hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում սեպտեմբերի 18-ին շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա երկու դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի և Անուշ Մինասյանի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։
Գործը հասել է դատաքննության փուլին, հետազոտվում են գործում առկա ապացույցները, որոնք ընդհանուր 17 հատոր են։ Այս դատական նիստին ավարտվեց 9-րդ հատորի ուսումնասիրությունը և անցում կատարվեց 10-րդին։
Սակայն մինչ կուսումնասիրվեին ապացույցները, պատասխանողների ներկայացուցիչներ Վահագն Գրիգորյանը և Ամրամ Մակինյանը հայտնեցին, որ միջնորդություն ունեն ներկայացնելու։ Նրանք դատարանին, որպես գրավոր ապացույց, ներկայացրին Սերժ Սարգսյանի վերաբերալ քրեական գործով արդարացման դատավճիռը՝ մոտ 200 էջից բաղկացած։ Պաշտպանները խնդրեցին հարգելի համարել դրա ներկայացման ժամկետի խախտումը, քանի որ գրավոր ապացույցները ներկայացնելու համար դատարանի սահմանած ժամկետում այդ դատավճիռը կայացված չի եղել դեռևս։
Ըստ փաստաբան Վահագն Գրիգորյանի՝ Դատախազությունը Սերժ Սարգսյանի գույքի ուսումնասիրության համար հիմք է ընդունել միայն այդ քրեական գործը, և եթե տվյալ գործով Ս․ Սարգսյանն արդարացվել է, ուրեմն այս վարույթը անհիմն է։ «Արդարացման դատավճռով հաստատվում է այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ ուսումնասիրություն սկսելու համար առիթ հանդիսացած ենթադրությունները քրեական գործի շրջանակներում չեն հաստատվել, և ևս մեկ անգամ հաստատվում է այն պնդումը, որ Ս․ Սարգսյանի նկատմամբ ուսումնասիրությունը հարուցվել է օրենքի խախտմամբ և կամայականորեն»,- ասաց Գրիգորյանը։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այդ դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, ավելին՝ Դատախազությունը բողոքարկել է այն։
Վահագն Գրիգորյանը հարցրեց դատախազին՝ եթե դատավճիռն օրինական ուժի մեջ մտած լինի, ապա դա բավարա՞ր է, որ այս գործն անհիմն համարվի։ Դատախազ Տիգրան Ենոքյանն ասաց՝ ոչ։ «Եթե նույնիսկ արդարացման դատավճիռն ուժի մեջ կմտնի, մեկը մյուսին չի խանգարելու, քանի որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը նախատեսում է, որ արդարացման դատավճռի կայացումը խոչընդոտ չէ այս վարույթի ավարտմանը»,- ասաց Տիգրան Ենոքյանը։
Վահագն Գրիգորյանը հայտնեց՝ այս գործով կա փաստական հանգամանքների չկրկնվող, յուրօրինակ համակցություն։ Նա երեք փաստեր հայտնեց, որոնք եզակի են դարձնում այս գործը։ «Առաջին՝ դատախազի զեկուցագրի մեջ որևէ գույքի մասին որևէ նշում կատարված չի եղել։ Այսինքն՝ այնպես չի, որ ի սկզբանե իրավասու մարմինը լեգիտիմ կասկած ունենալու իրավունք է ունեցել՝ ուսումնասիրություն սկսելու համար։ Երկրորդ՝ մեղադրանքը հերքվել է դեռևս այն պահին, երբ այս գործի քննությունն ընթանում է։ Եվ երրորդ՝ եթե նայում ենք գործով պատասխանողին պատկանող գույքի կազմը, պարզ երևում է, որ եթե չլինեին այն անձինք, որոնց պատկանող գույքերի և ծախսերի իրական շահառու է համարվել Սերժ Սարգսյանը, նրա նկատմամբ որևէ ուսումնասիրություն չէր կարող հարուցվել և չէր կարող գնալ դատարան այդ ուսումնասիրությունը»,- նշեց փաստաբան Վահագն Գրիգորյանը։
Դատարանը հարգելի համարեց ապացույցի ներկայացման ժամկետի խախտումը։ Իսկ ինչ վերաբերում է դատավճիռը որպես գրավոր ապացույց թույլատրելուն, դատարանն ընդգծեց՝ կողմը, չնայած նշում է, որ դա պետք է գրավոր ապացույց թույլատրել, սակայն վկայակոչում է իր փաստարկն այն մասին, որ ուսումնասիրություն սկսելու մասին որոշումը օրենքի խախտմամբ է կայացվել՝ ներկայացնելով այս ապացույցը՝ փաստարկն ամրապնդելու համար։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ դատարանը թույլատրեց այդ դատավճիռը՝ որպես ապացույց այնքանով, որքանով այն ուղղված է ուսումնասիրություն սկսելու որոշման օրինականության վիճարկմանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)