iravaban.net: Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հրապարակվեց Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ խորհուրդը որոշեց մերժել Արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը, դատավորը պատասխանատվության չի ենթարկվի։
«ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը դեմ է քվեարկել որոշմանը և ունի հատուկ կարծիք։ Որպես պարզաբանում ԲԴԽ-ն հարկ է համարում նշել, որ ըստ Արդարադատության նախարարի միջնորդության՝ դատավորի և գործով ամբաստանյալի պաշտպանի միջև եղած ընկերական հարաբերությունների պայմաններում դատավորը ինքնաբացարկ ունենալու պարտավորություն ունենալով այն չի կատարել, որն էլ հանգեցրել է վարքագծի կանոնների խախտման։ Սակայն խորհուրդը եկել է այն եզրահանգման, որ դատական քննության նշված փուլում գործով ամբաստանյալի պաշտպանի և դատավորի միջև առկա հարաբերությունների առնչությամբ անկողմնակալ դիտորդի մոտ դատավորի անաչառության վերաբերյալ կասկած հարուցող հանգամանք, հետևաբար նաև դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմք առկա չի եղել»,-նշեց խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։
Հիշեցնենք՝ դատավորը փաստաբանից ընդունել է նվեր՝ «տնական քաշած կոնյակ», վեջինս հայտնել է միմյանց միջև ունեցած ընկերական հարաբերությունների մասին, ինչից հետո նոր բացարկ է հայտնել․ «Այդ գործով դատական նիստերից մեկի ավարտին պաշտպանը թոռնուհու ծննդյան առթիվ իր կողմից պատրաստված կոնյակ է փոխանցել, ինչի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ և գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ քրեական հետախուզում չի իրականացվել»։
Դատավոր Արթուր Ադամյանի պնդմամբ՝ միմյանց միջև եղած հարաբերությունները երբևէ չեն ազդել իր աշխատանքի վրա, նախկինում նման դեպքեր չեն եղել․ «Աշխատողս ասեց՝ ասել է իմ ձեռքի սարքածն ա, թող փորձի, գնահատական տա, էս ա եղել, եթե դա չլիներ, ես էլի ինքնաբացարկ էի հայտնելու, կաշկանդված չեմ եղել իմ հարաբերությունների հետ կապված, և ես գործը քննելու էի օբյեկտիվ ու դատական ակտը կայացնելով»։
comment.count (0)