Սեպտեմբերի 1-ին տեղացած անձրևից հետո «Փակ Շուկայի» անցումը կրկին հեղեղվել էր։ Այդ մասին իր Ֆեյսբուքյան էջում հրապարակում էր արել ակտիվիստ Արթուր Չախոյանը։
Անցումի ջրահեռացման համակարգը ամիսներ առաջ էր վերանորոգվել։ Հատկացվել էր 19.8 մլն ՀՀ դրամ՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Երևան» հիմնադրամից։
Շինարարական աշխատանքները սկսել էին դեռ ապրիլից, սակայն պայմանագիրը կնքվել էր միայն հուլիսիս 1-ին։ Քաղաքապետարանից պարզաբանել էին, որ աշխատանքների հրատապությունից ելնելով պայմանագիրը կնքել են աշխատանքները սկսելուց հետո։
Մինչ այդ՝ 2022-23 թվականներին, անցումը հիմնանորոգվել էր։ Մոտ 50 մլն դրամ էր հատկացվել անցումի վերանորոգման և բարեկարգման աշխատանքների համար։
Քաղաքապետարանը բացման կապակցությամբ տեսանյութ էր հրապարակել, որտեղ այդ ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը անցումի հետագա պահպանման մասին խոսելիս՝ նշել էր, որ այդ հարցով «մասնավորն է զբաղվելու»։
«Երևանի քաղաքապետարանը ունի ծրագիր գետնանցումների վերանորոգման և հիմնանորգման, որից հետո, իհարկե, շատ կարևոր է լինում գետնանցումների պահպանման հարցը։ … Մեր մոտեցումն այն է լինելու, որ մենք գետնանցնումները հիմնանորգելու ենք, դրանից հետո դնենք աճուրդի, և մասնավոր ընկերություններին արդեն տանք պահպանման»,- մանրամասնել էր Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետարանի պաշտոնական էջով հրապարակված տեսանյութում նշված էր, որ տարածքն արդեն իսկ դրվել է աճուրդի և որհամայնքի կողմից հստակ պահանջներ են սահմանվել․նցումում միանման առևտրի տաղավարներ պետք է լինեն, տնտեսվարողը պետք է մուտքերի մոտ ապահովի վերելակներ, սանհանգույց և սենսորային դռներ։
Այս տեսանյութի հրապարակումից ավելի քան մեկ տարի է անցել, սակայն գետնանցումն ապահովված չէ ոչ դռներով, ոչ սանհանգույցով, ոչ էլ միանման առևտրային կետերը կան։ Ավելին, քաղաքապետարանից մեր գրավոր հարցմանը պատասխանել են, որ տարածքը աճուրդի չի հանվել, իսկ սպասարկմամբ այս պահին զբաղվում է Երևանի քաղաքապետարանը։
«Քաղաքապետարանի ենթակայության տակ աշխատող «ԵԱՍՄ» ՀՈԱԿ-ի աշխատակիցները պարբերաբար ավլում են տարածքը», - հայտնում են քաղաքապետարանի մամուլի վարչությունից։
Լուսանկարներն արվել են օգոստոսի 21-ին
Հեղինակ՝ Ջուլիետտա Հովհաննիսյան
comment.count (0)