Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, մասնավորապես՝ երկուստեք կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը և ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ուղենիշային ծրագրերի արդյունավետ իրականացումը: Զրուցակիցները առանձնակի ընդգծել են ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգության երկխոսության մեկնարկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը:
Հանդիպումներից հետո ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը հանդես են եկել հայտարարություններով՝ ազդարարելով ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հայտարարության մեջ նշված է.
«Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ, թույլ տվեք ասել՝ ինչքան երջանիկ եմ, որ այսօր Հայաստանում եմ: Շատ ուրախ եմ, որ փոխվարչապետ Գրիգորյանի հետ միասին ազդարարում ենք այս պատմական երկխոսության մեկնարկը քաղաքական մակարդակում՝ ուղղված Եվրոպական միության և Հայաստանի միջև վիզաների ազատականացմանը: Շատ կարևոր, պատմական օր է, և ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ, տարբեր նախարարությունների փոխնախարարներ մեզ ուղեկցում են այս կարևոր օրվա ընթացքում:
Ինչպես առիթ ունեցա քննարկել նախագահ Խաչատրյանի, վարչապետ Փաշինյանի և արտգործնախարար Միրզոյանի հետ օրվա ընթացքում, մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանը կայանում է որպես կայունության և ողջախոհության խարիսխ շատ փոթորկահույզ տարածաշրջանում:
Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների որակը և խորությունը վկայում են այն մասին, որ այս երկիրը հանձնառու է տարածաշրջանում խաղաղության և կայունության գաղափարներին:
Վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու այսօրվա քայլը պետք չէ դիտարկել որպես մեկուսի նախաձեռնություն. սա պետք է դիտարկել Եվրոպական միության՝ Հայաստանի նկատմամբ հանձնառու վերաբերմունքի հերթական դրսևորումը:
Տնտեսության և ներդրումների ոլորտում մեր ամերիկյան բարեկամների հետ միասին հայտարարել ենք Դիմակայունության և աճի նոր ծրագրի մասին՝ 270 միլիոն եվրոյի չափով, այն 600 միլիոնից զատ, որն արդեն ներդնում ենք այս երկրում:
Անվտանգության առումով մենք շատ ուրախ ենք, որ Եվրամիության առաքելությունը Հայաստանում հիմա դառնում է Հայաստանի սահմաններին Եվրոպական միության աջակցության շոշափելի վկայություն: Մենք նաև շատ ուրախ ենք, որ Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ կարողանում է իր զինված ուժերի համար ստանալ աջակցություն եվրոպական Խաղաղության գործիքի ներքո: Այս ամենը վկայում է այն մասին, որ այս երկիրը տպավորիչ ժողովրդական բարեփոխումներ է իրագործել, որոնցով վերջին տարիներին ամրապնդվել է երկրի դիմակայունությունը, և դրանցից շատերը նաև մեր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս են:
Բայց այսօրվա մեջ գործողությունը պատմական առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը պրակտիկայում կնշանակի, որ երբ իրագործման այս փուլն ավարտվի, Հայաստանի բոլոր քաղաքացիները կկարողանան ազատորեն ճանապարհորդել Եվրոպական միություն կարճատև այցերի համար, ինչը բազմաթիվ շոշափելի առավելություններ կընձեռի կրթության, բիզնեսի, զբոսաշրջության համար, ուսուցումների, վերապատրաստումների, ընկերներին և բարեկամներին հանդիպելու, ինչպես նաև սիրո համար:
Նպատակն է հնարավորինս շուտ հասնել վերջնակետին, բայց այս գործընթացում չկա ավտոմատիզմ, այս գործընթացը պահանջկոտ է լինելու: Այս գործընթացը պահանջելու զգալի աստիճանի հանձնառություն Հայաստանի Կառավարությունից՝ մեր աջակցությամբ հանդերձ:
Վստահ եմ, սակայն, որ, հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների տպավորիչ ձեռքբերումները և սրան հասնելու վճռականությունը, մենք արագ ենք առաջ շարժվելու:
Այսօր մեկնարկեցինք այս գործընթացը քաղաքական մակարդակում, տեխնիկական մակարդակում հիմա մեր թիմերն աշխատում են իրար հետ շատ կոնկրետ, որոշակի հարցերի ուղղությամբ, որոնք անհրաժեշտ է լուծել, մասնավորապես՝ ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարումը, հասարակական կարգի և անվտանգության խնդիրները, մասնավորապես՝ պայքարն ընդդեմ կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի և իհարկե հիմնարար իրավունքների խնդիրները՝ կապված տեղաշարժի ազատության հետ: Սա պահանջկոտ գործ է, պահանջկոտ խնդիր է, բայց իրագործելի, լուծելի է, ամբողջովին լուծելի խնդիր է:
Եվ ես համոզված եմ, որ հնարավորինս շուտ ավարտին հասցնելով այս գործընթացը մենք հայ ժողովրդին կօգնենք տեսնել, որ ճանապարհը դեպի Եվրոպական միություն զուտ նկրտում չէ, այլ մի բան է, որ իրենք արդեն կարող են զգալ, և որից իրենք արդեն կարող են օգուտ քաղել:
Հարգելի փոխվարչապետ, մենք լիահույս սպասում ենք ապագայի մեր եռանդուն աշխատանքին, և ուրախ եմ, որ այս գործընթացի մասնակից հիմնական թիմերն այստեղ են մեզ հետ, և ուզում եմ լավատեսությունս հայտնել, որ վիզաների ազատականացումը շուտով իրականություն կդառնա բոլոր հայաստանցիների համար:
Շնորհակալություն»:
comment.count (0)