1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով մեկնել է Մոնղոլիա: Պուտինը կմասնակցի խորհրդային և մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված տոնակատարություններին։ Ռուսաստանի և Մոնղոլիայի առաջնորդները բանակցություններ կվարեն նեղ և ընդլայնված կազմով։ Երկու երկրների ղեկավարները մտքեր կփոխանակեն արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ և կքննարկեն ռուս-մոնղոլական համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա զարգացման հեռանկարները։ Կրեմլի մամուլի ծառայությունից նշել են, որ բանակցություններից հետո նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։
Մոնղոլիան պետք է մերժի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մուտքը կամ ձերբակալի նրան, եթե նա մտնի երկիր. այս մասին հայտարարել է հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը: Միջազգային քրեական դատարանը 2023 թվականի մարտի 17-ին Պուտինի ձերբակալման օրդեր է տվել՝ պատերազմի ընթացքում Ուկրաինայի տարածքից երեխաների՝ Ռուսաստան ապօրինի տեղափոխման համար։
«Մոնղոլիան կխախտի իր միջազգային պարտավորությունները՝ որպես ՄՔԴ անդամ, եթե թույլ տա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այցելել և չձերբակալի նրան», - ասել է Human Rights Watch-ի միջազգային արդարադատության հարցերով ավագ խորհրդականը:
Ռուսաստանը խնդիր չունի Մոնղոլիայի հետ՝ կապված ՄՔԴ-ի որոշումների հետ՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլին չի մտահոգում Մոնղոլիայի՝ ՄՔԴ-ի կողմ հանդիսանալը։ Պուտինի այցի բոլոր մանրամասները խնամքով նախապատրաստվել են:
comment.count (0)