Արդարացումից երեք տարի անց Քոչարյանն ու մյուսները կրկին կկանգնեն դատարանի առջև
 |azatutyun.am|
16:12 - 16 սեպտեմբերի, 2024

Արդարացումից երեք տարի անց Քոչարյանն ու մյուսները կրկին կկանգնեն դատարանի առջև |azatutyun.am|

azatutyun.am: Արդարացումից երեք տարի անց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա նախկին երեք ենթակաները՝ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը, 2008-ի մարտի 1-ի գործով դարձյալ կկանգնեն դատարանի առջև։ Վճռաբեկ դատարանն օրերս բեկանել է արդեն նախկին դատավոր Աննա Դանիբեկյանի՝ դեռ ուժի մեջ չմտած արդարացման վճիռն ու գործն ուղարկել նոր քննության՝ Հակակոռուպցիոն քրեական դատարան։ Դեռ պարզ չէ, թե որ դատավորին կմակագրվի այս գործի քննությունը, և երբ կսկվի դատավարությունը։

«Սա ավելի շուտ քաղաքականություն է, որտեղ օգտագործվում է իրավաբանությունը՝ որպես միջոց խնդիրները լուծելու համար», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Գլխավոր դատախազությունն, ըստ ամենայնի, Քոչարյանին ու մյուսներին նոր հոդվածով մեղադրանք կառաջադրի՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Նրանք անգամ մեղավոր ճանաչվելու դեպքում չեն ազատազրկվի՝ այս հոդվածով վաղեմության ժամկետն անցնելու պատճառով։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը տպավորություն ունի, որ իրավական հետևանք չունեցող այս քայլն արվեց ոչ թե Քոչարյանին ու մյուսներին դատելու, այլ հենց իշխանության համար, որ ցույց տան, թե կատարում են իրենց խոստումները։

«Ե՛վ Մարտի 1-ի գործը, և շատ գործեր փորձում են ուղղակի օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար: Հատկապես որ առջևում ընտրությունների տարի է մոտենում, ավելի հակված եմ ես կարծել, որ սա խաղ է՝ հերթական խաղ քաղաքական, որի ընթացքում պետք է ցույց տան, թե իրենք հավատարիմ են իրենց խոստումներին, թե Մարտի 1-ը իրենց մտքում կա, թե բոլոր հանցագործությունները պետք է բացահայտվեն», - ընդգծեց Հարությունյանը:

2018-ի հեղափոխությունից հետո մարտի 1-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք էր առաջադրվել Քոչարյանին ու մյուսներին։ Նրանց փաստաբանները, սակայն, շարունակաբար պնդում էին, որ այդ հոդվածը հակասահմանադրական է, ունի խնդիրներ և չի կարող գոյություն ունենալ։ Նույնը եզրահանգել էր Սահմանադրական դատարանը, ինչից հետո գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն արդարացրել էր ամբաստանյալներին՝ հրաժարվելով լսել այդ ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ու մյուսների պնդումները։ Դատախազները դատավորին խնդրել էին չգնալ խորհրդակցական սենյակ, այլ՝ հնարավորություն ստեղծել վերաորակել հոդվածը։

Ապա Դատախազության բողոքարկման արդյունքում Վճռաբեկ ատյանը եզրահանգեց, որ ստորադաս դատարաններն ակտ կայացնելիս դատական սխալ են թույլ տվել, օրենք են խախտել, երբ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո դադարեցրել են քրեական հետապնդումը։ Ըստ Վճռաբեկի՝ նախքան խորհրդակցական սենյակ մտնելը դատավորը պետք է դատախազներին հնարավորություն տար վերաորակել ամբաստանյալների արարքը։

Նախկին նախագահի փաստաբանները դեռ մեկնաբանություն տալ չեն ցանկանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել