Ըստ պաշտոնական վերջին տվյալների՝ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի՝ լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 108 է, մինչև այժմ պաշոնապես հաստատվել է մահվան 1 դեպք։ Էմ փոքս (հայտնի է որպես կապիկի ծաղիկ) հիվանդությամբ վարակվածության դեպք Հայաստանում դեռևս չի գրանցվել։ Օգոստոսի 14-ին, սակայն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Աֆրիկայում Էմ փոքսի վերջին բռնկումը հայտարարել է հանրային առողջապահության միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ։
Ի՞նչ վիրուսներ են սրանք, ինչպե՞ս են փոխանցվում, որո՞նք են թիրախային խմբերը, ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում Հայաստանում․ այս հարցերի շուրջ «Ինֆոքոմ»-ը զրուցել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) առաջատար գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ)՝ Մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Գայանե Գրիգորյանի հետ։
Արևմտյան Նեղոսի տենդ
Իրավիճակը Հայաստանում
Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքերը Հայատանում գրանցվեցին օգոստոսի սկզբին։ Մինչ այժմ պաշտոնապես հաստատվել է հիվանդությունից մահվան 1 դեպք։ Սեպտեմբերի 4-ին Արմավիրի մարզպետի աշխատակազմի՝ առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետը մարզխորհրդի նիստի ժամանակ հայտնել էր, որ վիրուսից մահերի թիվը հասելի 3-ի։ Առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, թե տեղեկությունը հաստատված չէ, քանի որ «դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ»։ Սակայն ուրբաթ օրը՝ տվյալների հերթական ամփոփման ժամանակ, նախարարությունն այդպես էլ չհստակեցրեց՝ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասե՞լ է 3-ի, թե՞ ոչ։
Թարմացում [18:10]
Նյութի հրապարակումից հետո ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում հաստատեցին, որ Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսից մահերի թիվը հասել է 3-ի։
ՀՎԿԱԿ Մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Գայանե Գրիգորյանը նշում է՝ Արևմտյան Նեղոսի տենդի դեպքերի մեծամասնությունը Արմավիրում է, հաջորդիվ Արարատի և Արագածոտնի մարզերն են, հատուկենտ դեպքեր կան Կոտայքում ու Շիրակում, դեպքեր են արձանագրվել նաև մայրաքաղաք Երևանում։
Հիվանդութան ընթացքը
Մարդկանց մեծամասնության մոտ (80%) Արևմտյան Նեղոսի տենդն ընթանում է առանց ախտանշանների։ Մնացած 20%-ի մոտ հիվանդությունն ուղեկցվում է ախտանշաններով՝ ջերմություն, գլխացավ, մարմնի ցավ, հոդացավ, փսխում, փորլուծություն կամ ցան։
Վարակված 150 մարդուց 1-ի կամ մոտ 1%-ի մոտ է միայն հիվանդությունն ընթանում ծանր․ զարգանում են կենտրոնական նյարդային համակարգի վրա ազդող բարդություններ՝ էնցեֆալիտ (գլխուղեղի բորբոքում) կամ մենինգիտ (գլխուղեղի և ողնուղեղի ուղեղապատյանների բորբոքում): Հիվանդության ծանր ընթացքի դեպքում նկատվում են հետևյալ ախտանշանները՝ բարձր ջերմություն, գլխացավ, պարանոցի ցավ, թմրածություն, մկանների թուլություն, տեսողության կորուստ և այլն։
Արևմտյան Նեղոսի տենդը ծանր է ընթանում հիմնականում 60 տարեկանից բարձր անձանց և խրոնիկ հիվանդություն ունեցողների մոտ։ Հիվանդության ծանր ընթացքի դեպքում 10 մարդուց 1-ն է մահանում։
Բուժումը
Արևմտյան Նեղոսի տենդի դեմ հաստատված պատվաստանյութ կամ դեղամիջոցներ չկան։ ՄԿԻ առաջատար գիտաշխատող, վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը նշում է՝ երբ վարակիչ հիվանդությունների դեպքում առկա չեն ո՛չ պատվաստանյութեր, ո՛չ հակավիրուսային դեղամիջոցներ, բժիշկները պայքարում են արտահայտված ախտանշանների դեմ՝ օգտագործելով այնպիսի դեղամիջոներ, որոնք թույլ չեն տալիս օրգանիզմի թուլացում, իմունիտետի անկում, իջեցնում են ջերմությունը և այլն։
«Որքանո՞վ են դրանք արդյունավետ միջոցներ․ հիվանդությունից հիվանդություն շատ տարբեր է, բայց միանշանակ պակաս արդյունավետ են, քան եթե ունենաք դեղամիջոց կոնկրետ վիրուսի դեմ։ Դրա ամենավառ օրինակը կորոնավիրուսն է․ երբ Պաքսլովիդը շուկա դուրս եկավ, այն հիվանդանոցներում մահվան դեպքերը նվազեցրեց մոտավորապես 90%–ով՝ համեմատած այլ խմբերի հետ, որտեղ Պաքսլովիդը չէր օգտագործվում»,- նշում է վիրուսաբանը։
Տարածումը
Արևմտյան Նեղոսի վիրուսը բնության մեջ պահպանվում է մոծակների և թռչունների միջոցով։ Մարդկանց վիրուսն անցնում է մոծակներից (հիմնականում կուլեքս ցեղատեսակի), որոնք վարակվում են՝ խայթելով թռչուններին։ Չնայած հիմնական փոխանցողները մոծակներն են, Գայանե Գրիգորյանը նշում է, որ վարակը կարող է փոխանցվել նաև տզերի և մի շարք այլ միջատների միջոցով։
Վիրուսը մարդուց մարդ չի փոխանցվում (կան հազվագյուտ բացառությունններ՝ արյան փոխներարկում, օրգանների փոխպատվաստում, մորից երեխա անցում)։ Ի տարբերություն թռչունների՝ մարդիկ վիրուսը մոծակներին չեն փոխանցում, այսինքն՝ մոծակը չի կարող վարակվել՝ խայթելով մարդուն։
Հովակիմ Զաքարյանը նշում է, որ վիրուսը բազմանում է նաև մոծակների օրգանիզմում․ «Վիրուսը կարող է մոծակի օրգանիզմում էլ երկար ժամանակ մնալ։ Այսինքն՝ այնպես չէ, որ մոծակը մեխանիկական վեկտոր է, ուղղակի վերցնում է Ա կետից, տանում է Բ կետ»։
Վիրուսաբանը շեշտում է այն հանգամանքը, որ Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսը մոծակների շրջանում նաև ուղղահայաց է տարածվում, այսինքն՝ անցնում է նրանց հաջորդ սերնդին։
Հովակիմ Զաքարյանը շատ քիչ հավանական է համարում, որ Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսի համավարակ կսկսվի․ պատճառը հենց վիրուսի տարածման մեխանիզմն է։
«Սա օդակաթիլային եղանակով մարդուց մարդ փոխանցվող վիրուս չէ, որ շատ արագ տարածվի, հարյուր միլիոնավոր մարդիկ վարակվեն, և անգամ մահվան ցածր տոկոսի դեպքում հազարները կամ հարյուր հազարները մահանան։ Տարածումը էապես ավելի փոքր է լինելու, քան սուր շնչառական վիրուսների, օրինակ՝ գրիպի, կորոնավիրուսի կամ ուղիղ կոնտակտով փոխանցվող այլ վիրուսների, օրինակ՝ նույն կապիկի ծաղիկի վիրուսի տարածումը։ Կարող են մոծակների տարածման հետ մեկտեղ անընդհատ բռնկումներ լինել, որովհետև մոծակը անընդհատ կա, խայթում է և, բնականաբար, կարող է նոր մարդկանց վարակել։ Բայց որ դա կվերածվի համավարակի, շատ չնչին հավանականություն կա»,- ասում է նա։
Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսի առանձնահատկությունն այն է, որ դրա տարածումը սեզոնային է։ Հովակիմ Զաքարյանը, սակայն, հիշեցնում է, որ մոծակների շրջանում վիրուսը տարածվում է ուղղահայաց, այսինքն՝ եթե Հայաստանում վարակակիր մոծակներ արդեն կան, նրանք կարող են վարակը փոխանցել իրենց սերունդներին։
«Մոծակները ոչ մի տեղ չեն վերանում, երբ որ ցուրտ սեզոնն է սկսվում․ նրանք սերունդ են թողնում։ Եթե մենք ունենք վիրուսի աղբյուր, և համապատասխան մոծակների պոպուլյացիան կա, դա նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, հաջորդ բարենպաստ սեզոնի ժամանակ էլի ունենալու ենք դեպքեր։ ․․․․ Եթե մոծակների պոպուլյացիաները, որոնք կրում են վիրուսը, էապես մեծանան՝ նաև նոր ռեգիոններ գնալով, բնականաբար, դեպքերի քանակն էլ կարող է կտրուկ շատանալ»,- նշում է նա։
Վարակի աղբյուրները և մոծակների հետազոտությունները
ՀԿՎԱԿ ներկայացուցիչ Գայանե Գրիգորյանն ասում է, որ Հայաստանում գրանցված դեպքերը բերովի չեն․ վարակի աղբյուրները հենց Հայաստանում են։ Մի քանի օր առաջ՝ մամուլի ասուլիսի ընթացքում, ՀԿՎԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանը նշեց, որ այս վիրուսը նոր չէ, և դեռևս 1980-ականներին Հայաստանում ուսումնասիրվել են դրա փոխանցողները՝ մոծակները, սակայն վարակակիր մոծակներ չեն հայտնաբերվել։ Մոծակների հետազոտություններն, ըստ ՀԿՎԱԿ տնօրենի, վերսկսվել են նախորդ տարի․ «Նախորդ տարի հայտնաբերում չենք ունեցել։ Այս տարի՝ հուլիսի վերջին, զեկուցվեց, որ Արագածոտնի մարզում 5 մոծակի մեջ հայտնաբերվել է այս հարուցիչը»։
Հովակիմ Զաքարյանը նշում է՝ կարևոր է հասկանալ, թե քանի մոծակ է հետազոտվել, որ մարզերից ու բնակավայրերից են նմուշներ վերցվել․ «Էպիդեմոլոգիական տեսակետից ոչ պրոֆեսիոնալ է ասել՝ 5 մոծակի մոտ դրական արդյունք կա․ որքանի՞ց 5 մոծակի մոտ։ Առաջին հերթին պետք է հասկանալ տարածման մասշտաբի պատկերը։ Մոծակների հետազոտությունը, սկրինինգը պետք է շատ մասշտաբային արվի»։
Գայանե Գրիգորյանը պարզաբանում է՝ դրական արդյունքները գրանցվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերից բերված մոտավորապես 150 մոծակների շրջանում արված հետազոտությունների ժամանակ։
«Այս մոծակների վերաբերյալ կատարվել է 5 հետազոտություն, այսինքն՝ միջինում մոտավորապես 30 մոծակից կատարվել է 1 հետազոտություն, և այդ 5 հետազոտության արդյունքում ունեցել ենք 5 դրական արդյունք կոնկրետ Արագածոտնի մարզից»։
Հարցին, թե արդյո՞ք 150 մոծակը քիչ չէ՝ վարակի աղբյուրների տարածվածությունը հասկանալու համար՝ ՀԿՎԱԿ ներկայացուցիչը պատասխանում է ՝ մարզից հավաքվել են ավելի շատ մոծակներ, սակայն տեսակավորման արդյունքում պարզվել է, որ նրանցից 150-ն է միայն կուլեքս ցեղատեսակի։
Գայանե Գրիգորյանի խոսքով մոծակներ հավաքվում են նաև այլ (օրինակ՝ Արարատի, Արմավիրի) մարզերից, բերվում լաբորատորիա և հետազոտվում։ Հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրում՝ որ մարզեր ու որ բնակավայրեր գնալ, նա պատասխանում է․ «Մենք մոծակները վերցնում ենք այն վայրերից, այն մարզերից, որտեղից ունենք հիվանդներ, որպեսզի հասկանանք՝ փոխանցման շղթան ինչպես է եղել»։
Դիտարկմանը, թե եթե որոշ մարզերում հաստատված դեպքեր չկան, վարակակիր մոծակների առկայությունն այնտեղ չի բացառում, և գուցե արժե բոլոր մարզերից նմուշներ վերցնել՝ Հայաստանում վարակի աղբյուրների տարածվածությունը հասկանալու համար, Գայանե Գրիգորյանը պատասխանում է՝ պետք է հաշվի առնել բնակլիմայական պայմանները և մոծակի կենսակերպը։
«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հիմա Հայաստանում գրանցվեց Արևմտյան Նեղոսի տենդ։ Մենք գիտենք, որ այս տարի շատ խոնավ տարի էր, շատ էին տեղումները։ Ջերմաստիճանի բարձրացումը և խոնավությունը երբ համընկնում են, բարենպաստ պայմաններ են ստեղծում մոծակների զարգացման, բազմացման և տարածման համար։ Մոծակների ապրելակերպի հետ կապված՝ հունիս ամսից մինչև հոկտեմբերը բարենպաստ է նրանց համար։ Ինչո՞ւ, օրինակ, Գեղարքունիքում չի գրանցվել․ ցուրտ, տարածաշրջաններում հավանականությունն ավելի փոքրանում է, որովհետև այդ բարենպաստ սեզոնն էլ է ավելի կարճ, և այստեղ հիվանդության փոխանցումը և տարածումը ավելի քիչ է կամ կարող է չլինել։ Չնայած, դա ժամանակի խնդիր է։ Այո՛, որ մարզերում, տարածաշրջաններում որ ունենք այդ մոծակների տարատեսակները, մենք այդ հետազոտությունները կկատարենք»,- ասում է նա։
Հովակիմ Զաքարյանը նշում է՝ վարակի աղբյուրների տարածվածությունը կամ մարզերի վտանգվածությունը կարող են պարզ դառնալ հետազոտությունների արդյունքում, և այնքան էլ ճիշտ չէ դա կապել ջերմաստիճանի հետ։
«Հայաստանի տարբեր ռեգիոնները, չհաշված երևի Շիրակի մարզի շատ ցուրտ հատվածները, շատ թե քիչ նույն բնակլիմայական զոնայի մեջ են։ Այնպես չէ, որ Գեղարքունիքի մարզում մոծակներ չկան։ Հատկապես այն հատվածներում, այն մարզերում, որտեղ նաև լճեր կան, ճահճացած, կիսաճահճացած վիճակներ, կեղտոտ գետեր կան, բոլոր այդ տեղերում կան մոծակներ։ Այս պահին Սևանի ափին, որտեղ կիսաճահճային վիճակ է, չկա՞ մոծակ։ Հարցը հետևյալն է՝ այդ մոծակները պատկանո՞ւմ են այն տեսակին, որը տարածում է վիրուսը, և եթե այդ տեսակն է, ունե՞ն վիրուսը։ Եթե վերցնեք 1000 մոծակ Գեղարքունիքի մարզի տարբեր հատվածներից, տեսնեք, որ ոչ մի դեպքում վիրուսը այնտեղ չի հանդիպում, բայց, օրինակ, Արարատի մարզում 10%-ի մոտ հանդիպում է, այո՛, կարող եք ասել, որ Գեղարքունիքի մարզը ավելի քիչ վտանգված է»,- նշում է նա։
Սակայն թե այս պահի դրությամբ քանի մարզից ունեն հավաքած մոծակների նմուշներ, որքան է այդ մոծակների թիվը, բացի Արագածոտնից՝ այլ մարզերում հետազոտությունների արդյունքներն ինչպիսին են՝ ՀԿՎԱԿ ներկայացուցիչը չի մանրամասնում՝ նշելով, որ հետազոտություններն ընթացքի մեջ են։
Իսկ նախորդ տարի հետազոտությունների համար մոծակներ հավաքվել են 3-4 մարզերից։
Հովակիմ Զաքարյանը, սակայն, կարևորում է, որ գոնե առաջնային հետազոտությունների արդյունքները հրապարակվեն, որպեսզի և՛ վարակի աղբյուրների տարածվածության պատկերը հստակ լինի, և՛ բնակիչներն իրենց մարզերում իրավիճակից տեղեկացված լինեն։
Խոսելով իրականացվող հետազոտությունների ու միջոցառումների մասին՝ Գայանե Գրիգորյանը նշում է՝ պետք է կենտրոնանալ ջրականգերի վրա։
«Այդ մոծակները հիմնականում զարգանում են հենց ջրականգերում։ Դրա համար ամբողջ Հայաստանով մենք ունենք այդ ջրականգերի քարտեզագրումը, Կենտրոնի կողմից կատարվում է ջրականանգերի չորացում և գամբուզացում։ Գամբուզացման նպատակն այն է, որ գամբուզիա կոչվող ձուկը, որը սնվում է մոծակների թրթուրներով, լցնում ենք ջրամբարների մեջ, այսինքն՝ բնական ճանապարհով պայքարում ենք մոծակների բազմացման և տարածման դեմ»։
Ճշտող հարցին, թե արդյո՞ք ջրականգերից վերցնում են մոծակների նմուշներ, ՀԿՎԱԿ ներկայացուցիչը պատասխանում է․ «Իհարկե, մենք ամեն տեղից ենք վերցնում, որովհետև մենք ունենք քարտեզագրում, այդ ամբողջը մեր հսկողության տակ է, պարբերաբար բերվում են նմուշներ լաբորատորիա, և արդյունքների մասին մենք պարբերաբար թարմացնում ենք տվյալները»։
Երբ հայտնի դարձավ Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքերի մասին, ՀՎԿԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանն «Ազատության» հարցին, թե Հայաստանի բնակչության քանի տոկոսն է թիրախային խմբում, պատասխանել էր՝ լրացուցիչ ուսումնասիրությունից հետո պարզ կլինի, և մասնագետներն «առաջիկայում կպարզեն՝ մարզերում բնակչության քանի տոկոսն է թիրախային խմբում»։
Մեր հարցին, թե ինչու թիրախային խմբերն ավելի վաղ, օրինակ՝ անցած տարի չեն որոշվել, եթե դեռ անցած տարվանից էր հնարավոր համարվում Հայաստանում դեպքերի գրանցումը, Գայանե Գրիգորյանը պատասխանում է․ «Մենք չէինք կարող անցյալ տարի պլանավորել, որ բնակլիմայական պայմանները պետք է անպայման շատ նպաստավոր լինեն կուլեքսի տարածման, զարգացման համար, և կարող է տարածվել Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունը։ Բայց մենք կանխարգելիչ նպատակներով, անկախ նրանից, ինչպիսին կլինեն եղանակային պայմանները, ջրականագերի հետ կապված ունենք քարտեզագրում, ամեն տարի կատարում ենք գամբուզացում, կատարում ենք ջրականգերի չորացում, այդ բոլոր տեսակները հավաքվում են տարբեր մարզերից, բերվում են լաբորատորիա, և կատարվում են ՊՇՌ հետազոտություններ տարբեր վարակների նկատմամբ»։
Ճշտող հարցին՝ արդյո՞ք արդեն հայտնի է, թե որ մարզում բնակչության քանի տոկոսն է թիրախային խմբում՝ իրազեկելու, կլինիկաներին զգուշացնելու և առավել թիրախային աշխատելու ամար, ՀԿՎԱԿ ներկայացուցիչը պատասխանում է․ «Կառույցի կողմից մենք մի քանի շրջաբերականներ ենք իջեցրել բոլոր բուժկանխարգելիչ հիմնարկներին և մնացած կառույցներին։ Շրջաբերականում մենք ընդգծել ենք Արևմտյան Նեղոսի տենդի տարածվածության վերաբերյալ կանխարգելիչ միջոցառումների մասին»։
Հովակիմ Զաքարյանը նշում է նաև Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսի հետագա հետազոտությունների նպատակով դրական նմուշները պահելու կարևորությունը՝ շեշտելով, որ նմանատիպ հետազոտությունների համար անհրաժեշտ է ունենալ 3-րդ կարգի անվտանգության լաբորատորիա։
Գայանե Գրիգորյանն ասոմ է՝ իրենք դրական նմուշները պահպանում են, իսկ հետազոտությունների վերաբերյալ «ընթացքում որոշումներ կկայացվեն, և ղեկավարությունը կորոշի, թե որ ուղղությամբ հետազոտություններ կատարվեն»։
Հարցին, թե արդյո՞ք ՀԿՎԱԿ-ն ապահովված է նմանատիպ հետազոտություններ իրականացնելու համար անհրաժեշտ լաբորատոր պայմաններով, նա պատասխանում է․ «ՀԿՎԱԿ Ռեֆերենս լաբորատոր կենտրոնը հագեցած է կենսանվտանգության և կենսաապահովման միջոցներով, բոլոր լաբորատորիաներում կատարվում են և՛ վիրուսային վարակների (նկատի ունեմ՝ արյան կենսաբանական նմուշների), և՛ բակտերիալ ծագման վարակների հետազոտություններ»։
Էմ փոքս (կապիկի ծաղիկ)
Վիրուսի փոխանցումն ու ընթացքը
Էմ փոքսը մարդուն փոխանցվում է կենդանիներից։ Այս վիրուսի տարածման հավանականությունն ավելի մեծ է, քանի որ այն, ի տարբերություն Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսի, նաև մարդուց մարդ է փոխանցվում։ Էմ փոքսի դեպքում ևս թիրախային խմբում խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ են։
Հիվանդությունը դրսևորվում է ջերմությամբ և ցանով։ Գաղտնի շրջանը կարող է տևել 5-21 օր: Սովորաբար 1-3 օր արտահայտվում են ախտանշանները՝ ջերմություն, ինտենսիվ գլխացավ, ավշային հանգույցների այտուցվածություն, մեջքի ցավ, մկանային ցավ, թուլություն և այլն: Իսկ դրան հետևում է մաշկային ցանի փուլը, որ տևում է 2-4 շաբաթ։
Էմ փոքսի շուրջ այս տարի մտահոգություններ առաջացան՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում բռնկման նոր ալիքով պայմանավորված։ Սկսած 2023-ից՝ երկրում հիվանդության ավելի 27 հազար և մահվան ավելի քան 1300 դեպք է արձանագրվել։ ԱՀԿ-ն օգոստոսին այս բռնկումը հայտարարել է հանրային առողջապահության միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ։
Էմ փոքսի վիրուսի երկու տեսակ կա՝ առաջին և երկրորդ։ Կենտրոնական և Արևելյան Աֆրիկայում դեպքերի աճի համար պատասխանատու է հենց առաջին տեսակը, որը պատմականորեն ավելի շատ է հիվանդության ծանր ընթացքի և մահվան պատճառ դարձել, քան երկրորդը։ Առաջին տեսակից մահացել է վարակվածների մինչև 10%-ը, չնայած վերջին բռնկումների ժամանակ մահացության տոկոսն ավելի ցածր է՝ 1-3.3%։
Իսկ երկրորդ տեսակը 2022-ի բռնկման պատճառն էր։ Երկու տեսակն էլ տարածվում են վարակված անձանց հետ սերտ շփման (այդ թվում՝ սեռական հարաբերությունների), աղտոտված առարկաների հետ շփման, վարակված կենդանիների հետ ուղիղ շփման միջոցով։
Վերջին բռնկման ժամանակ Էմ փոքսի առավել վտանգավոր տեսակը տարածվել է Կոնգոյի որոշ հարևան երկրներում՝ Բուրունդիում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Ռուանդայում և այլուր։ Օգոստոսի 15-ին վիրուսի առաջին տեսակը հայտանբերվել է նաև շվեդ ճանապարհորդներից մեկի մոտ, ով այցելել էր Աֆրիկա։ Օգոստոսի 22-ին Թաիլանդը ևս հայտարարե է, որ Կոնգոյից այնտեղ մեկնած ճանապարհորդի մոտ ախտորոշվել է Էմ փոքսի առաջին տեսակը։
Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը նշում է, որ Էմ փոքսի դեմ արդյունավետություն կարող է ունենալ բնական ծաղիկի դեմ պատվաստանյութը․ «Բնական ծաղիկը կապիկի ծաղիկի հարազատ եղբայրն է, եթե այսպիսի անալոգիա տանենք»։
Ըստ ԱՀԿ-ի ներկայացրած տվյալների՝ բնական ծաղիկի դեմ պատվաստանյութն 85% արդյունավետություն է ցույց տվել Էմ փոքսի դեմ։
Հայաստանի համար որքանո՞վ է Էմ փոքսը վտանգավոր
Հովակիմ Զաքարյանը նշում է, որ Էմ փոքսի վիրուսով վարակվածների թվի կտրուկ աճ կա՝ համեմատած նախորդ տասնամյակների հետ։ Նա չի բացառում, որ թվաքանակի աճը շարունակվելու դեպքում ԱՀԿ-ն սա կհամարի լոկալ էպիդեմիա, որը կարող է վերածվել համավարակի, եթե սկսի գլոբալ արագ տարածվել։
Գայանե Գրիգորյանը նշում է, որ Հայաստանի համար այս վիրուսի ներթափացնման վտանգը ցածր է․ «Մենք չունենք ոչ մի դեպք բարեբախտաբար։ Հիմնականում տարածված է Արևելյան Աֆրիկայի տարածաշրջանում, գերակշռող մասը՝ հենց Կոնգոյի Հանրապետությունում»։
Հովակիմ Զաքարյանը, սակայն, հիշեցնում է, որ Եվրոպայում արդեն վարակի դեպքեր կան։ Նա նշում է՝ եթե վիրուսը հասել է Շվեդիա, ապա կարող է հասնել նաև Հայաստան, այդ պատճառով էլ պետք է պատրաստ լինել։ Հնարավոր տարբերակներից մեկն, ըստ նրա, այն է, որ Հայաստանից աֆրիկյան երկրներ հանգստի մեկնած մարդիկ վարակվեն ու վիրուսն իրենց հետ բերեն Հայաստան։
Էմ փոքսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու համար վիրուսաբանը երկու քայլ է առաջարկում․ ունենալ պատրաստի ախտորոշման թեստեր կասկածելի դեպքերի համար, ինչպես նաև ուժեղացնել սահմանային վերահսկողությունը։
«Տուրիստական սեզոնը կամաց-կամաց մոտենում է ավարտին։ Եթե, օրինակ, 150 հոգի վերադարձավ Հայաստան, մի օր հետո պարզվեց, որ այդ 150-ից 2 հոգու մոտ կա կապիկի ծաղիկ, կկարողանա՞ն ադ նույն օդանավով եկած մնացած 148 հոգու շրջանում ախտորոշում անել»,- հարցնում է նա։
Գայանե Գրիգորյանը նշում է, որ ՀԿՎԱԿ-ն ունի որգեգրած ռազմավարություն, ըստ որի՝ միշտ պետք է պատրաստ լինի բոլոր վարակներին, առավել ևս եթե խոսքը Էմ փոքսի նման վտանգավոր վարակիչ հիվանդութան ասին է․ «Մենք մեր տարեկան պլանի մեջ միշտ ընդգրկում ենք այդ բոլոր վարակների նկատմամբ ախտորոշիչ թեստ հավաքածուները»։
Ճշտող հարցին, թե արդյո՞ք Էմ փոքսի համար ախտորոշիչ թեստեր առկա են, նա դրական պատասխան է տալիս, սակայն չի հստակեցնում, թե քանի թեստի մասին է խոսքը։ ՀԿՎԱԿ ներկայացուցիչը նշում է միայն, որ մեկ թեստ հավաքածուն սովորաբար պարունակում է 48-96 թեստ։
Իսկ հարցին, թե արդյո՞ք նախատեսվում է ուժեղացնել սահմանային վերահսկողությունը՝ հաշվի առնելով, որ հանգստի շրջան է, և մարդիկ արձակուրդներին աֆրիկյան երկրներ հաճախ են մեկնում, Գայանե Գրիգորյանը պատասխանում է՝ Առողջապահության նախարարությունը համագործակցում է միջազգային կառույցների հետ։
«Արտակարգ իրավիճակը երբ որ հայտարարվել է, ԱՀԿ-ն մի շարք միջոցառումների ցանկ է ներկայացրել, և հենց այդ միջոցառումների ցանկի համաձայն՝ չեն նախատեսվում ո՛չ սահմանափակումներ, այսինքն՝ արգելել դրսից մուտքը, ոչ էլ ֆիլտր, ինչպիսիք կորոնավիրուսի ժամանակ սահմանային կետերում հետազոտությունները, զննումներն էին»։
Ճշտող հարցին, թե արդյո՞ք նախարարությունն այս դեպքում առաջնորդվում է ԱՀԿ-ի խորհուրդներով ու առաջարկներով, ՀԿՎԱԿ ներկայացուցիչը դրական պատասխան է տալիս․ «Մենք, իհարկե, Էմ փոքսի հետ կապված միջոցառումների պլան ունենք, մենք ունենք մեր ռազմավարությունը, ըստ որի, եթե հայտարարվի արտակարգ իրավիճակ, ապա մենք մի շարք միջոցառումներ կիրականացնենք»։
Հարցին, թե ինչ միջոցառումների մասին է խոսքը, Գայանե Գրիգորյանը պատասխանում է․ «Եթե սահմանային կետերում հայտարարվի արտակարգ իրավիճակ, ապա մեր պլանի համաձայն՝ կիրականացվեն այդ միջոցառումները, այսինքն՝ կիրականացվի վերահսկողություն»։
Հովակիմ Զաքարյանը, սակայն, կարծում է, որ սահմանային վերահսկողությունը պետք է իրականացվի այս պահին․ «Պետք է իրավիճակին ակտիվ հետևել։ Եթե մենք տեսնենք, որ վաղը 18 000–ը դարձավ արդեն 28 000 (պայմանական թիվ եմ ասում), անհրաժեշության դեպքում պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել, որպեսզի չկանգնենք այն փաստի առաջ, ինչպես եղավ կորոնավիրուսի ժամանակ, երբ հանկարծ մեզ մոտ ոչ թե պացիենտ զրո առաջացավ, այլ միանգամից պացիենտների փունջ, ու այլևս չկարողացան ոչ մի բան վերահսկել»։
Վիրուսային հիվանդությունների դեմ պայքարը
Մի քանի տարի առաջ աշխարհին և Հայաստանին սպառնում էր կորոնավիրուսը, այս օրերին ակտիվ խոսվում է Արևմտյան Նեղոսի տենդի ու Էմ փոքսի մասին, իսկ ապագայում կարող են տարածվել այլ վիրուսներ։ Ի՞նչ եթակառուցվածքներ ու հետազոտություններ են անհրաժեշտ Հայաստանին վիրուսների դեմ պայքարում։ Հովակիմ Զաքարյանը, որի ղեկավարած լաբորատորիան զբաղվում է հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերմամբ, կարևորում է Հայաստանում այնպիսի լաբորատորիաների առկայությունը, որտեղ կզբաղվեն հենց վիրուսների հետազոտություններով։
«Միշտ կարող ենք ասել՝ դե ինչի՞ համար անենք, ուրիշներն անում են՝ ֆրանսիացիները, ամերիկացիները․ մենք փոքր ազգ ենք։ Այս սպառողական մտածելակերպը բոլորի մոտ է․ չենք մտածում ունենալ մեր սեփական ենթակառուցվածքը, մենք էլ ուսումնասիրենք, ուսումնասիրելով կարողանանք ունենալ այնպիսի մասնագետներ, որոնք ճիշտ պահին ճիշտ որոշումներ կարողանան կայացնել։ Որոշումների սարսափելի սխալները գալիս են նրանից, որ մարդիկ, որոնք պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում, բավարար գիտելիքներ չունեն, չեն պատկերացնում խնդիրները, նրանց չորս կողմը չկան մասնագետներ, որոնք իրենց ունեցած գիտելիքով խորհուրդ կտային։ Գիտելիք ունեցողները չկան, որովհետև այդ գիտությունը չկա Հայաստանում»,- ասում է նա։
Հովակիմ Զաքարյանը կարևորում է նաև ախտածին բակտերիաների ուսումնասիրությունը՝ նշելով, որ Հայաստանում այդպիսի հետազոտություններով զբաղվող միայն մեկ լաբորատորիա է իրեն հայտնի, որը հենց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում է։
«Բելգիայի կառավարությունը կարծեմ 20 միլիոն եվրո հատկացրեց, որ ստեղծվի նոր ենթակառուցվածք Լյուվենում, որտեղ արդեն վիրուսաբանական բազմաթիվ հայտնի լաբորատորիաներ կային։ Բացեցին վիրուսների բանկ, զրոյից ստեղծեցին նոր ենթակառուցվածք, որի նպատակն է պայքարի միջոցներ մշակել այն վիրուսների դեմ, որնք կարող են նոր համավարակներ առաջացնել ապագայում։ Մարդիկ պատրաստվում են ապագա հնարավոր համավարակին, որը կարող է 20 տարի հետո լինել, կարող է 5 տարի հետո լինել, կարող է չլինել։ Բայց պիտի պատրաստվես դրան»,- ասում է վիրուսաբանը։
Գլխավոր նկարում օգտագործվել են հետևյալ հարթակների, հեղինակների լուսանկարները՝ cdc.gov, who.int, Patrick T. Fallon | AFP |
Հեղինակ՝ Աննա Սահակյան
Գլխավոր նկարը՝ Մարգարիտա Հովհաննիսյանի
comment.count (0)