ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է համարում ԵԱՀԿ ՄԽ լուծարման որոշումը խաղաղության համատեքստում։ Այս մասին նա ասաց ասուլիսի ժամանակ։
«Երբ խաղաղությունը կայացած փաստ է, էդ ձեւաչափի գոյությունը կարծում եմ՝ կարող է իրոք հարցեր առաջացնել, խնդիրն էստեղ ժամկետի մասին է, որովհետեւ իմ տրամաբանությամբ պետք չէ որեւէ գործում կառքը ձիուց առաջ դնել, եւ հարց է՝ արդյոք արդյունավե՞տ է եւ ճի՞շտ է այդ թեման դարձնել քննարկման առարկա հիմա»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով կան հարցեր, որոնց պատասխանները հայկական կողմն էլ պետք է ստանա, որովհետև Ադրբեջանը ասում է, եթե հենց հիմա Հայաստանը չի համաձայնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարմանը, նշանակում է Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի։ Փաշինյանն այս համատեքստում ևս մեկ անգամ հաստատեց նախկինում արված հայտարարությունը, որ ՀՀ-ն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։
«Օրինակ, Ադրբեջանն ասում է՝ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ, մենք էստեղ էլ համաձայն չենք, որվհետեւ ինչի վրա է հիմնվում նրանց դիրքորոշումը, որ ՀՀ սահմանադրության նախաբանում կա հղում Անկախության հռչակագրին, իսկ Անկախության հռչակագրում, օրինակ, հիշատակում կա ԼՂ-ի եւ Հայաստանի միավորման վերաբերյալ 1988-ին կայացրած որոշմանը։ Հիմա Ադրբեջանի ասածն ինչքանո՞վ ա հիմնավոր։
Անկախության հռչակագրում կա դրույթ, որ ՀՀ անվտանգությունն ապահովելու համար ԳԽ ենթակայության ներքո ստեղծվում են զինված ուժեր, անվտանգության մարմիններ, եւ այդպես շարունակ։ Այսինքն՝ Անկախության հռչակագրում ասում է, որ ՀՀ-ում զինված ուժերը, հատուկ ծառայությունները ենթարկվում են ԳԽ-ին՝ օրենսդիր մարմնին, բայց 1995-ին, երբ Սահմանադրությունն ընդունվել ա, հենց առաջին իսկ պահից բանակը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը ենթարկվել են Հանրապետության նախագահին։
Էս ի՞նչ ա նշանակում, նշանակում ա, որ Հռչակագրի բովանդակությունն ինքնաբերաբար արտահայտված չի Սահմանադրության մեջ։
Հիմա ի՞նչն ա արտահայտված Սահմանադրության մեջ Հռչակագրից․ էն, ինչ գրված ա տառացի եւ բառացի, էն, ինչ գրված չի տառացի եւ բառացի, ուրեմն արտահայտված չի ՀՀ սահմանադրության մեջ»։
Ապա Փաշինյանը մատնանշեց այն, որ եթե այդ որոշմանն է հղում արվում, պետք է արձանագրել, որ ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր ընտրությունները տեղի են ունեցել ՀՀ 29,743 քառակուսի կմ տարածքում, այսինքն՝ ԼՂ -ում Հայաստանի հանրաքվե, ընտրություն եւ այլն չի եղել։
«Հիմա ընդհակառակը, երբ Սահմանադրության հարցն ենք բարձրացնում, եկեք նայենք Ադրբեջանի սահմանադրությունը։ Այնտեղ հղում է արվում 1991թ․ պետական անկախության մասին ակտին, էդ ակտում հղում ա արվում 1918թ․ մայիսի 28-ի Ադրբեջանի անկախության հռչակագրին, եւ անկախության ակտի մեջ նշված ա, որ էսօրվա Ադրբեջանը 1918-20թթ․ Ադրբեջանի իրավահաջորդն է, իսկ այդ թվերի Ադրբեջանի հռչակագրում նշված է, որ Ադրբեջանի տարածքներ են հարավային եւ արեւելյան Անդրկովկասը, եւ 1919թ․ Անտանտին ներկայացված քարտեզով Ադրբեջանը հավակնություններ է ներկայացրել էսօրվա Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի նկատմամբ ամբողջությամբ, եւ Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու եւ Շիրակի մարզերի նկատմամբ՝ մասամբ։
Հիմա ի տարբերություն ՀՀ Սահմանադրության՝ այս հիմնավորմամբ Ադրբեջանի Սահմանադրոթյունը պարունակում ա տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Մենք հարցն էդ ձեւով չենք բարձրացնում, որովհետեւ խաղաղության պայմանագրում կա համաձայնեցված դրույթ, որ կողմերից որեւէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ էս պայամանգրի դրույթները չկատարելու համար»,- մանրամասնեց Փաշինյանը։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)