armenpress.am: Հայաստանն ակտիվ մասնակցում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, որը նոր հորիզոններ է բացելու ապագայում: Հայաստանի մարզերի, քաղաքների և Չինաստանի նահանգների ու քաղաքների միջև համագործակցությունը ևս ընդլայնման միտում ունի և այս ամենի տրամաբանության մեջ է երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության հաստատումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղու առաջին չվերթի դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Հայ-չինական հարաբերությունների զարգացման համար վերջին տասը տարիները նշանակալի էին: Դրանք ոչ թե դիվանագիտական ելույթներ և արարողակարգեր են, այլ գործընկերություն՝ հստակ մշակված քայլերով: Չինաստանը Հայաստանում իր ներկայացվածությամբ երրորդ երկիրն է՝ Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո: Ընդ որում, ներկայացված է շատ ոլորտներում՝ առևտուր, առողջապահություն, ժամանց, կրթություն, գաստրոմշակույթ: Բազմաթիվ կրթական և վերապատրաստման ծրագրերով ամեն տարի հարյուրավոր ուսանողներ և պետական ծառայողներ մեկնում են Չինաստանի տարբեր նահանգներ»,- ասաց նախարարը։
Սանոսյանը գոհունակությամբ ընդգծեց երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի ազատականացումը, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում թե՛ զբոսաշրջության, թե՛ ներդրումային ծրագրեր իրականացնելու, թե՛ հետագա համագործակցության համար:
«Չինական հարավային ավիաուղիներ» ընկերության կողմից այսօր առաջին անգամ գործարկվեց ուղիղ չվերթ Չինաստանի Ուրումչի քաղաքից դեպի Երևան: Չվերթները վստահաբար կմեծացնեն ուղևորաշրջանառությունը, կխթանեն երկու ժողովուրդների միջև կրթական, մշակութային հաղորդակցությանը։ Կարևորելով տնտեսական բաղադրիչը՝ պետք է նշեմ, որ բիզնես զբոսաշրջության ուղղությունը Չինաստանի հետ շատ խոստումնալից է, և ուղիղ ավիահաղորդակցության պարագայում այդ շփումները կդյուրինացվեն»,- մանրամասնեց ՏԿԵ նախարարը։
Այնուհետև լրագրողների հետ ճեպազրույցում Սանոսյանը հավելեց, որ բավականին երկար աշխատանքի արդյունքում կայացավ իսկապես պատմական չվերթ՝ հաշվի առնելով, որ առաջին անգամ Չինաստանի և Հայաստանի միջև հաստատվեց օդային կապ։
«Սա հետևողական քաղաքականության արդյունք է։ Մենք ավիացիոն ոլորտում մի շարք ուղղություններով միտված ենք նոր ուղղություններ ունենալ, անընդհատ ընդլայնել աշխարհագրությունը դեպի Հայաստան և Հայաստանից այլ ուղղություններ, ինչի արդյունքում հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ կմեծանա։ Մենք կանգ չենք առնելու, որովհետև կան մի շարք նոր ուղղություններ, որոնց վերաբերյալ տարվում է հետևողական աշխատանք։ Մոտ ապագայում կունենանք նմանօրինակ նոր չվերթներ դեպի աշխարհի խոշոր քաղաքներ ու երկրներ։ Մասնավորապես աշխատում ենք Միացյալ Նահանգների, Հնդկաստանի ուղղությամբ, որպեսզի ունենանք ուղիղ չվերթներ»,- ասաց նախարարը։
Սանոսյանի խոսքով՝ չինական ուղղությամբ արդեն իսկ կար մեծ պահանջարկ, հետևաբար տվյալ չվերթը կխնայի զգալի ժամանակ և կհեշտացնի բոլոր նրանց կյանքը, ովքեր մտադրություն ունեն Հայաստանից Չինաստան կամ հակառակ ուղղությամբ կատարել թռիչքներ։ Նախարարը նշեց, որ Ուրումչին ընտրվել է այն առումով, որ բավականին հետաքրքիր քաղաք է և իրենից ներկայացնում է հսկայական հաբ, մեծ քաղաքներից գտնվում է հասանելի հեռավորության վրա, ինչը հեշտացնում է լոգիստիկ հարցերը։
«Նախնական փուլում շաբաթական կլինի երկու չվերթ։ Թռիչքը տևում է 4-5 ժամ, և եթե այդտեղից ուղևորությունը շարունակվի դեպի Չինաստանի խոշոր քաղաքներ, ժամանակն այդ առումով կկրճատվի»,- եզրափակեց նախարարը։
comment.count (0)