Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում տեսչական մարմնի ընդունած վարչական ակտերը ենթակա են լինելու անհապաղ կատարման |armenpress.am|
14:09 - 19 սեպտեմբերի, 2024

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում տեսչական մարմնի ընդունած վարչական ակտերը ենթակա են լինելու անհապաղ կատարման |armenpress.am|

armenpress.am: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ընդունած վարչական ակտերը ենթակա են լինելու անհապաղ կատարման, տնտեսվարողի կողմից դատարան բողոքարկումը չի տալու տարկետման հնարավորություն։ ՀՀ կառավարության սեպտեմբերի 19-ի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը։

Նա հիշեցրեց, որ գործող օրենսդրության ուղղությամբ տեսչական մարմնի ընդունած գործունեության դադարեցման մասին վարչական ակտի կատարումը հնարավոր է կասեցնել դատարանի կողմից և տնտեսվարողը հնարավորություն ունի շարունակելու իր գործունեությունը։

«Ցավոք, որոշ մեր տնտեսվարողներ օգտվում են տվյալ ընձեռված հնարավորությունից։ Չնայած ակնհայտորեն իրենց գործունեությունն էական ռիսկեր է պարունակում մարդկանց կյանքի և առողջության համար, տեսչական մարմնի ընդունած վարչական ակտը բողոքարկում են և այդպիսով ստանում են ինչ-որ ժամանակ խախտումներով գործելու հնարավորություն։ 

Ներկայացվող նախագծերով առաջարկվում է լուծել այս խնդիրը և նախատեսել, որ այդ ոլորտներում քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ընդունած վարչական ակտերը ենթակա են լինելու անհապաղ կատարման։ Հետևաբար՝ դատարան բողոքարկումը չի տալու այդ տարկետումը»,-ասաց Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ դա վերաբերվելու է արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագրերին, ինչպես նաև կազմակերպությունների, շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումն ամբողջովին կամ մասնակի դադարեցնելու վերաբերյալ որոշումներին, եթե հրդեհային օրենսդրության խախտումներն անմիջականորեն կամ ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության։ 

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի խոսքով՝ նախագծով պարտադիր կոնսերվացման պահանջ է դրվելու չշահագործող արտադրական վտանգավոր օբյեկտների վրա, կսահմանվի ժամկետներ և պատասխանատվություն պահանջը խախտելու համար։

«Ներկայացված նախագիծն ուղղակիորեն առնչվում է կառավարության նախորդ նիստի ընթացքում հնչեցրած այն մտքի հետ, ըստ որի՝ քայլ առ քայլ պետք է վերացվեն այն բոլոր խոչընդոտները, որոնք մինչ այժմ թույլ չեն տվել հրդեհների և տեխնիկական անվտանգության ոլորտում ապահովել ամբողջական վերահսկողություն՝ պաշտպանելով մարդկանց կյանքն ու առողջությունը ոչ բարեխիղճ գործունեության հետևանքով առաջացած ռիսկերից»,-եզրափակեց Պետրոս Մարտիրոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել