news.am: Մենք հատուկ այնպես էինք արել, որ որեւէ առճակատվող հարց քննարկման առարկա չդառնա, որպեսզի նաեւ ժողովուրդը տեսնի եւ եւս մեկ անգամ համոզվի՝ արդյոք մեծամասնությունը թեկուզ հումանիտար հարցերում պատրաստ է կանգնել արցախցու կողքին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանները ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը:
«Այն վարքագիծը, որ իրենք դրսեւորում են եւ եթե դեմ քվեարկեն, ստացվում է, որ չեն կանգնում արցախցու կողքին, հերթական անգամ դավաճանում են, ուրանում են Արցախը եւ մեր ժողովրդի համար էլ պետք է սա լինի ցուցիչ»,-ասաց նա:
Նշենք, որ քիչ առաջ ՔՊ-ն դեմ քվեարկեց Բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմանները ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի ձեւավորմանը եւ այն չանցավ:
comment.count (0)