44-օրյա պատերազմը՝ ամփոփ
20:20 - 27 սեպտեմբերի, 2024

44-օրյա պատերազմը՝ ամփոփ

Հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցու լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի, աղբյուրը՝ Արցախի տեղեկատվական շտաբ, հոկտեմբերի 8, 2020թ․

4 տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ գործի դնելով իր սպառազինության մեջ առկա գրեթե բոլոր զինատեսակները՝ հրաձգային զենքերից մինչեւ ավիացիա։ 

2020թ․ պատերազմն անսպասելի չէր, հատկապես, երբ դիտարկում ենք 4 տարվա հեռավորությունից՝ ուսումնասիրելով այն խոսույթը, որն օգտագործում էր ադրբեջանական կողմը եւ այն մտահոգությունները, որոնք պարբերաբար բարձրաձայնվում էին ոչ միայն հայ, այլեւ օտարերկրյա պաշտոնյաների կողմից։ Ադրբեջանը հարձակման համար հող էր նախապատրաստում տեւական ժամանակ՝ ամենօրյա ռեժիմով լրատվադաշտ նետելով հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրություններ՝ Հայաստանին մեղադրելով սադրանքի նախապատրաստվելու մեջ։ Դեռ սեպտեմբերի առաջին տասնօրյակում՝ մինչեւ պատերազմի մեկնարկը, Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե «Հայաստանը դուրս է եկել բանակցային գործընթացից»։

Այս հայտարարություններին զուգընթաց՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդում էր տվյալներ, համաձայն որոնց՝ միայն սեպտեմբերի երկրորդ շաբաթում Ադրբեջանը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է 300-ից ավելի անգամ, երրորդ շաբաթում՝ 295 անգամ, չորրորդ շաբաթում՝ սեպտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում՝ 330 անգամ։

Այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ ինտենսիվ պարապմունքներ եւ ուսումնական վարժանքներ են իրականացնում։

Դիտարկելով տարածաշրջանային իրավիճակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 14-ին հանդիպման առաջարկ են անում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին՝ առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցություններ վերսկսկելու նպատակով։ Այդ հանդիպումը, սակայն, չի կայանում։ Բանակցություններ վերսկսելու առաջարկից երկու օր անց՝ սեպտեմբերի 16-ին, հայտնի է դառնում, որ ադրբեջանական կողմի կրակի հետեւանքով Հայաստանի հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային եւ բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։

Այդ դեպքից երկու օր անց՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության այդ ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանը հաղորդում է, որ Հայաստանի սահմանի մոտ ամրաշինական աշխատանքներ իրականացնելու նպատակով ադրբեջանական բանակն օգտագործում է տարբեր տրամաչափի զենքեր՝ «չեզոքացնելու մեր դիրքապահների եւ դիրքերի առավելությունն ու գերակայությունը»։ Տոնոյանը հայտարարում է, որ այդ իրավիճակը երկու շաբաթ է՝ շարունակվում է, բայց հայկական կողմը «տեղեկատվական զսպվածություն է ցուցաբերել»։ Դրա նախորդ օրը ադրբեջանական կողմը հայտարարել էր ադրբեջանցի զինվորի վիրավորվելու մասին։ 

Օրեր անց՝ սեպտեմբերի 19-ին, Հայաստանի արտաքին գործերի այդ ժամանակվա նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարում է, որ կան տեղեկություններ, որ ահաբեկիչներ են հավաքագրվում՝ Ադրբեջան տեղափոխվելու համար։ Մոտ տասը օր անց, երբ պատերազմն արդեն սկսվել էր, Reuters գործակալությունը հրապարակում է հոդված, որտեղ փաստեր է ներկայացնում Անկարայի կոորդինացմամբ Ադրբեջան տեղափոխվող սիրիացի ջիհադիստների մասին։

Ադրբեջանը պատերազմ է սանձազերծում սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ միանգամից հայտարարելով, թե հայկական կողմն է դիմել սադրանքի։ Առավոտյան 8-ի մոտակայքում Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարում է, որ շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը հրետակոծություն է սկսել, ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հաղորդում է, որ հակառակորդն Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Ադրբեջանը հարվածում է ոչ միայն մարտական դիրքերին, այլ նաեւ թիրախավորում բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը։ 

Թուրքիան միանգամից աջակցություն է հայտնում Ադրբեջանին․ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարում է, թե դատապարտում են «հայկական կողմի հարձակումը»։

Միջազգային կազմակերպությունների եւ տարբեր պետությունների ներկայացուցիչները ռազմական գործողությունները դադարեցնելու եւ անհապաղ բանակցությունների վերադառնալու կոչերով են հանդես գալիս [1, 2, 3, 4]։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածում` նշելով, որ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Այդ կոչերին զուգահեռ՝ նույն օրը՝ սեպտեմբերի 27-ին, Արցախում եւ Հայաստանում հայտարարվում է զորահավաք եւ ռազմական դրություն։ Ադրբեջանում ռազմական դրություն է հայտարարվում սեպտեմբերի 28-ի կեսգիշերից։ 

Պատերազմի երկրորդ օրվանից Ադրբեջանը փորձում է ընդլայնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը դեպի Հայաստանի Հանրապետության տարածք՝ սեպտեմբերի 29-ին հրետակոծելով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի գյուղերը։ ՀՀ բնակավայրերի եւ ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի «ՍՈՒ-25» եւ թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածների իրականացման ընթացքն ապահովում էին Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները, որոնք օդ էին բարձրացել Ադրբեջանի Գյանջա օդանավակայանից։ Այդ կործանիչները չէին վերադարձել Թուրքիա ադրբեջանաթուրքական զորավարժությունների ավարտից հետո։ Սեպտեմբերի 29-ին ՀՀ օդային տարածքում Թուրքիայի F-16-ը խոցում է ՀՀ զինված ուժերի ռազմաօդային ուժերի «ՍՈՒ-25» գրոհիչը, օդաչուն զոհվում է։

Լեռնային Ղարաբաղում ինտենսիվ ռազմական գործողություններին զուգահեռ՝ Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքները նաեւ Հայաստանի ուղղությամբ՝ հետախուզական չորս անօդաչու թռչող սարք ուղարկելով ՀՀ Կոտայքի մարզ [1, 2, 3]։ 

Պատերազմի 44 օրերի ընթացքում հրադադարի 3 պայմանավորվածություն է ձեռք բերվում։ Առաջին համաձայնությունն ընդունվում է Ռուսաստանի միջնորդությամբ՝ հոկտեմբերի 10-ին։ Կողմերը համաձայնում են կեսօրից մարդասիրական նպատակներով դադարեցնել կրակը՝ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ եւ վերջինիս չափանիշների համաձայն։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձեւաչափի անփոփոխ լինելը եւ պայմանավորվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ լինել առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

Հրադադարի հաստատման ժամից 5 րոպե անց Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը՝ գրոհ ձեռնարկելով։ Նույն օրը հրթիռային հարվածներ է հասցնում նաեւ ՀՀ Սյունիքի մարզի ուղղությամբ։ 

Մեկ շաբաթ անց կրակի դադարեցման երկրորդ համաձայնությունն է ձեռք բերվում Ֆրանսիայի միջնորդությամբ․ Հայաստանն ու Ադրբեջանը որոշում են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00։00-ից հաստատել մարդասիրական զինադադար։ Այս զինադադարը տեւում է ժամեր․ վաղ առավոտյան հայկական եւ ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են պայմանավորվածությունը խախտելու մեջ։

Ռազմական գործողությունները շարունակվում են՝ տարբեր տեղամասերում՝ տարբեր ինտենսիվությամբ։ Այդ ողջ ընթացքում քննարկվում են հակամարտության լուծման ելքեր, արցախցի պաշտոնյաները, տարբեր քաղաքական գործիչներ բարձրացնում են Արցախի միջազգային ճանաչման հարցը։ Հոկտեմբերի 25-ին, ՀՀ վարչապետը հայտարարում է, որ «միջազգային հանրությունը, այո, պետք է կիրառի անջատում հանուն փրկության բանաձեւը»։ Արցախի անկախության ճանաչման մասին հայտարարում են միայն տարբեր երկրների առանձին քաղաքներ, իսկ «անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին խոսակցությունները մնում են միայն հայտարարությունների դաշտում։ Ադրբեջանը հայտարարում է նոր տարածքների գրավման մասին, հայկական կողմը որոշ դեպքերում հերքում է, որոշ դեպքերում՝ հաստատում այդ հայտարարությունները։ Պատերազմի ողջ ընթացքն ուղեկցվում է նաեւ տեղեկատվական պատերազմով։

Հրադադարի երրորդ պայմանավորվածությունը ձեռք է բերվում հոկտեմբերի 26-ին։ ՀՀ արտաքին գործերի այդ ժամանակվա նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ եւ վերահաստատում երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու եւ պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ նախորդ պայմանավորվածությունները: ԱՄՆ-ի միջնորդությամբ կողմերը պայմանավորվում են հումանիտար հրադադար հաստատել հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով 08:00-ին: Հրադադարի հաստատումից 10 րոպե անց Ադրբեջանը հայկական կողմին մեղադրում է հրադադարը խախտելու մեջ, Արցախի ՊԲ-ն միանգամից հերքում է այդ լուրը՝ հայտարարելով, որ զինված ուժերը խստորեն հետեւում է հրադադարի ռեժիմին։ Րոպեներ անց ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը։

Հոկտեմբերի 27-ին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակում է ռազմական գործողությունների քարտեզ, որում երեւում է, որ հակառակորդը հարավից ավելի է խորացել, եւ արդեն մարտեր են ընթանում Ավետարանոց եւ Սղնախ գյուղերի մոտակայքում:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած քարտեզը՝ 2020 թ. հոկտեմբերի 27-ի դրությամբ մարտական գործողությունների մասին

Հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի թիրախում է հայտնվում Ստեփանակերտի ծննադատունը։ 

2 օր անց՝ հոկտեմբերի 30-ին, Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ մեկնարկում է ՀՀ ԱԳ այն ժամանակ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը Ժնեւում կայացած հանդիպման ընթացքում խաղաղ բնակչության եւ ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերում: Թեեւ Երեւանն ու Բաքուն այդ հանդիպմանը վերահաստատում են նախկինում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները, հաստատում, որ դիտավորյալ չեն հարձակվի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա եւ այլն, մարտադաշտում իրադրությունը չի փոխվում։ Դեռ ավելին, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, հայկական կողմը հայտարարում է, որ Ադրբեջանը զանգվածային ոչնչացման ֆոսֆորային զինամթերք է օգտագործում Լեռնային Ղարաբաղի՝ քաղաքացիական բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառներում։ 

Նոյեմբերի առաջին օրերին Ադրբեջանը սկսում է առավել ինտենսիվորեն մեղադրել Հայաստանին հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, հայկական կողմը հերքում է բոլոր այդ պնդումները։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած քարտեզը՝ 2020 թ. նոյեմբերի 3-ի դրությամբ մարտական գործողությունների մասին

Նոյեմբերի առաջին շաբաթվա լուրերը ցույց են տալիս, որ մարտական գործողություններն ընդլայնվում են դեպի խորք։ Նոյեմբերի 6-ին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում է, որ մարտերը Շուշիի մերձակայքում են։

2 օր անց՝ նոյեմբերի 8-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ Շուշին գրավված է։ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նույն օրը երեկոյան պնդում է, որ Շուշիում ծանր մարտեր են ընթանում՝ այդպիսով հերքելով ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե Շուշին ամբողջությամբ իրենց վերահսկողության ներքո է։ 

Նոյեմբերի 9-ին՝ երեկոյան ժամը 18։30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը դարձյալ թիրախավորում է ՀՀ տարածքը՝ հրթիռային կայանքի կիրառմամբ խոցելով Արարատի մարզի Երասխ գյուղում թռիչք իրականացնող ՌԴ զինված ուժերի ՄԻ-24 տեսակի՝ ակնհայտորեն ՌԴ տարբերանշանը կրող ռազմական ուղղաթիռը։ Դրա հետեւանքով զոհվում է 2 անձ, եւ մարմնական վնասվածք ստանում եւս մեկը։ Այս դեպքի առնչությամբ սկսվում է հետաքննություն, Հայաստանը հայտարարում է, որ ամեն կերպ պատրաստ է աջակցել ՌԴ-ին այդ հարցում։

Պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ի առավոտյան, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է, որ Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են, երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են։

ՀՀ վարչապետի գրառումից ժամեր անց հայտնի է դառնում, որ պատերազմն ավարտվել է 9-կետանոց հայտարարության ստորագրությամբ։ Նոյեմբերի 9-ի կեսգիշերն անց Նիկոլ Փաշինյանը գրառում է անում իր կատարած «ծանր որոշման» մասին՝ նշելով, որ «ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»: 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ ինքը եւս պատերազմը կանգնեցնելու համաձայնություն է տվել։

2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Ըստ այդ հայտարարության՝ նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00։00-ից, Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, օրերի ընթացքում Ադրբեջանին են վերադարձվում Աղդամի շրջանը, Քելբաջարի շրջանը, Լաչինի շրջանը, ԼՂ շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ՌԴ խաղաղապահ զորախումբ, դրան զուգահեռ ԼՂ-ից դուրս են բերվում հայկական զինված ուժերը եւ այլն։

Նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը ռուս խաղաղապահ ուժերը բերվում են Լեռնային Ղարաբաղ: Խաղաղապահները այստեղ մնում են մինչեւ 2023թ․ սեպտեմբերի 19-ը, երբ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախի քաղաքական ղեկավարությունը ստորագրում է Արցախի լուծարման մասին փաստաթուղթը, եւ երբ Արցախի բնակչությունը բռնի տեղահանվում է։

44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանվածների թիվը

ՀՀ ՆԳՆ քաղաքացիության եւ միգրացիայի ծառայությունից «Ինֆոքոմի» ստացած տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 92 հազար 265 անձ, որոնցից 60 հազար 930-ը՝ կին, 31 հազար 335-ը՝ տղամարդ։ 84 հազար 502-ը եղել է չափահաս, 7 հազար 763-ը՝ 0-19 տարեկան։

ԼՂ-ից տեղահանվածների վիճակագրությունը՝ ըստ շրջանների՝

  • Ասկերանից՝ 8997 անձ,
  • Հադրութից՝ 9317 անձ,
  • Մարտակերտից՝ 12002 անձ,
  • Մարտունուց՝ 13726 անձ,
  • Շահումյանից՝ 2779 անձ,
  • Շուշիից՝ 4170 անձ,
  • Ստեփանակերտից՝ 32050 անձ,
  • Քաշաթաղից՝ 8969 անձ:

2022-ի փետրվարին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովում ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Այդ հանձնաժողովն արդեն ավարտել է աշխատանքները և պատրաստել եզրակացություն։ Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ այս տարվա հոկտեմբերին նամակով դիմելու է խորհրդարանի նախագահին դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացվի «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»։

Հայկական կողմի կորուստները

2020թ․ դեկտեմբերի 9-ին Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրեց ցանկ, թե պատերազմի հետեւանքով Արցախի որ համայնքներն ու բնակավայրերն են անցել ադրբեջանական վերահսկողության ներքո։

Հայկական կողմը պատերազմի ընթացքում պարբերաբար ներկայացրել է զոհերի մասին տվյալներ։ Պատերազմի ավարտից հետո էլ տարբեր պաշտոնայներ ներկայացրել են ամփոփ տվյալներ։ 2021թ․ մարտի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմը պաշտոնապես հաստատված 3250 զոհ ունի՝ նշելով, որ անհետ կորածների բավականին մեծ ցուցակ կա, որը ճշգրտման կարիք ունի։ Միաժամանակ, նա պնդել է, որ մեր զոհերի թիվը 4000-ից չի անցնի: 

Արդեն 2022թ․ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ հայկական կողմի զոհերի թիվը 3825 է։ Այս հայտարարությունից մեկ ամիս առաջ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր 3822 թիվը։ Ըստ Կոմիտեի՝ 2022թ․ մարտի 21-ի դրությամբ անհայտ է եղել 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

2024թ․ հունվարի 4-ին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ այդ պահի դրությամբ Ադրբեջանում 23 անձ է պահվում, որոնցից 17-ը 2023թ․ ագրեսիայի ընթացքում են գերեվարվել։ Քյարամյանն ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ առկա են փաստական տվյալներ։ Ադրբեջանը հաստատում է 23 պահվող անձանց հանգամանքը, 32 անձի բռնի անհետացման հայտարարությունը՝ հերքում։

«Ինֆոքոմը» ՀՀ քննչական կոմիտեից այս տարվա սեպտեմբերի 16-ին տեղեկություններ է հայցել մի շարք հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով հայկական կողմի զոհերի, անհայտ կորածների, գերության մեջ գտնվողների թիվը, խնդրել հայտնել զոհված զինծառայողների զինվորական կոչումները եւ այլն։ 

Նշելով, որ պատերազմին առնչվող մի շարք հոդվածներով շարունակվում են նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունները՝ Քննչական կոմիտեն մերժել է տեղեկության տրամադրումը՝ պնդելով, որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ։

ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը նաեւ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթների վերաբերյալ է հայտնել որոշ տվյալներ․ 2024թ․ հունվարի դրությամբ, ըստ Քյարամյանի, դատարան է ուղարկվել 422 անձի վերաբերյալ քրեական գործ, որոնցից 99-ը սպաներ են։

Ադրբեջանական կողմի կորուստները

2020թ․ դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հրապարակեց իր զոհերի թիվը․ ըստ այդ օրվա տվյալների՝ զոհվել էր Ադրբեջանի զինված ուժերի 2783 զինծառայող, անհետ կորած էր համարվում 100-ը, իսկ 1245 վիրավոր բուժում էր ստանում։ 

2021թ․ մարտի 2-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է զոհերի 2881 թիվը, նշել, որ անհետ կորած է համարվում 28 զինծառայող։

Մինչդեռ հայկական կողմը նոյեմբերի 8-ին՝ պատերազմի նախավերջին օրը, ներկայացրել է տվյալ, ըստ որի՝ Ադրբեջանն ունի անձնակազմի 7630 կորուստ։ Կան հրապարակումներ այն մասին, որ հնարավոր է, որ Ադրբեջանի կորուստներն ավելին են, քան պաշտոնապես հայտնում են։

44-օրյա պատերազմի վերաբերյալ մանրամասն կարդալու համար կարող եք օգտվել «Ինֆոքոմի» «44-օրյա պատերազմ. ժամանակագրություն» մոնիթորինգային գործիքից, որը ներառում է 44-օրյա պատերազմը եւ դրան նախորդող ու հաջորդող ժամանակահատվածում Հայաստանի և Արցախի շուրջ ծավալված իրադարձությունները՝ շուրջ 11 հազար լուր։


Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել