինակների կողմից ավելի վաղ հրապարակված հոդվածների հետ բովանդակային և բառացի-տեքստային ակնհայտ համընկնումներ` առանց պատշաճ հղումների»։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն էլ «խստիվ դատապարտել է ակադեմիական ազնվության և բարեվարքության սկզբունքները խախտող որևէ գործունեություն»:
Հանձնաժողովի ուսումնասիրած հոդվածների մեծ մասը «գրվել» է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի թեմատիկ դրամաշնորհի շրջանակում և ներկայացվել որպես այդ դրամաշնորհային ծրագրի հաշվետվություն։
Բարձագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն ասում է, որ Կոմիտեն այդ հոդվածները չի համարելու որպես հաշվետվություն և Լիլիթ Հարությունյանից պահանջելու է նոր հոդվածներ ներկայացնել։
Նա նշում է՝ թեմատիկ մրցույթների կարգում նախատեսված է, որ եթե սահմանված ժամկետներում գիտնականը չի ներկայացնում պահանջված թվով հոդվածների մասին հաշվետվություն, ապա նա լրացուցիչ ժամանակ է ստանում հոդվածերն ավարտելու և հաշվետվություն ներակայացնելու համար, իսկ հաջորդ մրցույթների հայտերը գնահատելիս ավտոմատ բալեր է կորցնում։
Սակայն այս ընթացակարգը նախատեսված է այն դեպքերի համար, երբ այս կամ այն պատճառով գիտնականը կամ գիտական խումբը չի կարողացել սահմանված ժամանակահատվածում ավարտել աշխատանքը, գրել հոդվածներն ու հաշվետվություն ներկայացնել։ Իսկ գրագողության դեպքերի համար սահմանված առանձին դրույթ մրցույթների ընթացակարգերում չկա։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը ճիշտ չի համարում նման կետ ունենալը մի քանի պատճառով։ Առաջինն այն է, որ Կոմիտեն և՛ մրցույթների հայտերում ներկայացված, և՛ մրցույթների արդյունքում գրված հոդվածները դիտարկելիս առաջնորդվում է այն սկզբունքով, որ եթե հոդվածը տպագրված է գրախոսվող գիտական ամսագրում, ուրեմն այն գրագողություն չէ։
«Կոնսենսուս կա գիտական համայնքում, որ եթե հոդվածը տպված է, ուրեմն գրագողություն չէ, որովհետև տպվելու ընթացքում գործի են դրվում գրախոսական ինստիտուտը՝ առնվազն երկու գրախոս, նաև ամսագրի խմբագրական կոլեգիան, ամսագրի գլխավոր խմբագիրը․․․ Այսինքն՝ մի ամբողջ համակարգ է աշխատում, որը պետք է որ գրագողությունը կանխեր տեղի ունենալու պահին։ Պետական մարմինները հիմնվում են այն փաստի վրա, որ այդ մասնագիտական քննարկումն անցած է։ Հակառակ պարագայում, ցանկացած դեպքում, երբ որ այդ հոդվածը որևէ տեղ ներկայացվեր, պետք է հետահայաց նորից գրախոսվեր»,- նշում է նա։
Երկրորդ պատճառն այն է, որ մրցույթների հայտարարություններում գրագողության վերաբերյալ կետ ավելացնելը կարող է բացասական երանգ հաղորդել դրանց։
«Մենք մեր մրցույթի հայտարարությամբ, տեքստով ի՞նչ ուղերձ ենք հղում, որ մենք լավ բա՞ն ենք ուզում անել, թե՞ որ ձեզ բոլորիդ դիտարկում ենք որպես պոտենցիալ զանցագործների ու փորձում ենք մեր կարգով փակել բոլոր հնարավոր վատ արարքները․․․ Թե՞ մենք այս մրցույթով դիտարկում ենք ձեզ բոլորիդ որպես գործընկերների, ուզում ենք, որ դուք լավ ամսագրերում հոդվածներ տպագրեք․․․ Գրագողությունը հանդուրժելի վարքականոն չէ, բայց ես չեմ կարծում, որ ճիշտ է դա նախատեսել ինչ-որ մի տեղ, որովհետև դա դառնալու է մրցույթի տարօրինակ հրավեր»,- նշում է Հայոցյանը։
Փոխարենը Կոմիտեն խրախուսում է, որ գիտնականները հրապարակումներ անեն միջազգային գիտական ամսագրերում․ «Մենք տեղ չենք տալիս հայկական պարբերականներում տպված հոդվածներին, այսինքն՝ հայկական պարբերականում տպված հոդվածը բավարար պայման չէ դրամաշնորհի դիմելու համար։ Մենք՝ որպես լիազոր մարմին, անընդհատ առաջ ենք տանում միջազգային հեղինակավոր պարբերականներում տպագրվելու հանգամանքը, որովհետև առնվազն այնտեղ գիտական էթիկան այլ մակարդակի վրա է»։
Իսկ գրագողության դեպքերին, ըստ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի, պետք է գիտական համայնքը գնահատական տա․ «Զարգացած երկրներում գրագողին իրավական ակտերով չեն պատժում, գրագողը ուղղակի հասկանում է, որ ինքը համայնքում այլևս գործ չունի, որովհետև համայնքը չի կարող հանդուրժել ակադեմիական բարեվարքությանը հակասող, ակադեմիական ազնվությանը հակասող գործունեություն»։
Արթուր Իշխանյանը նշում է, որ ԳԱԱ նախագահությունը դեռ գնահատական չի տվել այս դեպքին․ այդ գնահատականը տրվելու է նախագահության առաջիկա նիստի ընթացքում։ ԳԱԱ ակադեմիկոս քատուղարը փոխարենը ներկայացնում է իր տեսակետը՝ վստահություն հայտնելով, որ նախագահության գնահատականը մեծ հավանականությամբ կհամապատասխանի դրան։ Հաստատելով հանձնաժողովի արձանագրությունը՝ Արթուր Իշխանյանն այդ դեպքը համարում է անընդունելի երևույթ, սակայն նաև նշում է՝ քանի դեռ չեն ստուգվել Լիլիթ Հարությունյանի մյուս հոդվածները ևս, հնարավոր չէ քանակապես դատել։
Դիտարկմանը, թե անկախ մյուս հոդվածներից՝ Լիլիթ Հարությունյանը գրագողություն է կատարել, Արթուր Իշխանյանը պատասխանում է՝ նման հարցերը ամբողջ աշխարհում դիտարկվում են բացառապես քանակապես։ Նրա խոսքով գիտական ամսագրերի խմբագրակազմերը սահմանում են այլ հեղինակների հոդվածների հետ համընկնումների առավելագույն տոկոս՝ նշելով, թե մինչև քանի տոկոս համընկնման դեպքում են դիտարկում գիտական հոդվածի ընդունումը։
«Եթե, օրինակ, կոնկրետ դեպքում որևէ մարդ ունի 100 հրապարակում, դրանցից 5-ում հայտնաբերված է այսպիսի բան, և այն կազմում է ընդամենը 5%, ինչպե՞ս վարվել՝ համաձայն այն տրամաբանության, որը կիրառվում է աշխարհում․․․ Դիցուք, մնացած հրապարակումներում չկա։ Խնդիրն այն է, որ մենք չենք կարող ստուգել մնացածը․ նույնիսկ սա ստուգելիս չի հայտնաբերվում։ Բայց եթե մնացածը ստուգենք, և հանկարծ պարզվի, որ ոչինչ չկա, այդ դեպքում մենք պիտի ներողամտորեն նայենք, ինչպես անում են բոլոր խմբագրակազմերը»,- ասում է նա։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը համաձայն չէ այսպիսի մոտեցմանը․ «Գրագողություն չի՛ կարելի անել, և դա տոկոս չունի։ Ինչպես և գողություն չի կարելի անել․ ես Ձեզանից չեմ կարող տասը դրամ գողանալ, ու դա ներվի ինձ, որովհետև ուրիշից, օրինակ, մեկ միլիոն դրամ չեմ գողացել»։
Հարցին, թե ինչ հետևանք կունենա գրագողության այս դեպքը Լիլիթ Հարությունյանի համար, Արթուր Իշխանյանը չի պատասխանում՝ նշելով, որ նախագահությունը պիտի քննարկի ու որոշի։ Այնուամենայնիվ, նա գտնում է, որ նման դեպքերի հանրայնացումը կարող է առաջացնել ցնցումներ համակարգում, իսկ կոշտ մեթոդներ կիրառելու դեպքում «մենք կորուստներ կունենանք ինֆորմացիոն պատերազմում»։
«Մեր հասարակությունն առանց դրա էլ գտնվում է ցնցումների փուլում, առանձնահատուկ պետք է ընտրել այն ճանապարհը, որը հնարավորինս մեղմացնում է ցնցումները, այլ ոչ թե հակառակը։ Եթե մենք լինեինք Ֆինլանդիայի կամ Դանիայի նման խաղաղ շրջապատում գտնվող երկիր, անշո՛ւշտ։ Մենք գիտենք ֆրոյդիզմից անգամ, որ նվազագույն սթրեսն անհրաժեշտ է զարգացման համար։ Այդ նվազագույն ցնցումը իրականացնել համակարգում՝ միանգամից մեկ հարվածով ահագին բաներ մաքրելու, կլիներ շատ լավ, բայց երբ դա կարող է բերել կոլապսի, չի կարելի թույլ տալ»,- ասում է նա։
Դիտարկմանը, թե հանրայնացման ու կոշտ մոտեցման մեկ-երկու նման դեպքը կարող էր սթափեցնել համայնքին, Արթուր Իշխանյանը պատասխանում է՝ ԳԱԱ նախագահությունը գնահատել է բոլոր ռիսկերն ու այդ կարծիքին չէ․ «Ստեղծվել է, օրինակ, Ակադեմիայի «Գեղարդ» գիտավերլուծական կենտրոնը ինֆորմացիոն առճակատման, մասնավորապես՝ Արևմտյան Ադրբեջանի և նման բաների դեմն առնելու համար։ Կադրերի պակաս կա։ Եթե մի հոգի ընդունակ է ստեղծելու համապատասխան նյութ, մենք, ցավոք սրտի, պետք է նրան ոչ թե հեռացնենք, այլ նրա ուժերը կիրառենք։ ․․․․ Այս դեպքում երկու կողմն էլ (նկատի ունի Արևելագիտության ինստիտուտի տնօրենի երկու թեկնածուներին,- խմբ․) ենթակա էին, խիստ բառ չօգտագործեմ, պարսավանքի։ Բայց դա ամենևին ցանկալի չէ հենց այն պատճառով, որ նրանց ուժերը կարող են կիրառվել։ Երկուսի՛նն էլ»։
ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը կարևորում է ոչ միայն պետական և ակադեմիական կառույցների, ինչպես նաև գիտական համայնքի արձագանքը այս և նման դեպքերին, այլ նաև հենց ամսագրի խմբագրակազմի․ «Խմբագիրները ամսագրի դեմքերն են։ Ի՞նչ են անելու խմբագրակազմը կամ հանդեսի հիմնադիրները՝ իմանալով, որ իրենց խմբագիրներից մեկն իրենց ամսագրում տպագրել է ուրիշից գողացած նյութ»։
Նշենք, սակայն, որ նյութի հրապարակման պահին, «Ժամանակակից Եվրասիա» ամսագրի կամ դրա գլխավոր խմբագիր Լևոն Հովսեփանի կողմից դեպքին հանրային արձագանք չի եղել։
Հայաստանյան գիտական ամսագրերում գրախոսության և գրագողության հայտնաբերման արդյունավետությունը
ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարը նշում է, որ գրագողության դեպքերը Հայաստանում տարածված են հիմնականում հումանիտար ոլորտում․ «Հասկանալի են պատմական պատճառները, որովհետև հումանիտար ոլորտը երկար ժամանակ գտնվել է կոմունիստական գաղափարախոսության պրեսինգի տակ, այդ պատճառով բավականաչափ հետ է մնացել միջազգային զարգացումներից, և համակարգում բավական շատ են եղել արդեն խոտան դեպքերը։ Եվ այդ պատմական ձևավորված կարգն առայսօր շարունակվում է»:
Լիլիթ Հարությունյանի՝ խնդրո առարկա հոդվածներից 4-ը լույս են տեսել Արևելագիտության ինստիտուտի «Ժամանակակից Եվրասիա» գրախոսվող ամսագրում։ Ամսագրի գլխավոր խմբագիրն է Լևոն Հովսեփյանը, խմբագրակազմի անդամ է նաև ինքը՝ Լիլիթ Հարությունյանը։
«Տեղական պարբերականի խմբագրակազմը ու գրախոսներն, ըստ էության, պատշաճ գրախոսության չեն ենթարկել տրված աշխատանքները»,- նշում է Սարգիս Հայոցյանը՝ անդրադառնալով հարցին, որ հոդվածները տեղական ամսագրում են հրապարակվել։
ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը շեշտում է այն հանգամանքը, որ իրենց ամսագրերի խմբագրակազմերը չունեն տեխնիկական հնարավորություններ, այսինքն՝ համապատասխան գործիքներ՝ ստուգելու ներկայացված հոդվածներում այլ հոդվածների հետ համընկնումների դեպքերը․ «Աշխարհում տասը միլիոն հոդված կա․․․ Դե ստուգե՛ք»։
Գրագողության դեմ պայքարում Արթուր Իշխանյանը կարևորում է տեխնիկապես զինված լինելը, այսինքն՝ հասանելիությունը այնպիսի գործիքների, որոնցով հնարավոր է գիտական հոդվածներում գրագողության դեպքերի հայտնաբերումը։ Նրա խոսքով համացանցում հասանելի գործիքներով որոնում կատարելիս ոչ միշտ է հնարավոր գտնել այլ հոդվածների հետ համընկնումներ, մինչդեռ կան վճարովի գործիքներ, որոնք ավելի արդյունավետ են։
Լիլիթ Հարությունյանի հոդվածների քննության նպատակով ստեղծված հանձնաժողովն առաջարկել է ԳԱԱ նախագահությանը դիմել կառավարությանը՝ առաջարկելով միջոցներ հատկացնել նման գործիքի ձեռք բերման, ինչպես նաև հայալեզու հոդվածների ստուգման նպատակով նոր գործիքի ստեղծման համար։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն էլ կարծում է, որ հույսը պետք է դնել ոչ այնքան գործիքների, որքան պրոֆեսիոնալ գրախոսության վրա․ «Այնպես չէ, որ այս գրագողությունը հայտնաբերվել է ինչ-որ սուպեր համակարգերի միջոցով։ Պարզապես մեկ այլ կոլեգա այն մտայնությամբ, որ դժվար թե տվյալ անձը կարողանար այսքան տարվա մեջ նման մակարդակի այդքան թվով հոդված գեներացնել, ստուգել է։ Այսինքն՝ գրախոսության գործընաց է տեղի ունեցել, պարզապես ոչ պաշտոնական։ Այնտեղ, որտեղ որ պետք է դա տեղի ունենար, տեղի չի ունեցել։ ․․․․ Եթե հոգատար գրախոսություն է տեղի ունենում, միշտ բացահայտվում է ոչ ազնիվ գործունեությունը»։
Նա հավելում է նաև, որ կան դեպքեր, երբ երկու հոդվածների տեքստեր 100%-ով տարբեր են, սակայն տեղի է ունեցել մտքի գրագողություն, այսինքն՝ մի հեղինակ վերցրել է ուրիշի գիտական միտքն ու իր բառերով շարադրել այնպես, որ դա միայն տեքստերի համեմատությամբ հնարավոր չէ բացահայտել։ Այդ պատճառով նա կարևորում է բարեխիղճ գրախոսությունը։
Հայկական գիտական ամսագրերի ու դրանցում հրապարակվող գիտական հոդվածների որակի մասին խոսակցությունները ևս նոր չեն։
ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը նշում է, որ հնարավոր լուծում կարող է լինել այն, որ տեղական ամսագրերի համար դրամաշնոհներ հայտարարվեն, որոնց շրջանակում այդ ամսագրերը պետք է քայլեր ձեռնարկեն՝ ինդեքսավորվելու Scopus կամ Web of Science (WOS) միջազգային գիտական շտեմարաններում։ Այդ ընթացքում, նրա խոսքով, կարելի է փորձագետների հրավիրել, արտասահմանյան ամսագրերի գլխավոր խմբագիրների մասնակցությամբ սեմինարներ կազմակերպել, այսինքն՝ ստեղծել նախապայմաններ, որ ամսագրերը կարողանան ներառվել այդ շտեմարաններում։ Իսկ երբ այդ նախապայմանները ստեղծված լինեն, և բավականաչափ ժամանակ անցնած լինի, կարելի է ընդունելի համարել միայն այն ամսագրերը, որոնք ինդեքսավորված են Scopus-ում և WOS-ում։
Սարգիս Հայոցյանն էլ նշում է՝ կա հանձնառություն առնվազն հայագիտության ոլորտի մի քանի ամսագրեր պետական աջակցությամբ առաջխաղացնելու և հասցնելու միջազգային որևէ կարգավիճակի, օրինակ, որ ինդեքսավորվեն Scopus-ում կամ WOS-ում։ Նա նշում է, որ այս տարի՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ընթացքում էլ այս հարցը բարձրաձայնվել է, քննարկումներ են եղել, այժմ սպասում են արդյունքներն ամփոփող խորհրդավտական փաստաթղթին, որը ևս կօգնի հասկանալ, թե ինչ քայլեր ձեռնարկել։
«Մենք ունենք ավանդույթի ուժով եկող ինչ-որ ծավալ, որը պետական բյուջեից հատկացվում է ամսագրերին։ Պետք է հասկանանք՝ ինչքանով է նպատակահարմար, որ այդ ամսագրերը ֆինանսավորում ենք։ Ավելի լավ է՝ ծախսային ուղղությունները օպտիմալացնենք, պետական ֆինանսավորումը թիրախային լինի։ Դիցուք, «Հայկական քիմիական հանդեսը» Խորհրդային շրջանից պետական ֆինանսավորում է ստացել, գալիս հասնում է մինչև 21-րդ դար այդ ավանդույթը։ Բայց ինչի՞ համար։ Քիմիան, առհասարակ, գլոբալ գիտություն է, հայկական քիմիա գոյություն չունի, հետևաբար ինչքանո՞վ է կարևոր, որ այդ ամսագիրը ունենանք, և այն պետական աջակցություն ստանա»,- ասում է նա։
Անցած տարվանից նաև ուժի մեջ է մտել գիտնականների ատեստավորման նոր կարգը, ըստ որի՝ գիտնականների գնահատումն իրականացնելիս ընդունելի են միայն գիտական այն ամսագերի հրապարակումները, որոնք ինդեքսավորված են Scopus-ում կամ WOS-ում։ Սարգիս Հայոցյանը նշում է՝ Կոմիտեն ատեստավորման կարգում առաջիկայում ևս մի փոփոխությամբ հանդես կգա՝ ավելի հստակեցնելով այդ կետի ձևակերպումները։
Գիտական պաշտոնները և գրագողությունը
Հայաստանում չկա իրավական որևէ մեխանիզմ, որը կարգելի գրագողություն կատարած գիտնականին գիտական պաշտոն զբաղեցնելու։
ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը նշում է, որ բոլոր գիտնականներին ու բոլոր հոդվածները ստուգել հնարավոր չէ, սակայն այն դեպքում, երբ անձը պաշտոնի է հավակնում, կարելի է այդ ստուգումն իրականացնել․ «Երկրում գոյություն ունի ակադեմիական վարչարարական մակարդակի, օրինակ, 50 պաշտոն։ Այդ 50-ի համար մենք կարո՞ղ ենք երաշխավորել, որ նրանք խաբեբա չլինեն»։
Բացի այդ՝ նա նշում է, որ Հայաստանում գիտական գործունեություն ծավալող ինստիտուտի տնօրենի իմաստը հստակ ձևակերպված չէ, պարզ չէ՝ նա պիտի լինի գիտնակա՞ն, վարչարա՞ր, թե՞ երկուսը միասին․ երբ դա հստակ լինի, հստակ կլինեն նաև այն չափանիշները, որոնք պետք է սահմանել այդ պաշտոնին հավակնող անձանց համար։
ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանի խոսքով ԳԱԱ-ում ձևավորված հանձնաժողովի առաջարկներից մեկն էլ այն է, որ երբ ձեռք բերվի գրագողությունը ստուգող առաջատար ծրագիր, դրանով քննվեն գիտական բոլոր պաշտոնների հավակնորդների գործերը։
Հարցին, թե ինչու այդպիսի գործիք նախկինում ձեռք չի բերվել, եթե դրա անհրաժեշտությունը կար, Արթուր Իշխանյանը պատասխանում է՝ նախկինում էլ կառավարությանը դիմել են այդ հարցով, սակայն կառավարությունն իրենց դիմումներին ուշ է արձագանքում․ «Հուսով եմ, որ այս հանրայնացման արդյունքում մեր դիմումն արձագանք կգտնի»։
Կառավարությունն այս խնդրին այլ լուծում ունի։ Սարգիս Հայոցյանի խոսքով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախածգով, որը կհրապարակվի առաջիկայում, սահմանվելու է ակադեմիական բարեվարքությունը, այն քննող մարմին է լինելու, իսկ ակադեմիական բարեվարքությանը չհամապատասխանելն աշխատանքից ազատելու համար իրավական հիմք է լինելու։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը, սակայն, կարևորում է ոչ այնքան այս հարցի կարգավորումը, որքան այն, որ գիտական համայնքն ինքնակարգավորվի․ «Երբ որ մենք փորձում ենք կարգավորել մի բան, որն էթիկային է վերաբերում, խնդիրներ են առաջանում։ Համայնքը պետք է չհանդուրժի դա, բայց, ցավոք սրտի, համայնքը հանդուրժում է, համայնքը տպում է։ ․․․․ Գիտությունն ինքնակարգավորվող համակարգ է, որովհետև եթե երկու գիտնական ասում են, որ սա գիտություն է, պետությունները, ֆինանսավորողները, մյուս կառույցները սովորաբար ընդունում են դա։ ․․․․ Գիտությունը գլոբուսի վրա արվում է գրախոսութան հիման վրա, և այստեղ բարեվարքության հարցն է․ գնահատողի համար ինչքանո՞վ է ընդունելի, որ դիմացինը ուրիշի մտավոր սեփականությունը, ուրիշի ստեղծած միտքը որպես իրենը ներկայացնի»։
Աննա Սահակյան
comment.count (0)