azatutyun.am: Երևանի ավագանին այսօրվա նիստում մանդատներից զրկեց ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին, «Հանրային ձայն» խմբակցության նախկին անդամներ Անուշ Գինոսյանին ու Անուշ Խուդավերդյանին։
«Հանրային ձայն» խմբակցության նախկին անդամներին մանդատից զրկելու նախաձեռնությունը հենց «Հանրային ձայն»-ինն է։ Խմբակցությանը պատճառաբանում է, թե ընդդիմադիրները բացակայել են ավագանու ու հանձնաժողովների նիստերից։
«Հանրային ձայն»-ն ավագանի ընտրվեց որպես ընդդիմություն, իսկ այժմ ժամանակ առ ժամանակ սատարում է իշխանությանը։ Խուդավերդյանն ու Գինոսյանն ամիսներ առաջ լքեցին թիմն ու դրանից հետո չեն մասնակցել հանձնաժողովների նիստերին՝ պնդելով, որ իրենց զրկել են կարծիքի ու քվեարկելու իրավունքից։
Այսօր մանդատից զրկված ավագանու անդամները «Հանրային ձայն»-ի իրենց նախկին թիմակիցներին մեղադրում են քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ համագործակցելու ու իրենց ճնշելու համար և կարծում են, որ իրենց մանդատից զրկում են ընդդիմադիր հայացքների պատճառով։
Ավելի վաղ խմբակցությունից ասել էին, թե «ցուցակն են մաքրում, որ հետևից մարդիկ գան ու աշխատեն»։
Ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը զրկվել է մանդատից կրկին ավագանու ու հանձնաժողովների նիստերից բացակայելու պատճառաբանությամբ։
Երիցյանը սա հակաօրինական է համարում՝ պնդելով, որ իր նկատմամբ քաղաքական հաշվեհարդար են տեսնում։
comment.count (0)