Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացը hանրապետության 4 մարզերում օգոստոսի 1-ից իրականացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակում։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։
Համակարգի գործարկումից սկսած շուրջ մեկ ամսվա ընթացքում Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում միասին էլեկտրոնային եղանակով ներկայացվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու 941 հայտ (Կոտայք՝ 367, Արարատ՝ 276, Արմավիր՝ 242, Լոռի՝ 56)։ Հայտերի թվով առաջինը Արարատի մարզի Մասիս համայնքն է, երկրորդը՝ Կոտայքի մարզի Նաիրի, իսկ երրորդը՝ Աբովյան համայնքը։
Հարթակի միջոցով ներկայացվել է շինարարության թույլտվություն ստանալու 178 հայտ (Կոտայք՝ 73, Արարատ՝ 47, Արմավիր՝ 40, Լոռի՝ 18)։ Հայտերի թվով առաջինը Արարատի մարզի Մասիս համայնքն է, երկրորդը՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքը, իսկ երրորդը՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքը։
Նշենք, որ Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու մասնագետի և համայնքների մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցների միջև ստեղծվել է ուղիղ կապ՝ համակարգի կիրառման ընթացքում ծագող հարցերն օպերատիվ կարգավորելու և ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով։
comment.count (0)