Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի աշխատանքը ներկայացվել է Մոլդովայում կայացած «Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերն ու մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ԵՄ անդամակցության և գործընկերության համատեքստում» խորագրով միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը և Պաշտպանի խորհրդական Անժելիկա Մովսեսովան մասնակցել են սեպտեմբերի 19-ից 20-ը Մոլդովայի Քիշնև քաղաքում կայացած՝ «Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերն ու մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ԵՄ անդամակցության և գործընկերության համատեքստում» խորագրով միջազգային համաժողովին:
Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարը հանդես է եկել որպես բանախոս պանելային քննարկմանը՝ նվիրված Օմբուդսմանական և մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերի ամրապնդմանը տարածաշրջանում՝ առկա մարտահրավերների և հնարավորությունների դիտարկմամբ։
Նինա Փիրումյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները ինչպես հաստատության ընդհանուր մանդատի, այնպես էլ կոնվենցիոն կարգավիճակների շրջանակում՝ ընդգծելով հաստատության պատշաճ գործառութավորման համար անհրաժեշտ ռեսուրսների ապահովվածության կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանի հաստատության՝ որպես անկախ և անկողմնակալ մշտադիտարկման մեխանիզմի ներգրավվածությանը ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված քննարկումներին։
Հատուկ ընդգծվել է, որ այդ քննարկումներին Պաշտպանի հաստատության՝ մարդու իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված առաջարկները դիտարկվում են իբրև օբյեկտիվ և արժանահավատ տեղեկատվություն՝ գնահատելու պետության հանձնառությունների կատարման վիճակը՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության համատեքստում։
Գլխավոր քարտուղարն առանձին անդրադարձել է Օմբուդսմանական և մարդու իրավունքների ազգային հաստատությունների համար անվտանգ և կառուցողական միջավայրի ապահովման կարևորությանը՝ մեջբերելով Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ 2024 թվականի զեկույցը, որում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի դեմ իրականացվող արշավները դիտարկվել են որպես կազմակերպված բնույթ ունեցող։
Որպես Պաշտպանի հաստատության առաջնահերթություն և մարտահրավեր՝ հատուկ անդրադարձ է կատարվել Պաշտպանի հաստատության փաստահավաք գործունեությանն ու դրա արդյունքներին՝ ընդգծելով 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանման արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները։
comment.count (0)