Քարերն աստղերի՞ն էին նայում, թե՞ մեռյալներին հսկում․ Զորաց քարեր
23:14 - 10 սեպտեմբերի, 2024

Քարերն աստղերի՞ն էին նայում, թե՞ մեռյալներին հսկում․ Զորաց քարեր

2023-ի մայիսն էր։ Երևանի պետական հումանիտար քոլեջի շրջանավարտներով Սյունիքի մարզում էինք, շրջում էինք հնագիտական և բնական հուշարձաններով։ Օրն անձրևոտ էր ու մառախլապատ, ուստի ավելի ուշադիր պիտի շուրջբոլորդ նայեիր՝ հասկանալու համար, թե ում է նվիրված Աղիտուի հուշարձանը, կամ ինչի մասին է Որոտնավանքի որմնանկարը։ Երկու օրը շատ քիչ էր Սյունիքը բացահայտելու համար, ուստի ականջներս սրած փորձում էի լսել թե՛ դասախոսներիս, թե՛ ընկերներիս, թե՛ տեղացիներին։ 

Առաջին օրը ուշադրությունս գրավեց մի բանավեճ, որի բովանդակությունը սկզբում այնքան էլ հասկանալի չէր ինձ համար։ Զորաց քարերի տարածքում էինք, երբ հուշարձանների պատմության դասախոսս ու մեր խմբի ուղեկցորդը քննարկում էին այս հուշարձանի քարերի անցքերի նշանակությունը։ Ցուրտ էր, ու հետս եղած ողջ տաք հագուստը վրաս՝ իջա ավտոբուսից։ Մինչ բուն հուշարձանին հասնելը մի փոքր քայլել էր պետք։ Տեղ հասնելուն պես երևացին հսկա քարերի երկար շարքերը։ Ես ու ընկերներս անցանք գործի․ սկսեցինք քարերի անցքերից լուսանկարել շրջակայքը՝ փորձելով ամեն մի կլոր շրջանի մեջ տեղավորել դիմացի սարերն ու քարերը։ Մինչ ես զարմանում էի Զորաց քարեր հուշարձանի ծավալներով ու այնտեղ տիրող հանգստությամբ, վիճաբանության ձայները գնալով բարձրանում էին։


Զորաց քարերը

- Տեսնո՞ւմ եք այս անցքերը։ Պատկերացրեք, որ մի բան կառուցելու համար պիտի մեծ քարեր տեղափոխեք մի կետից մյուսը։ Մեքենաներ չկան․ դուք եք ու ձեր կենդանիները։ Ի՞նչ կանեք,- հարցրեց դասախոսս կողքին կանգնած ուսանողներին՝ ցույց տալով հուշարձանի քարերի մշակված անցքերը։

Մինչ բոլորս կմոտենայինք նրան, ականջիս հասավ աստղադիտարան բառը․ մեր ուղեկցորդը պնդում էր, որ քարերի վրա անցքերը ոչ թե դրանք տեղափոխելու, այլ աստղերին նայելու համար են արվել։ 

Այդ օրն ինձ մոտ, փաստորեն, տպավորվեցին ոչ միայն Սյունիքի լեռներն ու քարերը, այլև այս հսկայական հուշարձանի շուրջ ծավալվող բանավեճը։ Ես սովորելու, ուսումնասիրելու, հարցնելու ու պատմելու շատ բաներ ունեի․ ի՞նչ կառույց է, ի վերջո, Զորաց քարերը՝ դամբարա՞ն, թե՞ աստղադիտարան։ Պատմությունս պատմում եմ հիմա՝ Սյունիք այցից գրեթե մեկուկես տարի անց։

 

Քարերի լռությունը

Ցից-ցից քարեր, Դիք-դիք քարեր, Քարահունջ, Զորաց քարեր․․․ Սրանք են Սիսիանից հյուսիս գտնվող այս հուշարձանի անվանման հիմնական տարբերակները։ Սակայն պատմությունն առատաձեռն է միայն անունների առումով․ այս մեգալիթյան* կառույցի մասին շատ մանրամասներ հայտնի չեն։ 19-20-րդ դարերում են միայն սկսվել հուշարձանի ուսումնասիրությունները, բայց տվյալների պակասը մասնագետներին փաստի առաջ է կանգնեցրել… Ավելի ճիշտ՝ գրեթե ոչ մի փաստի։ Ուրարտական թագավորներ Սարդուրի Երկրորդի, Արգիշտի Երկրորդի և Ռուսա Երկրորդի  սեպագիր արձանագրություններում (հայտնաբերվել են Վանում, Թանահատի վանքի ավերակներում և Վանա լճում), որոնք պատմում են թագավորների արշավանքների մասին, հիշատակվում է նաև այս տարածաշրջանը, բայց ոչ հուշարձանը։

2010 թվականին ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանվել է 50 հա։ Ներկայումս այն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ է։ 

 

Զորաց քարերից աստղերի՞ն էին նայում

Զորաց քարերի մասին պատմական տվյալների սակավությունը չի խանգարել, որ դրա կառուցվածքի, գտածոների ուսումնասիրության ու համեմատությունների միջոցով տարբեր հետազոտողներ առաջ քաշեն հուշարձանի նշանակության մասին իրենց վարկածները։

Փորձեք որոնողական համակարգերում փնտրել «Զորաց քարեր» կամ «Քարահունջ»․ աղբյուրների մի զգալի մասում դուք կկարդաք, որ կառույցը հնագույն աստղադիտարան է։ 

Հուշարձանի նշանակության երկու՝ դամբարանի և աստղադիտարանի վարկածների մասին 1984-ին խոսել է հնագետ, պատմաբան Օնիկ Խնկիկյանը «Հայաստանի բնություն» գիտամասսայական թերթի «Սիսիանի զորաքարերը» հոդվածում (էջ 33)՝ վերջնականապես չհերքելով կամ չհաստատելով վարկածներից և ոչ մեկը։

Հուշարձանի՝ աստղադիտարան լինելու մասին ենթադրություն առաջ է քաշել նաև աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանը (Эльма Парсамян, “О возможном астрономическом назначении мегалитических колец Ангелакота”, 1985)՝ առաջին անգամ հուշարձանի հետ կապելով Քարահունջ անվանումը։

Հետագայում իր հարցազրույցներից մեկում Էլմա Պարսամյանը պատմում էր, թե ինչպես է, հիմնվելով բրիտանական Սթոունհենջի (Stonehenge) վրա, շրջանառել Քարահունջ անվանումը․ «Ինչ վերաբերում է անվանը, ապա այն հետաքրքիր պատմություն ունի: Սուրճի սեղանի շուրջ զրուցում էի փեսայիս հետ, ով Քարահունջ գյուղից էր: Սեղանին դրված էր նաև Քարահունջի օղի: Եվ ես պատմում էի  «Զորաց քարերի» մասին․ այն, թե ոնց եմ տեսնում, ինչ եմ տեսնում: Սթոունհենջ, Սթոունհենջ..․ Մեկ էլ երկուսս էլ՝ «սթոն»՝ Քարահունջ»:

Ավելի ուշ ֆիզիկոս Պարիս Հերունին իր «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում (էջ 19) այս խնդրահարույց ենթադրությունը ներկայացրեց որպես փաստ՝ հուշարձանն անվանելով Քարահունջի աստղադիտարան։


Ըստ աստղադիտարանի վարկածի կողմնակիցների՝ քարերի անցքերն աստղերին նայելու համար են արվել

Նույն հարցազրույցում Էլմա Պարսամյանը պատմում էր, որ ինքը չի ընդունում Պարիս Հերունու այն վարկածը, թե հուշարձանն ունի 7 500 տարվա պատմություն, փոխարենն ընդունում է հուշարձանի ուսումնասիրության հնագիտական մեթոդը։

Աստղադիտարանի վարկածի կողմնակիցների խմբին հետագայում միացան մաթեմատիկոսներ, Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցներ։ Պ․ Հերունու ուսումնասիրությունների վրա հենվելով՝ նրանք ևս հուշարձանին աստղադիտարանի նշանակություն տվեցին։ Հուշարձանի կառուցվածքը մի խումբ հետազոտողներ նմանեցրին Կարապի (Անգղի) համաստեղությանը՝ խոսելով կառույցի 7500 և ավելի տարեկան լինելու մասին։ Ուսումնասիրողների մի մասն էլ հուշարձանի կառույցներից մեկը համարում է Արևի տաճար։

 

Մեռյալների ու ապրողների քաղաքը․ հնագիտական բացատրությունը

19-րդ դարի վերջում և 20-րդ դարում տարբեր մասնագետներ (Ե․ Լալայան, Ստ․ Լիսիցյան, Օ․ Խնկիկյան) ուսումնասիրել են Զորաց քարեր հուշարձանի տարածքը, իսկ 2014 թվականին կառավարության նախաձեռնությամբ սկսված պեղումները միավորել են հուշարձանագետների, հնագետների, աստղագետների, մարդաբանների (նրանցից են պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահագն Գուրզադյանը, հնագետ, մարդաբան Հասմիկ Սիմոնյանը)։

Պեղումների մասնակից գիտնականներն ասում են՝ հուշարձանը մեգալիթյան հնավայր է, որ բաղկացած է բնակավայրից և դամբարանադաշտից: Նրանց խոսքով վաղ շրջանի գրեթե բոլոր հուշարձաններն ունեն լուսատուների հանդեպ որոշակի ուղղվածություն՝ աստղերի ու արևի զորության մասին մարդկանց պատկերացումներից ելնելով, սակայն այս հուշարձանն այլ կիրառություն է ունեցել։ Ըստ աստղաֆիզիկոս Վահագն Գուրզադյանի՝ հնավայրը աստղադիտարան համարելու որևէ գիտական հիմնավորում չկա․ այն տարածաշրջանի համար եզակի է որպես մեգալիթյան հուշարձան, բայց աստղագիտական նպատակներով չի կառուցվել։


Պեղումներ Զորաց քարերում (նկարը՝ Աշոտ Փիլիպոսյանի արխիվից)

Զորաց քարերում իրականացված պեղումների ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական ղեկավար Պավել Ավետիսյանը և այլ մասնագետներ խոսում են հուշարձանի մոտ 3500-4000 տարեկան լինելու մասին՝ հիմնվելով հուշարձանից հայտնաբերված գտածոների ուսումնասիրության վրա (ամենահին գտածոները 4000 տարվա պատմություն ունեն)։ Նրանց մեկնաբանմամբ հուշարձանի տարածքի քարերի մշակված անցքերը դրանք պարաններով տեղափոխելու համար են և այլ նշանակություն չունեն։ Ըստ հնագետների՝ հուշարձանը սկզբում միայն դամբարան է եղել, ավելի ուշ այստեղ բնակավայր է կառուցվել։ 

 

Թերթի մի հոդվածը՝ պեղումների սկիզբ

Հնագետ Աշոտ Փիլիոսյանին հանդիպում եմ իր աշխատասենյակում՝ լի գրքերով, փաստաթղթերով ու արևով։ Նրան պատմում եմ, թե ինչպես սկսեցի հետաքրքրվել այս թեմայով։ Զրուցակիցս էլ Զորաց քարերով հետաքրքրվելու իր պատմությունն ունի։

Ամեն բան սկսվեց, երբ տարիներ առաջ Աշոտ Փիլիպոսյանի աչքով ընկավ «Սովետական Հայաստան» թերթում հնագետ Սեդրակ Բարխուդարյանի՝ 1930-ականներին հեղինակած մի հոդված, որտեղ հուշարձանը ներկայացվում էր որպես հնագույն դամբարան։


Նկարը՝ Սեդրակ Բարխուդարյանի հոդվածից (Աշոտ Փիլիպոսյանի արխիվից)

«Ես մտածեցի, որ դա  շատ հետաքրքիր կառույց է, որովհետև երբ այցելեցի ու տեսա դրա տեսքը, հասկացա, որ դա շատ մեծ դամբարան է»,- հիշում է գիտնականը։

Աշոտ Փիլիպոսյանն ինձ ցույց է տալիս Զորաց քարերի լուսանկարներն ու պատմում, որ հուշարձանից պեղած գտածոները խոսում են Հայաստանի՝ մերձավորարևելյան երկրների հետ ունեցած լուրջ կապերի մասին․ «Հնավայրից հայտնաբերված խեցեղենը, զարդերն ու այլ իրեր տարածաշրջանային տարանցիկ առևտրի ու միջցեղային հարաբերությունների փաստացի վկաներն են»։


Հուշարձանից հայտնաբերված գտածոներից (աղբյուրը)

Հնագետն ապա խոսում է հսկայական քարերի՝ այդ տարածք բերելու անհրաժեշտության մասին․ նրա խոսքով քարերով սոցիալական բարձր խավի ներկայացուցիչների համար դամբարաններ են կառուցվել։ 

«Այդքան հսկայական քարերը համայնիկների** համար չէին»,- մանրամասնում է հնագետն ու հավելում, որ քարերը բերվել են հուշարձանից մոտ 700 մ հեռավորության վրա գտնվող քարհանքից։ Այս վարկածը նա հիմնավորում է այն փաստով, որ քարհանքի տարածքում ևս պեղումների ժամանակ դիտանցման ու հետազոտությունների արդյունքում  անցքավոր քարեր են հայտնաբերվել։

 «Տեղափոխման համար են մշակել քարերը, որպեսզի անցքերը անհարթություններ չունենան, ու պարանները երկար դիմանան։ Հետո գերանների օգնությամբ քարերը նպատակակետին են հասցրել»,- ասում է նա։


Պեղումները Զորաց քարերում, վերևում՝ Աշոտ Փիլիպոսյանը (նկարը՝ վերջինիս արխիվից)

Անցքավոր քարերը, որոնք հուշարձանի նշանակության վերաբերյալ երկու վարկածների բանավեճերի հիմնական «մեղավորներն» են, միակ զորաքարերը չեն։ Հուշարձանի տարածքում մեծ է նաև այն քարերի թիվը, որոնք առանց անցքերի են։ Հարցին, թե ինչպես են այդ քարերը տեղափոխել, եթե պարաններով քաշելու հնարավորություն չեն ունեցել, Աշոտ Փիլիպոսյանը պատասխանում է՝ դրանք հենց տեղի քարերն են, քարերի մի մասը պարաններով քարհանքից է բերվել, մյուս մասը՝ հենց մոտակա ժայռերից, որոնք շրջապատում են հուշարձանը։

Քարերի մասին հարցերիս վերջ չկա։ Զրուցակցիս հետ քննարկում եմ նաև դրանց տեսքը․ քարերը անցքերի մասում հիմնականում ավելի սուր են, ներքևի մասում՝ ավելի հաստ։ 


Որոշ քարեր անցքեր չունեն

«Դամբարանի ծածկի համար նախատեսված քարերը պիտի վերևի մասում բարակ լինեին, ներքևի մասում՝ հաստ, որ դամբարանի մեջ չընկնեին, իսկ անցքերը արել են հիմնականում հենց այդ բարակ մասերում, որպեսզի պարանով կառավարելը հեշտ լինի։ Ուղղաձիգ տնկված քարերն, ամենայն հավանականությամբ, ամրաշինական ու պաշտպանական գործառույթ են կատարել։ Դրանց միջնատարածքում փոքր քարեր են շարվել, որպեսզի երբ վերջիններս վնասվեն, ավելի արագ ու հեշտ կարողանան պատը վերականգնել»,- պարզաբանում է հնագետը։

 

Ո՛չ Արևի տաճար, ո՛չ աստղադիտարան, ո՛չ էլ 7500 և ավելի տարվա պատմություն․

- Պարո՛ն Փիլիպոսյան, հուշարձանի նշանակության մեկ այլ տեսակետ կա, ըստ որի՝ այն աստղադիտարան է եղել։ Ի՞նչ տեղեկություններ ունեք այդ մասին,- հարցնում եմ զրուցակցիս։

- Այնտեղ աստղագիտական գործիքներ չենք գտել, քարերը շրջանաձև չեն շարված, որ կարողանային երկնակամարը դիտարկել։ Դրա փոխարեն մի շարք դամբարաններ կան տարածքում, քարերը շարված են հնավայրի առավել մատչելի ու անպաշտպան՝ արևելյան հատվածում և մ.թ.ա. 7-6-րդ դարերում պաշտպանական գործառույթ են իրականացրել,- պատասխանում է նա։

- Իսկ Արևի տաճա՞րը։

-Տաճարը վերգետնյա, բարձր պատերով, որոշակի ուղղվածությամբ, որոշակի պաշտամունքային սկզբունքներ ունեցող կառույց է։ Մինչդեռ խնդրո առարկա հուշարձանն ուշբրոնզեդարյան շինարարական ավանդույթների տարածված սկզբունքով կառուցված, արևելք-արևմուտք կողմնորոշմամբ դամբարանային համալիր է։ 

Աշոտ Փիլիպոսյանը պատմում է, որ 2014-2017 թթ․ պեղումների ընթացքում Զորաց քարերից 170-ից ավելի հնագիտական իրեր են գտել՝ 6 կմախք՝ տարբեր սեռերի ու տարիքների։ Ընդ որում՝ երեխայի կմախքը ամենաուշն է թվագրվում՝ մ․թ․ա․ 6-րդ դար: Հայտնաբերած կմախքների դիրքը ցույց է տալիս, որ գործ ունենք թաղումների հետ։

«Մենք հիմա չենք կարող ասել՝ կոնկրետ ովքեր են թաղված։ Բայց դամբարանի գտածոների օգնությամբ կարող ենք եզրակացնել նրանց՝ սոցիալական համեմատաբար բարձր խմբի պատկանելը»,- նշում է գիտնականը։

Աստղադիտարանի վարկածի կողմնակիցները պնդում են նաև, որ հուշարձանի կառուցվածքը համապատասխանում է Կարապի (Անգղի) համաստեղության կառուցվածքին։

Անդրադառնալով այս պնդմանը` Աշոտ Փիլիպոսյանը նշում է. «Հնագետներից մեկը, եթե չեմ սխալվում, այս հուշարձանից մոտ 2 կմ հյուսիս՝ փորձարարական կայանի մոտ, մի փոքր անոթ է պեղել, որի վրա թռչնանման ինչ-որ զարդանախշ կա, և դրա մերձակայքում չորս կիսագնդիկ  կա ամրացված, իսկ տակը կա չորս կետ։ Այս պատկերն են նմանեցնում Կարապի համաստեղությանը, բայց այն ինչ ասես կարող է լինել։ Ոչ մեկս հերքել կամ հաստատել չենք կարող»։


Հայտնաբերված անոթը (նկարը՝ Աշոտ Փիլիպոսյանի արխիվից)

Մեռյալների մասին բավականին շատ խոսեցինք․․․ Իսկ բնակավայրում ապրողների մասին խոսելու շատ բան, պարզվում է, չկա։ Պեղումների ընթացքում հայտնաբերած տնտեսական հորերը, ուղղանկյուն կառույցներն ու թաքստոցները գիտնականների համար հիմք են դարձել ենթադրելու, որ Զորաց քարերը նաև բնակատեղի է եղել։ Աշոտ Փիլիպոսյանը դեռ չի ուսումնասիրել բնակտարածքը․ ասում է՝ դրա համար ֆինանսական ավելի շատ միջոցներ են անհրաժեշտ։ 

Գիտնականը նշում է, որ դամբարաններից մեկի պեղումները կիսատ է թողել։ Նայում է համակարգչի էկրանին, որտեղ  Զորաց քարերի նկարներն են, ու անկեղծանում․ «Սրտիս պարտք է մնացել, որ այդ դամբարանի ուսումնասիրությունը կիսատ եմ թողել․ անպայման շարունակելու եմ»։

Հաջորդ տարի գիտնականը նախատեսում է վերսկսել պեղումները, իսկ մինչ այդ արդեն որոշակի վարկածներ ունի դամբարանի մասին․ հույս ունի՝ իր պեղած  խմբային թաղումներով դամբարանների ցանկին մեկն էլ ավելացնել։ 


Զորաց քարերի դամբարաններից մեկը

Հարցին, թե ինչու է ենթադրում թե դամբարանում կարող էին խմբային թաղումներ եղած լինել, նա պատասխանում է․ «Դամբարաններ կան, որտեղ կենտրոնական հանգուցյալին ուղեկցում է սպասավորների համախումբը: Վերջիններիս մարմինները դրված են բարձրաստիճան հանգուցյալի ոտքերի մոտ, դամբանախցի անկյուններում և այլուր: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք միաժամանակյա ակտով արված խմբային թաղումներ են, երբ ցեղի մահացած առաջնորդի, զորահրամանատարի կամ նահապետի հետ նույն դամբանախուցն են իջեցվել նրա անդրաշխարհի ուղեկից սպասավորները։ Եթե ընդունենք, որ մեր նախնիները հավատացել են անդրաշխարհային կյանքին, ապա երևի նաև ենթադրել են, որ իրենց այնտեղ մարդիկ են պետք»։

Հնագետը հույս ունի, որ Զորաց քարերի այդ դամբարանն էլ այդպիսին կլինի։ Սակայն սա դեռևս ենթադրություն է։

Զորաց քարերի պեղումների արդյունքները Աշոտ Փիլիպոսյանը շարադրել  է “Aegean World and South Caucasus: Cultural Relations in the Bronze Age” ժողովածուում առանձին հոդվածի ձևաչափով (Վրաստան, 2016)։

 

Անունների կռիվն ու լեզվաբանության ասելիքը

Պատմագիտական աղբյուրներում հուշարձանի մասին տեղեկությունները սահմանափակ են: Թեև ժողովրդի մոտ հուշարձանը տարբեր անուններ ունի, կարիք կար հուշարձանին պաշտոնական անվանում տալու։ Կառավարութան 2004 թվականի որոշմամբ հուշարձանի կառույցներից մեկը (Աշոտ Փիլիպոսյանի խոսքով՝ կենտրոնական դամբարանը) «Քարահունջի աստղադիտարան» անունն էր ստացել, ավելի ուշ՝ 2017 թվականին, այդ անվան ուժը կորցնելու մասին որոշում ընդունվեց։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական էջում հուշարձանն անվանվում է «Զորաց քարեր»։

Լեյդենի համալսարանի գիտաշխատող, լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը հիշում է՝ թեև վաղուց էր լսել Քարահունջ-Զորաց քարեր հակամարտության մասին, նրա համար որոշիչ դարձավ այն պահը, երբ ատլասներից մեկում կարդաց հետևյալ ձևակերպումը․ ««Զորաց Քարեր» կամ «Քարահունջ»՝ հնագույն աստղադիտարան (Ք.Ա. VII հզրմ.), «Zorats Karer» or «Karahunj» (Stonehanj) – Ancient observatory (VII mln B.C.)»։ 

Անգլերեն «Stonehenge» բառի «Stonehanj» գրության ձևը տարօրինակ թվաց լեզվաբանին, ու նա որոշեց՝ պետք է ուսումնասիրել թեման ու գիտահանրամատչելի-հրապարակախոսական հոդված գրել այդ մասին։

Սթոունհենջ-Քարահունջ կապի մասին, ինչպես նշեցինք, առաջինը խոսեց Էլմա Պարսամյանը։ Հրաչ Մարտիրոսյանը նշում է՝ նա կատակով հուշարձանը կոչեց Քարահունջ, որն իրականում բոլորովին այլ վայրերի անվանում է։ 

«Ապա այդ անվանումն ամրացրեց Պարիս Հերունին՝ ներկայացնելով այն հիմնազուրկ մեկնությունը, թե Քարահունջ բառի երկրորդ բաղադրիչը հունչ արմատն է»,- ասում է լեզվաբանը։

Հրաչ Մարտիրոսյանը նշում է՝ տեղանունների մասով հատուկ զգուշավորություն է պետք ցուցաբերել, քանի որ դրանց զգալի մասի բնիմաստները համաժամանակյա կտրվածքով մեզ հայտնի չեն․ «Բայց Քարահունջի դեպքում բախտներս գոնե մի քիչ բերել է, քանի որ հանգիստ կարելի է վերլուծել»։ 

Հրաչ Մարտիրոսյանը պատմում է, որ դեռևս 5-րդ դարում Փավստոս Բուզանդը կիրառել է «ունջ» բառը՝ բերդի ունջ կամ բերդի տակ արտահայտությամբ։ 

«Գերմանացի լեզվաբան, հայագետ Հայնրիխ Հյուբշմանի տեղանունների բառարանում հստակ գրված է՝ «քարունջ» նշանակում է քարի տակ, ինչպես արփունջ՝ արևի տակ։ Ուրեմն՝ բերդահունջ՝ բերդի տակ»,- ասում է նա։ 

Լեզվաբանի խոսքով մի շարք գյուղեր անվանվել են Քարահունջ մասնավորապես այն պատճառով, որ քարերով ու ժայռերով են շրջապատված։ Քարունջից Քարահունջ անցումն էլ, ըստ նրա, այսպես է եղել․ «ա»-ն որպես հոդակապ միացել է բառին, «ա» և «ու» տառերը իրար հետևից արտասանելը դժվար է եղել, ուստի, ամենայն հավանականությամբ, ներմուծվել է «հ», հորանջ*** է տեղի սւնեցել, ինչպես հետևյալ օրինակներում՝ «գի-հ-ի», «էրկու-հ-ինջի****» և այլն։

Հրաչ Մարտիրոսյանը բացատրում է, որ «Զորաց քարեր»-ը հուշարձանի հին անվանումը չէ, այն  խորհրդային շրջանում թուրքերեն տարբերակի՝ «Ղոշուն Դաշ»-ի (Koşun taş)՝ մասնագիտական բառապաշար  ներմուծված թարգմանությունն է։  

«Հուշարձանի անվանումը չի վկայվել մատենագրական հին աղբյուրներում։ Տեղեկություններ կան, որ հուշարձանը կոչվել է նաև Ցից քար, թեև սա նույնպես հին վկայություններ չունի։ Բայց սա բացարձակապես չի նշանակում, թե մենք դաշտ ենք բացում թուրքերեն տարբերակի համար։ Ղոշուն Դաշը ոչ մի օրգանական ու խորքային կապ չունի հնավայրի բնույթի ու բովանդակության հետ, օտար ու լուսանցքային անվանում է, ուստի Հայաստանում այն տեղ չունի։  Զորաց քարեր կամ Զորաքարեր անունը դեռ խորհրդային հանրագիտարանում և այլուր գործածված պաշտոնական անվանում է, ուստի հիմա հանգիստ կարելի է շարունակել այն գործածել։ Բայց Քարահունջ անունը պետք չէ գործածել, քանի որ այն սխալմամբ է տրվել հնավայրին և անքակտելիորեն զուգորդվում է հակագիտական պնդումների մի մեծ թնջուկի հետ»,- ասում է լեզվաբանը։

Խոսելով հուշարձանների լեզվաբանական ուսումնասիրության մասին՝ Հրաչ Մարտիրոսյանը նշում է․ «Հուշարձանների՝ պատմահամեմատական լեզվաբանության տեսանկյունից ուսումնասիրումը հնարավորություն է տալիս բացահայտել այս կամ այն երևույթի՝ ծեսի, ավանդության անվանումը, դրա բացատրությունը, եթե հայտնի է այն։ Ամեն երևույթ էլ անուն ունի․ կախված, թե որ ժամանակից է ու որտեղից՝ կարող ենք հայերենի համապատասխան շրջանի բառապաշարն ու կառուցվածը ուսումնասիրել, փնտրել դրա իմաստը»։

Նրա խոսքով տեղանունների ստուգաբանական ուսումնասիրման բարդ աշխատանքը պահանջում է հավելյալ զգուշավորություն և մասնագիտական խիստ մեթոդաբանություն․ «Ու ամենից առաջ, իհարկե, պետք է չմոռանալ հայկական տեղանունների՝ մեր ձեռքի տակ եղած միակ գիտական ստուգաբանական բառարանը՝ «Հին Հայոց տեղւոյ անունները» (1904/1907)։ Մենք պարզերես ենք պատմության առաջ և, ի տարբերություն մեր թշնամիների, պատմություն կցմցելու և մեր լեզուն, մշակույթն ու քաղաքակրթությունը հակագիտությամբ գունազարդելու և դրանով մեզ պատվազրկելու կարիք չունենք»։ 

 

***

Գիտնականների հետ զրույցներից հետո փորձում եմ հավաքածս տեղեկությունները դարակներում դասավորել ու հասկանալ՝ ի վերջո մենք բավարար չափով գիտելիքներ ունե՞նք Զորաց քարերի մասին։ 


Թեև շատ բաներ դեռ հստակ չեն, բայց դամբարան-բնակավայր վարկածի կողմնակիցները շարունակում են ուսումնասիրությունները, և գուցե հետագա պեղումների արդյունքում հնարավոր դառնա բացահայտել Զորաց քարերի իրական պատմությունն ու նշանակությունը։

 

*Մեգալիթ - մեծ, կոպիտ քարեր, որոնք օգտագործվում էին նախապատմական ժամանակաշրջանում։

**Համայնիկ - գյուղական համայնքի անդամ։

***Հորանջ -  հավելում երկու (կամ ավելի) ձայնավորների միջև։

****Էրկուհինջի - երկրորդ (արցախյան բարբառ)։

 

Հեղինակ՝ Անի Խաչատրյան
Լուսանկարները՝ Արթուր Գալստյանի

Հոդվածը պատրաստվել է «Գիտական և տեխնոլոգիաների լրագրություն» դասընթացի շրջանակներում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (1)

Լևոն 10:03 11.սեպտեմբերի.2024

Բայց փաստ է, որ Զորաց քարեր էլ չէ այս հնավայրի իրական անվանումը, վստահաբար այն ունի հին հայկական իր ճիշտ անվանումը։ Չե՞ն ուզում գիտնականները և պետությունը գտնեն դա, այլ ոչ թե մեխանկորեն թարգմանեն 18-19-րդ դարերում այլոց դրած անունը։

Մեկնաբանել