iravaban.net: ԲԴԽ-ն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, քննում է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը, ներկայացնելով կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդությունը, նշեց, որ պատճառ է հանդիսացել դատախազի կողմից ներկայացված հաղորդումը, ըստ որի՝ ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող, ՀՀ-ում ձերբակալված ՌԴ քաղաքացի Օլեգ Լեբեդովին ժամանակավորապես կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Դատավորը ներգրավված է եղել նաև հերթապահության ցուցակում, գործը մակագրվել է նրան, և նախնական դատական նիստ նշանակվել է միայն առաջիկա երկուշաբթի օրը՝ ժամը 10։00-ին։ Ժամը 16։00-ին ձերբակալման ժամկետը անցել է, ձերբակալված անձի նկատմամբ հսկողությունը վերացվել է, այդ ընթացքում պաշտպանը միջնորդել է, որպեսզի նիստը ընդմիջվի 15 րոպեով, դատավորը բավարարել է այն, ինչից հետո ձերբակալված անձը կարողացել է փախչել դատական նիստից ու այլևս չի ներկայացել։
«Բախվում ենք մի իրավիճակի, երբ ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացին խուսափել է և չի ենթարկվել պատասխանատվության, գտնում ենք, որ մեղքը դատավորի վրա է, քանի որ դատական նիստը նշանակել է այնքան ուշ, որ վրա է հասել ձերբակալման 72 ժամի լրանալու պահը։
Դատավորը պարտավոր էր գիտակցել իր արարքի վտանգավոր հետևանքները՝ չնայած տվյալ իրավիճակում չի գիտակցել և կարծել է, թե հերթապահության ներգրավված լինելով կարող է շաբաթ-կիրակի օրերին չներկայանալ աշխատանքի»,-ասաց նա։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հարցրեց՝ արդյո՞ք նման տեղեկատվություն կա, որ ինքը շաբաթ-կիրակի օրերին, ընդգրկված լինելով հերթապահության ցուցակի մեջ, չի ներկայացել աշխատանքի, ներկայացուցիչը պատասխանեց՝ միջնորդության լուծման համար էական հանգամանք է այն, որ հերթապահության մեջ ներգրավված լինելով՝ այդ 2 օրերին դատական նիստ չի նշանակել, այլ նշանակել է 3-րդ օրը, երբ պետք է լրանար ձերբակալման ժամկետը։
Գաբրիելյանը հարցրեց՝ կա՞ որևէ իրավական նորմ, որ ինքը պարտավոր էր շաբաթ-կիրակի օրերին ներկայանալ աշխատանքի և այդ միջնորդությունը քննության առնել, Սուջյանը պատասխանեց՝ Դատական օրենսգրքի կարգավորումներով հնարավորություն է տրվում դատավորներին՝ ներգրավվելու հերթապահության ցուցակի մեջ, բացի դրանից, առկա է նաև ԲԴԽ որոշումը և նշվում է, որ դատավորն արտաժամյա աշխատանքի համար վարձատրվում է, այսինքն՝ դրանից հետևում է, որ այդ օրերին դատավորը պարտավոր է ներկայանալ աշխատանքի և դատական նիստ նշանակել իր հերթապահության մեջ գտնվելու ժամանակահատվածում։
comment.count (0)