Հիմա շարժվելու ենք Հանրային հեռուստաընկերություն, պահանջելու ենք ուղիղ եթեր. Բագրատ Սրբազան
21:11 - 02 հոկտեմբերի, 2024

Հիմա շարժվելու ենք Հանրային հեռուստաընկերություն, պահանջելու ենք ուղիղ եթեր. Բագրատ Սրբազան

 Հանրապետության հրապարակում մեկնարկեց Սրբազան Պայքարի հանրահավաքը։ Ավելի վաղ, շարժման մասնակից երիտասարդները Մաշտոցի պողոտայից քայլերթ իրականացրին դեպի Հանրապետության հրապարակ և միացան հանրահավաքին։

Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդես եկավ ելույթով․

« Այս պայքարի բովանդակությունը կեղծիքի ու արդարության, ստի ու ճշմարտության մասին է, որի ակունքներում ես կանգնել եմ բարձրագույն պատասխանատվությամբ։ Չեմ նստել ու սպասել, որ իմ փոխարեն ուրիշը պետք է գործի, վերլուծություններ չեմ արել ու այդպես ինքնաբավարարվել, չեմ քննադատել ուրիշներին, ովքեր պայքարել են և վերջում որոշել, որ հիասթափված են, քաղաքականություն չեմ խաղացել ու քաղաքական գործիչ լինելու հավակնություն ստանձնել ու ամենից փորձել դիվիդենտներ քաղել՝ փորձելով մաքուր նկարագրով մնալ։

Մեր դիմաց ծանր իրադարձություններ ու սպասումներ են, դավաճանական նոր ծրագրեր, հայրենահանձնման դիվական նոր պլանավորումներ։

Այս պայքարում կհաղթի նա, ով համառ է, աննահանջ է և հետևողական։ Եվ դարձյալ պետք է կրկնեմ՝ մի՛ մտածեք հնարավոր ու անհնարի մասին, մտածե՛ք ու գործե՛ք անհրաժեշտ ու ոչ անհրաժեշտ լինելու մասին։ Անհրաժեշտ է այս պայքարը, անհրաժեշտ է այս շարժումը, անհրաժեշտ է մեր երկրի ազատագրման համար, ու սա պետք է հասնի բոլորի մտքին։

Ես ձեզ երբեք մենակ չեմ թողել ու չեմ թողնելու։ Զինվե՛ք հավատքով, համբերությամբ ու պայքարի կամքով։ Մոռացե՛ք անզորության բոլոր զգացումները, մտածե՛ք հաղթանակի մասին։

Դիմում եմ քաղաքական գործիչներին՝ դո՛ւրս եկեք սովորական ապրելու կարգավիճակից։ Մեզ ընդհանրական համախմբում է անհրաժեշտ։ Գործել, գործել ու միայն գործել՝ առանց որևէ շահերի։ 

Ստի քարոզչության օջախը, թունավորման կետն իրենց ֆեյքերի ՊՈԱԿ-ի հետ միասին, չարիքի որջը գտնվում է Հանրային հեռուստաընկերություն կոչված օջախում։ Մենք գնալու ենք այնտեղ ուղիղ եթերի պահանջով և պարտադրելու ենք, որպեսզի ճշմարտության ձայնն այնտեղից հնչի։

Տեղում կորոշենք, թե ինչ գործողություններ ենք կատարելու։ Դա լինելու է մեր առաջին պահանջը։ Մեր քաղաքացիական ճնշումով պետք է նաև հասնենք նրան, որ այս ստի կայսրության ամենակարևոր աշտարակը կարողանա նաև ճշմարտության մասին խոսել»։

Ելույթից հետո հանրահավաքի մասնակիցները՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, քայլում են դեպի Հանրային հեռուստաընկերություն։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել