armenpress.am: Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման դեպքում Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բեռների փոխադրման ժամկետների կրճատման, Ասիայի և Եվրոպայի, Հյուսիսի և Հարավի միջև այլընտրանքային տրանսպորտային նոր հաղորդակցությունների որոնման տեսանկյունից ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտը դնել Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վրա: Նախագծի նպատակն է բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ձևավորումը, ինչպես նաև տարածաշրջանի լոգիստիկ ներուժի զգալի ավելացումը ՝ երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետ Փաշինյանն անդրադարձավ այն պնդումներին, թե, իբր Հայաստանն ինչ-որ տեղ, ինչ-որ փաստաթղթում համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն հաղորդակցությունների անվտանգությունն իր տարածքում։ Փաշինյանն ընդգծեց, որ այդ պնդումները պարզապես իրականության խեղաթյուրում են։
«Մեկնաբանություններ կան այն մասին, որ Հայաստանը ինչ-որ տեղ, երբևիցե, ինչ-որ կերպ համաձայնել է տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ իր ինքնիշխանության որևէ սահմանափակման։ Երբեք նման բան չի եղել, և դա նույնպես իրականության ակնհայտ խեղաթյուրում է։ Հայաստանի հանձնառությունն է երաշխավորել բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անվտանգությունն իր տարածքում, և մենք դա երաշխավորում ենք»,-եզրափակեց Փաշինյանը։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)