Պաշտոնյաներ, որոնք եկամուտ են ստացել առցանց խաղատներից
20:28 - 24 սեպտեմբերի, 2024

Պաշտոնյաներ, որոնք եկամուտ են ստացել առցանց խաղատներից

Գլխավոր դատախազության, Պետական եկամուտների կոմիտեի և Ծաղկահովիտ համայնքի չորս պաշտոնյաներ 2022 և 2023 թվականներին եկամուտ են ստացել առցանց խաղատներից։ Այս մասին պարզ է դառնում հայտարարատու բոլոր պաշտոնյաների՝ 2021-2023 թվականներին հայտարարագրած եկամուտների ուսումնասիրությունից։

Մասնավորապես, ՊԵԿ Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչության - վարչության փոքր հարկ վճարողների ընթացիկ հսկողության թիվ 9 բաժնի՝ արդեն նախկին գլխավոր հարկային տեսուչ Դավիթ Մելքումյանը 2023 թվականի տարեկան հայտարարագրում 255 հազար դրամ եկամուտ է հայտարարագրել «ինտերնետ տոտալիզատորներից», իսկ 2024 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրում՝ նույն աղբյուրից հայտարարագրել է 309 հազար դրամ եկամուտ։ 

Մեզ հետ զրույցում Դավիթ Մելքումյանը նշեց, որ օրական երկու անգամ ինտերնետ տոտալիզատորները անվճար «պտտելու» (սփին) հնարավորություն են տալիս, որից էլ օգտվում է. «Ամիս կա՝ կարա 10 հազար դրամ լինի, ամիս կա՝ 50 հազար դրամ։ Մեկ էլ անվճար սպորտային մրցաշարեր կան, կարամ դրանով էլ շահեմ»։ Մելքումյանը շեշտում է, որ  առանց գումար ներդնելու է մասնակցում և երբեմն շահում. «Էդքան խելքս հերիքում ա էլի, որ գումար չդնեմ, իմաստ չկա, որովհետև էդ թակարդ ա։ Ով որ գումար ա դնում, պարտվում ա, ասում ա՝ սպասի էլի խաղամ՝ գոնե պարտվածս հետ բերեմ ու տենց ընկնում ա ծուղակը»,- նշում է ՊԵԿ նախկին գլխավոր հարկային տեսուչը՝ ավելացնելով, որ բացարձակ կախվածություն չունի ու չի էլ կարող ունենալ, որովհետև արդեն տասը տարուց ավելի է՝ օգտվում է ինտերնետ տոտալիզատորներից, ու այսքան տարում կախվածություն չի առաջացել։

Անդրադառնալով խաղատների ու շահումով խաղերի բացասական կողմերին՝ Դավիթ Մելքումյանը նշում է, որ շատ ծանոթներ ունի, որոնք կախվածության մեջ են և կարծում է, որ այս ոլորտը պետք է կարգավորվի. «Եթե ընդհանրապես այդ ոլորտը վերացնեն, շատ ավելի լավ կլինի։ Գյուղացիներից լիքը մարդ եմ անձամբ ճանաչում՝ արևի տակ գնում, բանվորություն են անում, աշխատում են, տանում են սաղ կազինոներում թողնում, դուրս են գալիս»,- ասում է նախկին գլխավոր հարկային տեսուչը։

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի աշխատակազմի քարտուղար Արայիկ Ավետիսյանը 2023 թվականին 449 հազար դրամ եկամուտ է հայտարարագրել «Տոտոգեյմինգից»։ 

Արայիկ Ավետիսյանը մեզ հայտնեց, որ դա միանվագ շահում չէ, այլ տարեկան ընթացիկ շահումների ընդհանուր արժեքն է։ Նշում է, որ ցածր հաճախականությամբ է օգտվում առցանց շահումով խաղերից, պարզապես ժամանց է իր համար, կախվածություն չունի։ Հարցին՝ արդյո՞ք օրինակելի արարք է համարում, պատասխանեց. «Դե օրինակելի չէ, ուղղակի ժամանցի հետ կապված հիմնականում ֆուտբոլային մրցաշարերի հետ կապված էլի։ Սպորտային խաղերի խաղադրույքներ են»։

2022 թվականի տարեկան հայտարարագրում ՊԵԿ Համալիր հարկային ստուգումների վարչության ստուգումների թիվ 3 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վլադիմիր Անտաշյանը 4 մլն 106 հազար դրամ է հայտարարագրել «Վիվառոյից»։ 

Հարցում էինք ուղարկել Պետական եկամուտների կոմիտե՝ ճշտելու արդյո՞ք դա միանվագ շահում է, ի՞նչ հաճախականությամբ է պաշտոնյան օգտվում առցանց խաղատներից կամ շահումով խաղերից և արդյո՞ք առցանց խաղատնից գումար շահելը օրինակելի արարք է համարում: ՊԵԿ-ից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ մեր նշած փաստերն ու հարցադրումները պարզելու նպատակով Վլադիմիր Անտաշյանի նկատմամբ նախաձեռնվել է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն։

Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վահան Հարությունյանը 2022 թվականի տարեկան հայտարարագրում 10 մլն դրամ եկամուտ է հայտարարագրել «Վբեթ»-ից՝ որպես «Մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային կամ դրամական շահում (մրցանակ)»։

Փորձեցինք կապ հաստատել Վահան Հարությունյանի հետ՝ ճշտելու ի՞նչ մրցույթի է մասնակցել և ինչպե՞ս է շահել իր այդ տարվա աշխատավարձը գերազանցող գումարը։ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ հարցումը պետք է ուղարկենք Դատախազություն։ Ուղարկված հարցմանը պատասխան, սակայն, այդպես էլ չստացանք ո՛չ Գլխավոր դատախազությունից, ո՛չ Վահան Հարությունյանից։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշում է, որ հանրային պաշտոնյաների՝ խաղատներում կամ շահումով խաղերում ներգրավումը խնդրահարույց է մի շարք պատճառներով․ 

«Ենթադրաբար հարկատուների հաշվին ապրող պաշտոնյաների ներգրավումը խաղատներում հարցականի տակ է դնում նրանց կողմից ներդրվող գումարների ծագման օրինականությունը: Այդ գումարները, օրինակ՝ կարող են լինել կողմնակի եկամուտի (ապօրինի բիզնես, կաշառք) արդյունք։ Խաղատների (հատկապես առցանց) բիզնեսը առհասարակ կոռուպցիայի տեսանկյունից խոցելի է, քանի որ դրանց միջոցով անհատների միջև կարող են փոխանակվել, շրջանառվել խնդրահարույց գումարներ, օրինակ՝ փոխանցվի կաշառք, լվացվեն կեղտոտ փողեր»։

Սոնա Այվազյանը նշում է, որ խաղատներից կամ առցանց շահումով խաղերից օգտվելը, ընդհանուր առմամբ, չի արգելվում, սակայն հանրային ծառայողների՝ խաղերի մեջ ներգրավումը կարող է հարցականի տակ դնել ինչպես պաշտոնյայի օրինավորությունը, նրա կողմից կատարվող աշխատանքի որակը, այնպես էլ համապատասխան կառույցների հեղինակությունը և դրանց նկատմամբ վստահությունը։ Ըստ ԹԻՀԿ գործադիր տնօրենի՝ հատկապես խնդրահարույց է վերահսկող և արդարադատություն իրականացնող կառույցների պաշտոնատար անձանց ներգրավումը։

 

Լյուսի Մանվելյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել