Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԶՀԿ հետ ՀՀ փոխգործակցության, ինչպես նաև ընդհանուր առմամբ զբոսաշրջության և կայուն զարգացմանն առնչվող հարցեր:
Նախարար Միրզոյանը նշել է. «ՀՀ Կառավարությունն իրականացնում է հայկական արտադրության ու դրա արտահանման, զբոսաշրջության խթանման, ոլորտում ներդրումների ներգրավման համար կարևոր, թիրախային բարեփոխումներ: 2024 թ․ դրությամբ ավելի քան 40 ավիաընկերություններ ուղիղ թռիչքներ են իրականացնում դեպի Հայաստան, որն ունի ակտիվ խաչմերուկի վերածվելու մեծ ներուժ»:
Արարատ Միրզոյանը և Զուրաբ Պոլոլիկաշվիլին անդրադարձել են ՄԱԿ-ի ԶՀԿ-ի զբոսաշրջության գործադիր խորհրդի շրջանակներում աշխատանքներին, որի անդամ Հայաստանն ընտրվել է 2021-2025 թթ. ժամանակահատվածի համար: Համատեղ նախաձեռնությունների շարքում զրուցակիցները գոհունակությամբ նշել են այս օրերին Երևանում անցկացվող ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային համաժողովը: Իր խոսքում Զուրաբ Պոլոլիկաշվիլին նշել է. «Մենք սկսել ենք Վրաստանից, այնուհետև՝ Չիլի, Արգենտինա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, իսկ այժմ՝ Հայաստան. մենք Հայաստանն ավելացնում ենք գինու տուրիզմի քարտեզին»:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության ու զարգացման ապահովման կարևորությանը և այդ համատեքստում տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, դրանց ցանցի ավելացման առանցքային դերին:
comment.count (0)