Այսօր Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցվող բազմաբնակարան կոմպլեքսի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի մոտ։ Այդ հասցեում կառուցվող «Դավթաշեն սիթի» բնակելի համալիրը հունիսի 5-ին շինարարության ավարտական ակտ է ստացել, սակայն բնակիչները պնդում են, որ համալիրում բազմաթիվ անավարտ աշխատանքներ կան։
«Շինարարական աշխատանքների ավարտական ակտ է տրամադրվել կառուցապատողին այն պարագայում, երբ շինարական աշխատանքները ավարտված չեն։ Խնդրելու ենք, որ վարչապետի աշխատակազմը պարզաբանի, թե ինչ իրավական հիմքերով են կատարվել շինարարության թույլտվությունների երկարացումները, ի՞նչ իրավական հիմքերով են տեղի ունեցել նախագծի փոփոխությունները»,- նշեց շենքի բնակիչներից Հայկ Սմբատյանը։
Դեռ 2021 թվականին կառուցապատող «Ն ԵՎ Ս ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ընկերությունը նախագծի մեջ փոփոխություններ է փորձել անել, ըստ որի նախորդ նախագծի կանաչապատ տարածքներում պետք է 8 հատ երկհարկանի քոթեջներ կառուցվեին։ Շենքի բնակիչները բողոքել են, թույլ չեն տվել, որ փոփոխությունն իրականություն դառնա.
«Նախագծով նախատեսված է եղել կանաչապատ տարածքներ, բակային տարածքներ, մանկապարտեզ, խաղադաշտ, թենիսի կորտ, ամֆիթատրոն, որոնցից ոչ մեկն էլ չի կառուցվել։ Այս պահին մի հատ մանկապարտեզ է մենակ կառուցված, և ինչ-որ ֆուտբոլի դաշտ ու ոչ այն տեղերում, որտեղ նախագծով նախատեսված էր»,- մանրամասնում է նորակառույցի բնակիչ Հայկ Սմբատյանը:
Ըստ բնակիչների՝ կառուցապատողը դիտավորյալ մեծ մակերեսով հողատարածք է ազատել, որ այն հետագայում օտարի։
Կադաստրային քարտեզում ևս երևում է, որ համալիրի տարածքից օգոստոս ամսին այլ ծածկագրով առանձնացվել է 4000 քմ մակերեսով հողատարածք։ Բնակիչները մտավախություն ունեն, որ առանձնացված տարածքը օտարվելու է՝ բնակելի շենքեր կառուցելու նպատակով։
Հայկ Սմբատյանի խոսքով՝ խնդիրներ կան նաև կնքված պայմանագրերում, քանի որ, կախված ժամանակահատվածից, տարբեր բնակիչների հետ տարբեր բովանդակությամբ պայմանագրեր են կնքվել։
Շենքում այժմ մոտ 300 ընտանիք է ապրում, նրանցից 160-ը մասնակցել են ստորագրահավաքին, դիմում ներկայացրել Կառավարություն, Դատախազություն և Քնչական կոմիտե։
Կառավարությունից պատասխանել են, որ դիմումը կուսումնասիրեն և պատասխան կներկայացնեն օրենքով սահմանված ժամկետներում։
Հեղինակ՝ Ջուլիետտա Հովհաննիսյան
comment.count (0)