armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, փոխնախագահ Քամալա Հարիսի և ամերիկացի սենատորների հետ։
Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Բայդենն իր ուկրաինացի պաշտոնակցի հետ զրույցում ընդգծել է Կիևին անվտանգության ոլորտում աջակցությունն ավելացնելու իր որոշումը։
Զելենսկին Բայդենին է ներկայացրել իր «հաղթանակի ծրագիրը», և երկու ղեկավարները «քննարկել են նախագահ Զելենսկիի ծրագրի դիվանագիտական, տնտեսական և ռազմական ասպեկտները»։ Համապատասխան խմբերին հանձնարարվել է ինտենսիվ խորհրդակցություններ անցկացնել հաջորդ քայլերի շուրջ։
Հոկտեմբերի 12-ին Բայդենը Գերմանիայում կհյուրընկալի Ուկրաինայի պաշտպանության հարցով շփման խմբի հանդիպումը երկրների ղեկավարների մակարդակով, որի ընթացքում ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարները կդիտարկեն այդ խորհրդակցությունների առաջընթացը և միջազգային գործընկերների հետ Ուկրաինային տրամադրվող լրացուցիչ օգնությունը։
Ըստ Սպիտակ տան մեկ այլ հաղորդագրության՝ Բայդենը նաև հայտարարել է Ուկրաինային 2,4 միլիարդ դոլար անվտանգության աջակցություն տրամադրելու մասին, ինչպես նաև Պաշտպանության նախարարությանը կարգադրել է Ուկրաինային հատկացված անվտանգության աջակցության մնացած մասը Կիևին տրամադրել մինչև իր պաշտոնավարման ավարտը։
Իսկ նախագահական ընտրություններում դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսը Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է առաջնագծում վերջին զարգացումները, ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Ուկրաինային։
Հարիսը հանդիպման ժամանակ իր մեկնաբանություններում ցույց է տվել իր և ընտրություններում իր հակառակորդ Դոնալդ Թրամփի մոտեցումների տարբերությունն Ուկրաինայի հարցում։
«Իմ երկրում կամ ոմանք, որոնք փոխարենն Ուկրաինային կստիպեին իր ինքնիշխան տարածքից մեծ հատվածներ զիջել, որոնք կպահանջեին, որ Ուկրաինան չեզոքություն ընդունի, և կպահանջեին, որ Ուկրաինան հրաժարվի այլ երկրների հետ անվտանգային հարաբերություններից։ Այս առաջարկները նույնն են, ինչ (ՌԴ նախագահ) Պուտինի առաջարկները, և եկեք պարզ ասենք, որ դրանք խաղաղության առաջարկներ չեն», - Հարիսի խոսքերն է մեջբերում CNN-ը։
Սեպտեմբերի 26-ին Ուկրաինայի նախագահը նաև հանդիպել է Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների սենատորների հետ։ Ըստ The Hill պարբերականի՝ փակ դռների հետևում 1,5 ժամ տևած հանդիպման ընթացքում Զելենսկին ասել է, որ Կիևն ավելի շատ F-16-երի և հեռահար զենքերի կարիք ունի։ Ուկրաինայի նախագահը նաև խնդրել է թույլ տալ իր երկրին հարվածել Ռուսաստանում գտնվող այն թիրախներին, որտեղից հարվածներ են հասցվում Ուկրաինային։
comment.count (0)