Ըստ վկայի՝ Հովիկ Գաբրիելյանը նահանջի մասին չի զեկուցել եւ օգնություն չի խնդրել
18:30 - 27 սեպտեմբերի, 2024

Ըստ վկայի՝ Հովիկ Գաբրիելյանը նահանջի մասին չի զեկուցել եւ օգնություն չի խնդրել

«Ես՝ Համլետ Լեւոնյանս, ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ, բացի ճշմարտությունից»,– Հակակոռուպցիոն դատարանում երեկ այսպես սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի N զորամասի հրամանատարի հարցաքննությունը։

Հրամանատար Համլետ Լեւոնյանը առանցքային վկա է նույն կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատար Հովիկ Գաբրիելյանի գործով։ Գաբրիելյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին առանց վերադաս հրամանատարների գիտության եւ թույլտվության Ջրականի շրջանում պաշտպանության անցած ենթակա անձնակազմի հետ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին իրենց աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։

Յուրային ստորաբաժանումներից մեկն էլ հենց Համլետ Լեւոնյանի ղեկավարած ստորաբաժանումն է, որը, ըստ մեղադրանքի, այդ նահանջի հետեւանքով ընկել է շրջափակման մեջ՝ կրելով մարդկային եւ նյութական կորուստներ։

Հովիկ Գաբրիելյանը կալանավորված է գրեթե մեկ տարի եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Ներկայանալով դատարանին՝ Համլետ Լեւոնյանը հայտնեց, որ ունի բարձրագույն զինվորական կրթություն, զինվորական ծառայություն մոտ 25 տարվա փորձ, Հովիկ Գաբրիելյանին ճանաչում է ծառայության բերումով, նրա հետ անձնական կամ թշնամական հարաբերություններ չունի։

Նա պատմեց, որ իր ղեկավարած ստորաբաժանման հետ անցել է պաշտպանության պատերազմի առաջին իսկ օրվանից։ Քանի որ այդ օրվա դրությամբ բանակային կորպուսի որոշ հրամանատարներ, այդ թվում՝ Հովիկ Գաբրիելյանը, «Կովկաս 2020» զորավարժությանը մասնակցելու նպատակով գտնվել են Ռուսաստանում, Լեւոնյանի 2 ստորաբաժանումը տեղակայվել է բացակա անձնակազմի պաշտպանության ներքո գտնվող հատվածներում՝ առաջնագծում, իսկ իր ստորաբաժանումը, որպես համազորային ռեզերվ, խնդիր է ստացել հարձակման դեպքում տեղակայվել Ջրականի «Պապին» կոչվող հատվածում՝ երկրորդ էշելոնում։։

Լեւոնյանը մանրամասնեց իրադարձությունները՝ սկսած հոկտեմբերի 4-ից՝ նշելով, որ այն կարեւոր օր էր իրենց գումարտակի համար․ առաջին անգամ հակառակորդի հետ մտել էին անմիջական մարտի մեջ։ Հոկտեմբերի 4-ից մինչեւ 5-ն ընկած ժամանակահատվածը նա բաժանեց 3 հիմնական մասերի՝ 4-ի կեսօրի գրոհ, գիշերվա գրոհ եւ 5-ի լուսաբացի գրոհ։

Հոկտեմբերի 4-ի կեսօրի գրոհը

Հոկտեմբերի 4-ին վերադաս հրամանատարության ցուցումով Լեւոնյանի ղեկավարած անձնակազմը զբաղեցրել է Ջրականի «վիշկա» կոչվող տարածքներից դեպի «միլիցու պոստ» կոչվող տարածքով մինչեւ Ջրականի մարտավարական դաշտի տարածքը։ Իրենից ձախ գտնվել են հատուկ նշանակության զորքերը՝ Վահագն Ասատրյանի գլխավորությամբ, նրանցից ձախ էլ՝ զրահատանկային գումարտակը՝ Հովիկ Գաբրիելյանի գլխավորությամբ․ «Նախնական հետախուզական տվյալներով գիտեինք, որ տանկային ստորաբաժանումների կողմից լինելու է այդ ուղղությամբ հարձակում։ Վերադասավորվել ենք եւ պատրաստ սպասել՝ դիմավորելու հակառակորդին։ Հակառակորդն ունեցել է հետեւակ, տանկային ստորաբաժանումներ։ Մի քանի զրահատեխնիկայի կորուստ կրելով՝ նահանջել է, իսկ երեկոյան մութը ընկնելուն պես շարունակել հարձակողական գործողությունները։ Մարտը դադարել է, երբ հակառակորդի մի քանի տանկ խոցել ենք, մեծ կորուստներ հասցրել»,– պատմեց վկան՝ նշելով, որ ունեցել է 1 զոհ, որը եղել է վարորդ։

Հակառակորդի նահանջից հետո ենթադրել են, որ հաջորդ հարձակումը կլինի առավոտյան եւ սկսել են պատրաստվել դրան․ «Եղանակը սկսեց ամպել, անձրեւ, ամպրոպ, մառախուղ․․․ Առաջ քաշած այն հատվածներից, որտեղ զրահատեխնիկաները դարձել էին խոցելի, փորձեցինք հետ բերել, որպեսզի նախապատրաստվենք հաջորդ մարտին»,– ասաց նա։

– Ես ճի՞շտ հասկացա՝ ի սկզբանե այդ տեխնիկան չպետք է լիներ այդտեղ, սակայն Դուք որոշել եք մի փոքր առաջ կանգնեցնել, եւ երբ գրոհը ավարտվել է, հետ եք քաշել, թե՞ ի սկզբանե  է որոշված եղել, որ պետք է տեղակայվի այդ վայրում, եւ այդ դեպքում ինչո՞ւ եք հետ քաշել,– հարցրեց մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը։

– Ոչ, գումարտակի հրամանատարին տրված է եղել անցնել պաշտպանության «ա» կետից «բ» կետ, ես եմ, որպես հրամանատար, որոշում կայացնում, թե որ տանկը որտեղ կդնեմ, դա իմ խնդիրն է, դրանով կորպուսի ճակատը չի փոխվել, դա չի եղել կորպուսի ճակատ, այլ գումարտակին տրված հատված,– պարզաբանեց վկա Լեւոնյանը։

Գիշերվա գրոհը

Լեւոնյանի ստորաբաժանումից դեպի աջ՝ մոտ 2 կմ հեռավորության վրա, տեղակայված են եղել յուրային հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Նրանց ուղղությամբ գիշերն է հարձակում եղել։ Ի վերջո, հակառակորդին հաջողվել է գրավել նրանց բարձունքը։

–Դա կոնկրետ Ձեր բնագծի հետ կապ ունեցե՞լ է,– հարցրեց հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը։

– Ոչ,– պատասխանեց Համլետ Լեւոնյանը։

– Այսինքն՝ եթե այդ բարձունքը վերցրել են, կարելի՞ է ասել, որ Ձեր բնագիծը ճեղքել են։

– Ոչ, որովհետեւ դա բնագծից այն կողմ է եղել։

Մեղադրողի այս հարցը պայմանավորված էր նրանով, որ ըստ Հովիկ Գաբրիելյանի՝ նահանջից առաջ՝ գիշերը, իրենց բնագծի ուղղությամբ գրոհ է եղել, եւ իրենք այլեւս ի վիճակի չեն եղել դիմակայելու։ Լեւոնյանը, սակայն, պնդեց՝ իրենք կապի խնդիր չեն ունեցել, վերադասության հետ կապը լսելի է եղել բոլոր հրամանատարներին, եւ եթե իրենց ձախ ուղղությամբ գրոհ լիներ, եւ դա զեկուցվեր կորպուսի հրամանատար Ժիրայր Պողոսյանին, իրենք միանշանական կիմանային այդ մասին․  «Չէր կարող մեկը սուսուփուս մարտ վարել, ասել՝ վարեցի, վերջացրի, ու դա այն դեպքում, երբ տարածքը մեծ է ու լռություն»,– ասաց նա։

Հետագայում պարզվել է, որ այդ գիշեր զոհվել են նաեւ Լեւոնյանի հրամանատարության ներքո, բայց այլ հատվածում գտնվող երկու ժամկետային զինծառայող՝ Վաղարշակ Բաղդասարյանն ու Դավիթ Խաչատրյանը։ Վաղարշակի հայրը՝ Հրաչիկ Բաղդասարյանը, հարցեր հղեց վկային․

Ձախից՝ Դավիթ Խաչատրյանի, Վաղարշակ Բաղդասարյանի հայրերը, հանրային մեղադրող Գրիգոր Մղդեսյանը

– Ինչքանով տեղեկացված եմ, իրենք հրամանատար չեն ունեցել, ճի՞շտ է։

– Հակատանկային դասակի հրամանատար, որպես այդպիսին, չի եղել, բայց երբ մարտի 

մեջ են մտել, իրենք եղել են անձամբ իմ գլխավորությամբ։

– Վաղարշակենց անհետացման լուրը ե՞րբ եք ստացել։

– Գիշերը իրենց չենք տեսել, մարդ ենք ուղարկել․․․ Երբ լուսադեմին սկսել են մարտական գործողությունները, այդ ժամանակ չի ճշտվել որեւէ մեկի մասին, ոչ էլ իմացել ենք, որ զոհված են կամ էդտեղ են։

– Ի՞նչն էր պատճառը, որ մարմինները հնարավոր չէր հանել, անկեղծ պատասխանեք՝ հնարավո՞ր էր թե՞ չէ։

– Շատ լավ տեղեկացված եք․․․ Իմ բոլոր զինծառայողների մարմինները ես եմ հանել, որովհետեւ տեղում եմ եղել կամ պատմածներով իմացել եմ՝ որտեղ կլինեն։ Այդ ժամանակ հնարավոր չէր, որպես հրամանատար՝ ես չէի կարող կրակի տակ․․․ Եթե 1 զոհի փորձեի հանել, պիտի 4 կենդանի զինվոր ուղարկեի այդ կրակի տակ, ես այդ որոշումը չեմ ընդունել։

Լեւոնյանի խոսքով՝ որոնողական աշխատանքների ժամանակ է պարզվել, որ տղաները զոհվել են խրամատում՝ ինչ–որ բանի պայթյունից։ Դրա անունը վկան չկարողացավ նշել, ասաց՝ իրենց համար անծանոթ սարք էր։ Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք խուճապ եղել է, վկան ասաց․ «Բոլորի մոտ այն տպավորությունն էր, որ Լեւոնյանի զորքը զորավարժություն է իրականացնում․․․ Կոնկրետ մի զինվորի մոտ է եղել, ինքն իր ոտքին է խփել, հիմա գործ կա հարուցված»։

Գաբրիելյանի մեղադրականի մեջ դեպքի հետ կապ չունեցող զոհերի անուններ կան

Համլետ Լեւոնյանի պնդմամբ՝ Վաղարշակն ու Դավիթը զոհվել են հոկտեմբերի 4-ի գիշերը, ինչը, ըստ նրա, ոչ մի կապ չունի Հովիկ Գաբրիելյանի նահանջի հետ․ «Ամսի 4–ի ոչ մի զոհ կամ վիրավոր չի կարող կապվել 2–րդ գումարտակի՝ ամսի 5–ի նահանջի հետ, դա հստակ կարող եմ ասել, որովհետեւ այդ օրը հարձակումը իմ վրա եղել է ճակատից, ինչ վիրավոր ունեցել ենք, ունեցել ենք ճակատային հատվածից, շրջանցում ես չեմ ունեցել․․․ Այ, ամսի 5–ի գործողությունների մասին կպատասխանեմ ուրիշ ձեւ»։

Պաշտպան Վրեժ Խաչիկյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ ուշադրություն հրավիրելով, որ Վաղարշակի եւ Դավիթի անունները ներառված են Գաբրիելյանի մեղադրական եզրակացության մեջ․ «Կողմերը տեղյակ են, որ մեղքի զգացումը, այդ ամենը շատ կարեւոր են մեզ համար, հատկապես՝ մեղադրյալի բարոյահոգեբանական վիճակի համար․․․ Մահվան ցուցակի մեջ գրված է, որ Վաղարշակը եւ Դավիթը զոհվել են ամսի 4–ին»,– ասաց նա՝ խնդրելով դատարին թույլատրել հրապարակել զոհված մյուս զինծառայողների անունները՝ նրանց մահվան փաստը Հովիկ Գաբրիելյանի նահանջի հետ կապված լինել–չլինելու հարցը վկայից ճշտելու համար։ 

Ձախից՝ փոխգնդապետ Հովիկ Գաբրիելյանը, պաշտպան Վրեժ Խաչիկյանը

Զինծառայողներից շատերին, որոնց անունները հրապարակվեցին, վկան չէր ճանաչում, նրանք Մեղրու՝ օգնության հասած զորքից էին, մյուս զինծառայողների  անունները լսելիս ասում էր՝ «իմն ա»՝ հստակ նշելով՝ ով որ օրն է զոհվել եւ որ հատվածում։ 25 զինծառայողի անունները հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ նրանցից եւս մեկը՝ Հակոբ Գեւորգյանը, զոհվել է աջակողմյան հատվածում, այլ ոչ թե ձախակողմյան, որտեղից հակառակորդը ճեղքել էր բնագիծը Գաբրիելյանի նահանջից հետո։

Փաստացի, մեղադրական եզրակացության մեջ ներառվել են առնվազն 3 զինծառայողների անուններ, որոնց մահը, ըստ Համլետ Լեւոնյանի, կապ չունի Հովիկ Գաբրիելյանի հետ։

Հոկտեմբերի 5-ի լուսաբացի գրոհը

Համլետ Լեւոնյանի խոսքով՝ հոկտեբերի 4-ին հակառակորդը չէր սպասում, որ իրենք այդքան միանգամից կդիմավորեին նրանց, ուստի դա մարտական հաջողություն էր, որից հետո  զորքի բարոյահոգեբանական վիճակը բավականին բարձր էր․ «Մի ողջ գիծ «Հայր մեր»–ն էր ասում մթին, անձրեւին, ու թեեւ բոլորս թրջված էինք, ջուր էինք, բայց դա էդքան մեզ վրա չէր ազդում»,– պատմեց նա։

Լուսաբացին արդեն, ինչպես եւ սպասում էին, հակառակորդը դարձյալ գրոհել է․ «Երբ խփել են  մեր տանկերին, մտել ենք մարտի մեջ․․․ Ընթացքում արդեն ձախ թեւից, որտեղ իմ տանկիստներն էին, զեկուցեցին, որ թիկունքից խփում են, շատ վիրավորներ կան, ասում եմ՝ չի կարող տենց բան լինել, որովհետեւ թիկունքից խփելու համար մեր ձախ թեւը պիտի անցնեին, ունեինք Ասատրյան Վահագի ստորաբաժանում, դրանից ձախ՝ Հովիկ Գաբրիելյանի․․․ Միանգամից անցնում ենք շրջանաձեւ պաշտպանության, ունենում եմ 8 զինվորի, 3 սպայի կորուստ եւ 40-ին մոտ վիրավոր։ Մինչեւ Մեղրու զորքն է գալիս օգնության՝ գնդապետ Արգամի գլխավորութամբ։ Եթե մի 20 րոպե հետո գային, գուցե արդեն ուշ լիներ, որովհետեւ իմ ստորաբաժանումը հիմնականում զրահատանկային էր, ու պատրաստված՝ տանկից ու ՀՄՄ–ից մարտ վարելու համար, բայց այդ ժամանակ արդեն հատուկ խմբեր թույլ չէին տալիս տանկից օգտվել»,– պատմեց Լեւոնյանը՝ նշելով, որ հետագայում է իմացել, որ Գաբրիելյանի անձնակազմը այդ ժամանակ տեղում չի եղել։

– Ումի՞ց եք տեղեկացել այդ մասին,– հարցրեց հանրային մեղադրողը։

– Ինչքան հիշում եմ՝ Հադրութի դատախազից, ու զարմանքս եղավ, որ․․․  Պարզվում է, որ Խնձորեսկի գումարտակը տեղում չի եղել, եղել է Հադրութում, այսինքն՝ գիշերվա ընթացքում դուրս է եկել Հադրութ։

– Հադրութը այդ պահի դրությամբ մտե՞լ է 1–ին բանակային կորպուսի պաշտպանության տարածքի մեջ։

– Ոչ, ոչ մի կապ չի ունեցել։

– Այդ դեպքում կարո՞ղ եք դատարանին հայտնել՝ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Հադրութ։

– Հարցին, կարծում եմ, պարոն Գաբրիելյանը պիտի պատասխանի։

– Չէ, դուք պարզե՞լ եք ի վերջո։

– Հովիկ Գաբրիելյանի հետ առերեսման ժամանակ ենք այդ հարցը պարզել, հարցրել եմ՝ ինչի՞ ես 40 կմ գնացել Հադրութ, եթե կարող էիր մի քանի կմ գալ դեպի մեզ, ասել է, որ ինֆորմացիա ուներ, որ ճեղքել են էդտեղ, հետո էլ, թե՝ անձնակազմիս տարել եմ էնտեղ, որ լողանային, չորանային, պատսպարվեին, հստակ չեմ հիշում արդեն։

– Լողանալու պատրվակը Ձեզ ճշմարտանմա՞ն է թվացել։

– Ինձ համար, որպես զինվորականի, դա պարզապես ծիծաղելի է։

Նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը

Համլետ Լեւոնյանը պնդեց, որ եթե նախապես իմանար Գաբրիելյանի զորքի նահանջի մասին, զորքը այնպես կվերադասավորեր, որ վտանգից հնարավորինս խուսափեին։

– Մինչեւ Հովիկ Գաբրիելյանենց դուրս գալը ռադիոկապով լսե՞լ եք, որ նա ժիրայր Պողոսյանից կամ նրա տեղակալ, շտաբի պետ Գեղամ Գաբրիելյանից օգնություն խնդրած լինի՝ մարդուժի, զինամթերքի, եւ մերժած լինի։

– Նման բան ես չեմ լսել, եւ հավելեմ, որ չեմ կարծում՝ մեկը վերադասին դիմեր խնդրով,, ասեին՝ չկա կամ չենք տալու։ Երբ ես պաշտպանություն էի իրականացնում բնագծում,  բոլոր տեղակալները միշտ եղել են մեզ հետ, անձամբ գեներալը ինձ հետ է եղել, հրետանու պետը եկել է, իրար հետ բարձրացել ենք վիշկա, իջել, նենց չի, որ հեռվից ղեկավարել են, ու դա կարող են փաստել հարյուրավոր մարդիկ։

Այս դրվագի վերաբերյալ վկային հարցեր հղեց նաեւ մեղադրյալի պաշտպանը․

–Լսե՞լ եք կորպուսի հրամանատարի կամ շտաբի պետի խոսակցություն Հովիկ Գաբրիելյանի հետ։

– Չեմ կարող հիշել, որ ասեք՝ ինչպիսի խոսակցություն։

– Լսե՞լ եք, որ զեկուցի, ասի ուզում եմ դուրս գալ, ասեն՝ չէ, դուրս մի արի։

– Ոչ։

– Մեկ այլ կոնտեքստ՝ որ Հովիկը իր զորքին վերադասավորի, կորպուսի հրամանատարը կապնվի, ասի՝ ինչ ես անում, ասի զորքն եմ վերադասավորում։

– Չէ։ 

– Իսկ տեղյա՞կ եք, որ երբ դիրքերից հետ է քաշվել 1-2 կմ, կրկին կապնվել, ասել՝ էստեղ եմ, ի՞նչ անեմ։

– Չեմ լսել նման խոսակցություն։

– Իսկ հնարավո՞ր է, որ եղած լինի, սակայն լսած չլինեք կամ ուշադրություն դարձրած չլինեք։

– Երբ խնդիրը դրվում էր վերադասի կողմից, մենք ականջներս ութ արած լսում էինք, թե ինչ է եղել։ Սաղս իրար լսել ենք։ Եթե կապնված լինեն, ասեն՝ ինչ կա, ոնց ես, հա, դա չես ֆիքսում, բայց եթե խնդիր է, հարձակում է, արդեն ֆիքսում ես, ուղեղդ հիշում է։  Եթե խոսքը գնար զինվորի մասին, շարժ լիներ, ավտո պայթեր, մենք արթուն ենք եղել, ամեն ծպտուն որ լինում էր, հասկանում էինք, իսկ նմանատիպ հրավտանգ խոսակցություն, զեկույցներ չեն եղել։

– Չի՞ եղել դեպք, որ ռացիան տաք ուրիշին։

–Ոչ, չի եղել մի րոպե, որ ռացիան իմ վրայից բացակայի։

–24 ժամ հանգիստ չեք ունեցել։

– Ոչ։

Վկա Համլետ Լեւոնյանը

Պաշտպանը խնդրեց նաեւ հայտնել իր կարծիքը Հովիկ Գաբրիելյանի՝ որպես հրամանատարի մասին․ «Պատերազմը ցույց տվեց՝ այն մարդիկ, որոնք խաղաղ պայմաններում լրիվ ուրիշ էին, պատերազմի ժամանակ լրիվ ուրիշ մարդ են դառնում․․․․Վախկոտ կամ ամաչկոտ զինվորը կարող է նենց բոյ տա, որ դու զարմանաս, միշտ լավ զգացած զինվորը փախնի, մտնի պատերի արանքը, նույն ձեւ էլ սպաները, դրա համար ես չեմ կարող ասել»։ Դատավորի ճշտող հարցին, թե Գաբրիելյանը կոնկրետ ինչպիսին է եղել, նա պատասխանեց․  «Ես իրեն անձամբ չեմ տեսել, կապով եմ լսել, դրա համար չեմ կարող ասել՝ վախեցած է վարել, թե ոնց, ինքը ինձնից լավ գիտի՝ ոնց է վարել մարտը»։

Պատասխանելով Խաչիկյանի հարցին՝ նա ասաց՝ տեղյակ եղել է, որ Հովիկ Գաբրիելյանի զրահատանկային գումարտակը, ի տարբերություն մյուս 2 գումարտակի, տանկեր չի ունեցել․ «Իմ հիշելով՝ երբ ՌԴ–ից եկել են, տանկերը կիրառման շրջան դեռ չէին բերվել, թե ինչու, չեմ կարող ասել»։

– Առանց տանկերի զրահատանկային գումարտակը, որպես այդպիսին, լիարժեք իր առջեւ դրած խնդիրները կարո՞ղ է իրականացնել,- հարցրեց պաշտպանը։

– Ի՞նչ խնդիր է դրված, ի՞նչ կազմ է, ի՞նչ գրոհ է եղել, պիտի իմանամ, որ պատասխանեմ։

–Դիցուք՝ ամսի 4–ին որ հարձակվեցին, եթե նույն քանակությամբ, նույն տեխնիկայով առավոտյան հարձակվեին, առանց ականանետային դասակի, առանց տանկերի  կարող էր պաշտպանություն իրականացրել։

Դատավորը հանեց հարցը՝ չթույլատրելով պատասխան դրան․

– Մի պատասխանեք, ենթադրական հարց Է՝ ենթադրական պատասխանով, այդպիսի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել։

Պաշտպանն էլ պարզաբանեց՝ Գաբրիելյանը մեղադրվում է նրա համար, որ զորքը հետ է քաշել, իսկ նա բազմաթիվ անգամ շեշտել է՝ իմ զորքը կզոհվեր՝ էդտեղ մնալով։

Հարցեր հղեց նաեւ մեղադրյալը

Վկա Համլետ Լեւոնյանին հարցեր հղեց նաեւ մեղադրյալ Հովիկ Գաբրիելյանը։

Վկան, մեղադրյալը, ուղեկցող ոստիկանը

– Լսե՞լ եք, որ հոկտեմբերի 5-ի գիշերը՝ 3-ին մոտ, շտաբի պետին զեկուցել եմ, որ ունեցած միջոցներս, անձնակազմի վիճակը այդ պահի դրությամբ բավարար չէ, մարտ վարելու ի վիճակի չեմ։

– Չեմ լսել տենց բան։

– Եթե զապիսները կան, ֆիքսել են,  էլ ինչո՞ւմն է խնդիրը, ինչո՞ւ չեք տրամադրում կամ տեղն ասում, վերցնենք։

– Ես անձամբ չեմ տեսել կամ գիտեմ, այլ լսել եմ, որ ասել են՝ էդ մարտերը նկարվել է։

– Ուզում եմ ասել՝ որ ունենաք, կտա՞ք։

– Անպայման։

– Մարտի ժամանակ զինվորները պիտի տանկի մեջ լինեին, ո՞նց են զոհվել դրսում,– հարցրեց Գաբրիելյանը։

– Դա ձեր գործը չէ, պարոն Գաբրիելյան,– պատասխանեց Լեւոնյանը։

Դատավորը տեղեկացրեց, որ վկան կարող է չպատասխանել հարցին, եթե միայն գիտի կամ ենթադրում է, որ դա կարող է օգտագործվել իր դեմ։

– Այսպես պատասխանեմ․ քանի որ անձրեւ էր, տեխնիկան ծածկած էր, պատսպարվում էին։

– Ըստ կանոնակարգի՝ երբ կա վտանգ, որ հակառակորդը կարող է հարձակվել, պիտի գտնվեի՞ն տանկի մեջ թե՞ իրավունք ունեին չգտնվելու,– ճշգրտող հարց տվեց պաշտպան Խաչիկյանը։

– Փորձը ցույց տվեց, որ ԱԹՍ–ները հիմնականում խոցում էին տանկերին։ Մինչ հոկտեմբերի 4-ը ես  զոհ չեմ ունեցել, որովհետեւ որոշում եմ կայացրել, որ իմ զինվորները գտնվում են դրսում, այլ ոչ տանկերի ներսում,– պատասխանեց Համլետ Լեւոնյանը։

Վկայի հարցաքննությունը կշարունակվի հոկտեմբերի 9-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել