Սիրիայում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 5 մարդ է զոհվել, առնվազն 19 մարդ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է սիրիական պետական SANA գործակալությունը։ Նշվում է, որ Սիրիայի կենտրոնական շրջաններում, այդ թվում՝ Տարտուսի և Համայի նահանգներում մի քանի պայթյուն է լսվել, աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը։ «Կիրակի օրը՝ 2024 թ. սեպտեմբերի 8-ին, մոտավորապես ժամը 23:20-ին, իսրայելական հակառակորդը հարձակում է ձեռնարկել Լիբանանի հյուսիս-արևմտյան ուղղությունից՝ թիրախավորելով մի շարք ռազմական օբյեկտներ կենտրոնական շրջանում։ ՀՕՊ համակարգերը կալանել են ագրեսորի հրթիռները և խոցել դրանցից մի քանիսը», - SANA-ին հայտնել է ռազմական գերատեսչության աղբյուրներից մեկը։ Համայի Մասյաֆ քաղաքի հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Հարվածների հետևանքով Մասյաֆի մայրուղիներից մեկի վրա հրդեհ է բռնկվել։
comment.count (0)