Համաշխարհային հայկական գագաթնաժողովի պանելային քննարկմանը Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ու նախատեսվող բարեփոխումները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովի «Հայաստանի կայուն զարգացում և Սփյուռքի ներուժի ներգրավում» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:
Իր ելույթում նախարար Մկրտչյանը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ու նախատեսվող բարեփոխումները, մասնավորապես՝ անդրադառնալով ժողովրդագրության, աշխատանքի և զբաղվածության, ինչպես նաև թվայնացման ոլորտներում առկա մարտահրավերներին, իրականացվող աշխատանքին և հեռանկարներին։
Քննարկման շրջանակում նախարարը խոսել է ժողովրդագրության ռազմավարությամբ սահմանված գերակայությունների մասին՝ նշելով, որ փաստաթղթի առանցքում 4 առաջնահերթություններ են՝ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, ծնելիության մակարդակի բարձրացում, ակտիվ և առողջ ծերության պայմանների ապահովում, ինչպես նաև էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում․ այս տեսլականի իրագործման նպատակով՝ նախատեսվում է իրականացնել շուրջ 190 միջոցառում։ Նարեկ Մկրտչյանը նաև նշել է, որ ռազմավարությունն առաջիկայում կներկայացվի Կառավարության հավանությանը։
«Ծնելիության մակարդակի բարձրացումից զատ՝ մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որը հնարավորության կտա զարգացնել մարդկային կապիտալն ու խթանել ընտանիքների բարեկեցությունը։ Ժողովրդագրության ռազմավարության մշակմանը զուգահեռ՝ երեխա ունեցող ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովման նպատակով՝ ԱՍՀ նախարարությունը շարունակում է իրականացնել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման, ընտանիքում երրորդ և հաջորդ երեխա ունեցող ընտանիքների աջակցության և մի շարք այլ ծրագրեր»,- ասել է նախարարը։
Անդրադառնալով մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործման կարևորությանը՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է նաև աշխատանքի և զբաղվածության ոլորտում մշակվող ռազմավարության կարևորությունը։ Նա նշել է, որ փաստաթղթում որպես հիմնանպատակ է սահմանվել զբաղվածության խթանումը՝ մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորման և բարձր արտադրողական աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով։ Արդյունքում՝ ոլորտի քաղաքականության իրականացման համար թիրախային խմբեր են սահմանվել մարզային քաղաքները ներառող համայնքների աշխատանքային տարիքի քաղաքացիները, 18-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդները և միջին տարիքի չաշխատող կանայք։
Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ մինչ ռազմավարությամբ նախատեսվող միջոցառումների մեկնարկը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացրել է որոշ պիլոտային ծրագրեր, ինչպես օրինակ՝ «Կանանց աքսելերատոր»-ը և «Պլատֆորմ #5»-ը, որոնք որոշակի օրինակ են ծառայել այլ երկրների համար։
Պանելային քննարկման ընթացքում նախարար Մկրտչյանն անդրադարձել է նաև սոցիալական ծառայությունների թվայնացման կարևորությանը՝ ներկայացնելով ճգնաժամային իրավիճակներում թվային գործիքների կիրառման հաջողված փորձն ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքները։
comment.count (0)