Արդեն երկու օր է, ինչ գիտությունն այցելել է Հայաստանի դպրոցներ ու մանկապարտեզներ, համալսարաններ, ինչպես նաև Ազատության հրապարակ։ Ասել է թե՝ գիտությունն ամենուրեք է։ Այս շաբաթ Հայաստանում մեկնարկել է Համազգային գիտության շաբաթը, որն իրականացնում է «Գիտուժ» նախաձեռնությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։
Բեկվող լույսից մինչև 3000 տարեկան գտածոներ․ ինչ կգտնեք Ազատության հրապարակում
Չնայած անձրևոտ եղանակին՝ քայլում եմ Ազատության հրապարակ, որտեղ այս օրերին գիտական են անգամ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումների պաստառները։
Օպերային և բալետային ներկայացումների գիտական պաստառներն Ազատության հրապարակում
Համազգային գիտության շաբաթվա շրջանակում անցկացվող ամենակարևոր միջոցառումներից մեկը՝ Գիտության փառատոնը, Ազատության հրապարակում միավորել է Հայաստանի գիտնականներին, դպրոցականներին ու գիտության սիրահարներին։
Քայլում եմ Ազատության հրապարակով, ու առաջինն ուշադրությունս գրավում է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տաղավարը, որտեղ գիտնականների օգնությամբ դպրոցականները սովորում են, թե ինչպես պեղումներ իրականացնել։ Ոմանց բախտը բերում է, և նրանք հողից 3000 տարվա հնության նմուշներ են գտնում։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տաղավարի պեղումները
Այս տաղավարում ծանոթանում եմ 9-ամյա Նատալիի հետ, որը մատիտներով իր պատկերացրած գույներն է հաղորդում ինստիտուտի գիտնականների հայտնաբերած գտածոների նկարկներին։
Նատալին ներկում է գտածոների նկարները
Մի փոքր այն կողմ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տաղավարն է, որտեղ ներկայացված սարքերի կողքով անտարբեր անցնել չեմ կարողանում։ Գիտաշխատողներից մեկը վերցնում է լապտերը, որը սովորական լույս է արձակում, ապա՝ դիֆրակցիոն ցանցը։ Նա բացատրում է, որ երբ լույսն անցնում է դիֆրակցիոն ցանցի միջով, բեկվում է ու բաժանվում տարբեր սպետկորների, ինչպես արևի լույսը, անցնելով ջրի կաթիլների միջով, բեկվում է՝ առաջացնելով ծիածան։ Նայում եմ լապտերի՝ դիֆրակցիոն ցանցի միջով անցնող լույսին ու տեսնում ծիածանի գույները։ Իսկ երբ քիչ հետո անձրևը դադարում է, և դուրս է գալիս արևը, Ազատության հրապարակի վերևում երևում է իրական ծիածանը։
Շարժվում եմ առաջ ու հանդիպում Արարատի մարզի Ազատաշեն գյուղի դպրոցի աշակարտներին ու ուսուցիչներին։ Դպրոցականների հետ զրույցի եմ բռնվում։ 9-րդ դասարանցի Մարիային հարցնում եմ՝ գիտության որ ուղղություններով է հետաքրքրված, ասում է՝ մաթեմատիկայով ու կենսաբանությամբ։ Մարիան պատմում է, որ այսօր հասցրել է մանրադիտակի տակ ուսումնասիրել կենդանիների ենթաստամոքսային գեղձի հյուսվածքներ, սնկեր և այլ նմուշներ։ 8-րդ դասարանցի Սիլվարդն էլ ասում է՝ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տաղավարում Վիկտոր Համբարձումյանի մասին նոր տեղեկություններ է իմացել, որ մինչ այդ չգիտեր։
Ազատաշենի դպրոցի աշակերտները
Ազատաշենի դպրոցի աշակերտներին հրաժեշտ տալուց հետո մոտենում եմ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տաղավարին․ այստեղ կենսաբանությունը ներկայացված է շա՜տ գունավոր ու շա՜տ հանրամատչելի։ Դպրոցականներն ու մյուս այցելուները տաղավարում կարող են սովորել, թե ինչպիսի կառուցվածք ունեն ԴՆԹ-ն, սպիտակուցները, բջիջներն ու գեները, ինչպես կարելի է գենետիկայի միջոցով բռնել հանցագործներին՝ ունենալով նրանց մազի, մատնահետքի կամ արյան նմուշը։
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տաղավարը
Իսկ տաղավարի մյուս հատվածում մարդու, ձիու, արջի, այծի և այլ կենդանիների ոսկորների գտածոներ են, որոնք հայտնաբերել և ուսումնասիրում են ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի գիտաշխատողները։
Շարունակում եմ տաղավարներով պտույտս ու հանդիպում Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի աշակերտներին, որոնք ևս պատմում են իրենց տպավորությունների մասին։
8-րդ դասարանցի Մարին, օրինակ, ամենաշատը հավանել է Բյուրականի աստղադիտարանի տաղավարը, որտեղ 3D ակնոցով հայտնվել է բաց տիեզերքում։ Նրա համադասարանցի Օֆելյայի մոտ էլ տպավորվել է այն, թե ինչպես են AIP Scientific ընկերության հետազոտողները պատմել, որ եռաչափ տպագրությամբ հնարավոր է ոսկորներին փոխարինող իմպլանտներ ստանալ։
Նոր գիտելիքը՝ կիրառության մեջ․ դեպի մեծ տաղավար
Գիտական կազմակերպությունների տաղավարներով շրջելուց և դպրոցականների, գիտնականների հետ զրուցելուց հետո մոտենում եմ մեծ տաղավարին, որտեղ գիտնականներն ամեն օր բանախոսություններ են ունենում և պատասխանում ներկաների հարցերին։ Այսօրվա բանախոսության թեմաներից մեկը գիտության դերն է նորարարական ընկերությունների ձևավորման գործում, իսկ բանախոսն է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Denovo Sciences ընկերության համահիմնադիր Հովակիմ Զաքարյանը։
Խոսելով այն մասին, թե ինչպես է գիտելիքը դառնում արտադրանք, ապա կիրառություն գտնում առօրյա կյանքում՝ Հովակիմ Զաքարյանը նշում է․ «Ես անձամբ գիտելիքը համարում եմ ինքնին արդեն պրոդուկտ և ամենաթանկարժեք, ամենաբարձր գին ունեցող պրոդուկտը, որովհետև նոր գիտելիքի ստեղծումը շատ թանկ գործընթաց է»։
Գիտնականի խոսքով ժամանակակից աշխարհում գիտելիք ստեղծելու համար անհրաժեշտ են թանկարժեք սարքավորումներ, մեծ և պրոֆեսիոնալ թիմեր, ժամանակ, և այս ամենը թանկացնում է ստեղծվող նոր գիտելիքը։ Սակայն այս կամ այն լաբորատորիաում գիտնականների կողմից նոր գիտելիքի ստեղծումն, ըստ նրա, միայն առաջին քայլն է․ դրան հաջորդում է ստացված գիտելիքի վալիդացումն այլ միջավայրերում, շուկայի ուսումնասիրությունը, նախատիպի ստեղծումը, շուկա մուտք գործելը և այլն։
«Սրանք բազմաթիվ քայլեր են, որոնց մեջ գիտնականն, իհարկե, ունի իր մասնակցությունը, բայց առաջնային չէ այլևս, որովհետև այլ երկրներում, որպես կանոն, այդ քայլերի զգալի մասը անում են արդեն մասնագիտացված այլ կառույցներ։ Խորհրդային Միության ժամանակ մասնագիտացված կառույցները կիրառական ինստիտուտներն էին, որոնք վերցնում էին գիտելիքը և փորձում էին մշակել, հասցնել այն աստիճանի, որ տնտեսության մեջ ուղիղ մտնում և կիրառվում էր։ Արևմտյան աշխարհում դրանք հիմնականում տեխնոլոգիաների տրանսֆերային գործակալություններն են, որոնք համալսարանին կամ ինստիտուտին կից աշխատում են գիտնականների հետ»,- ասում է Հովակիմ Զաքարյանը։
Հովակիմ Զաքարյանը
Գիտնականն անդրադառնում է նաև այն հարցին, թե ինչու Հայաստանում այնքան էլ լավ չի աշխատում գիտնականների ստեղծած գիտելիքի առևտրայնացման և շուկա հասնելու գործընթացը։ Այս մասով նա առանձնացնում է մի քանի պատճառ՝
«Պարզ օրինակ բերեմ․ բոլորդ էլ օգտվում եք 5-6 տարբեր ընկերություններից, որոնք կաթնամթերք են ստեղծում Հայաստանում։ Այդ ընկերություններից քանի՞սն ունի իր սեփական հետազոտական միավորները, որպեսզի իրենց լաբորատորիաներում փորձեն գտնել, օրինակ, նոր կաթնաթթվային բակտերիաներ, որոնք շատ ավելի էֆեկտիվ կդարձնեն իրենց արտադրանքը»,- ասում է Հովակիմ Զաքարյանը։
Գիտնականն անդրադառնում է նաև նոր ստեղծվող գիտելիքով պետության խնդիրները լուծելու հարցին։ Նա որպես օրինակ է բերում կառավարության կողմից ֆինանսավորվող նպատակային ծրագրերը, որոնց շրջանակում ոչ թե կառավարությունն է հետազոտական պատվերներ իջեցնում, այլ գիտնականներն են նախաձեռնում ու դիմում։
«Օրինակ, մենք գիտենք, որ Արարատյան դաշտը աղակալում է։ Աղակալման դեմ պայքարի տարբեր մեթոդներ կան՝ և՛ ֆիզիկաքիմիական, և՛ կենսաբանական։ Եթե դու խնդիր ունես պայքարելու Արարատյան դաշտի աղակալման հետ, կարող ես խնդիրը ձևակերպել և փորձել այդ խնդիրը գիտնականների առջև դնել և լուծում սպասել նրանցից։ Սա պիտի պետությունը անի, պետք է համապատասխան մարմիններ անեն: Բայց մեզ մոտ պատմությունը շրջված է․ նպատակային ծրագրեր պետությունը սպասում է գիտնականներից։ Գիտնականները, պատկերացրեք, նստում են, մտածում են, թե պետությունը ինչ խնդիրներ ունի, գնում, համապատասխան մարմիններին համոզում են, որ այդ խնդիրը երևի կա ձեզ մոտ, միասին դիմենք կառավարություն»,- ասում է նա։
Գիտնականի խոսքով նման խնդիրների դեպքում կառավարությոնը կարող է ձևակերպել պատվեր, սահմանել բյուջե և հրավիրել նաև արտասահանից գիտնականների․ «Այդ խնդրի շրջանակներում թող ստեղծվի լաբորատորիա Հայաստանում, պայմանական Իսրայելից թող գան գիտնականներ, հայ գիտնականների հետ միասին այդ խնդրի շուրջ աշխատեն, և դա կլինի նաև հիանալի օրինակ, թե ինչպես նոր գիտական միավորներ են ստեղծվում, որոնք կիրառելի գիտելիք են ստեղծում»։
Ապակենտրոն գիտություն
Մեծ տաղավարում բանախոսությունները շարունակվում են, իսկ ես Գիտության շաբաթվա բովանդակության պատասխանատու Արման Գասպարյանին խնդրում եմ պատմել, թե ապակենտրոն ինչ միջոցառումներ են անցկացվում այս օրերին։ Արման Գասպարյանը նշում է՝ մանկապարտեզներում, դպրոցներում ու համալսարաններում անցկացվող միջոցառումները երկարաժամկետ են ու չեն սահմանափակվում միայն Գիտության շաբաթով։
Մանկապարտեզների ու դպրոցների համար մշակված են միջոցառումների փաթեթներ։ Միջոցառումների թվում են գիտափորձեր, աշակերտների կողմից կատարվող խմբային, նախագծային աշխատանքներ կամ մրցույթներ։ Արման Գասպարյանի խոսքով միջոցառումների իրականացման համար հատուկ լաբորատոր սարքավորումների կամ նյութերի կարիք չկա․ ձեռքի տակ եղածով էլ աշակերտները կարող են գիտափորձ անցկացնել կամ որևէ բան նախագծել ու պատրաստել։
«Օրինակ՝ ուսուցիչը կարող է երեխաներին ինչ-որ գիտափորձ ցույց տալ, պատմել որ սա բնության այսինչ երևույթն է, տեսությունը ներկայացնել, հետո քայլ առ քայլ անցկացնել։ Կամ կան մրցութային, խմբային, նախագծային աշխատանքներ։ Օրինակ՝ երեխաները կամուրջներ են կառուցում ձեռքի տակ եղած նյութերից, հետո փորձում են դրանց ամրությունը»,- ասում է նա։
Արման Գասպարյանը նշում է, որ ուսուցիչները կարող են ներբեռնել իրենց մշակած փաթեթներն ու անցկացնել միջոցառումներն ամբողջ տարվա ընթացքում, իսկ փաթեթներում ներկայացված են միջոցառումների բոլոր մանրամասները՝ բարդության աստիճանից միչև անհրաժեշտ նյութեր և ակնկալվող արդյունքներ։
«Նպատակն այն է, որ կրթությունն ավելի ակնհայտ դառնա, երեխաների համար ավելի հետաքրքիր լինի։ Մի բան է, երբ ուսուցիչը գալիս է, դասագրքով դասն է պատմում, աշակերտը գնում է, տանը սովորում, լրիվ այլ բան է, երբ հետաքրքիր գիտափորձերով կամ ցուցադրությունով, մրցույթներով երեխաներին շահագրգռում է, ավելի հետաքրքրում»- նշում է նա։
Մասնակից դպրոցների համար Համազգային գիտության շաբաթվա շրջանակում նաև մրցույթ է հայտարարված․ այն դպրոցը, որը լավագույնս կիրականացնի միջոցառումներն ու տեսանյութով կներկայացնի դրանք, մրցանակ կշահի։
Իսկ համալսարանների ակապենտրոնացված միջոցառումների դեպքում շեշտը դրվել է միջառարկայականության վրա․ Համազգային գիտութան շաբաթվա կազմակերպիչներն ընտրել են միջառարկայական 30 ուղղություններ, ինչպիսին է, օրինակ աստղակենսաբանությունը, և դրանց հիման վրա 150 թեմա առաջարկել, որոնց վերաբերյալ համալսարաններն ու գիտական կազմակերպություններն ուսանողների համար կարող են դասախոսություններ, սեմինարներ ու քննարկումներ կազմակերպել։
Արման Գասպարյանը պատմում է, որ երբ այս օրերին զրուցում են փառատոնին մասնակից երեխաների հետ, տեսնում են, որ նրանք ոգևորված են․ «Երբ ցանկացած հայտնի գիտնականի հարցնում են՝ ինչո՞ւ որոշեցիր գիտնական դառնալ, նա, որպես կանոն, գնում է իր վաղ մանկություն, երբ, օրինակ , ծնողների հետ գնացել է ինչ-որ թանգարան կամ այսպիսի գիտության փառատոնի կամ միջոցառման, և դա նրան ոգևորել է, որոշել է գիտնական դառնալ։ Մենք ուզում ենք այդպես ոգևորել շատ երեխաների, որ նրանք ապագայում գիտությունը ընտրեն»։
Համազգային գիտության շաբաթն ու գիտության փառատոնը շարունակվում են․ առաջիկա օրերին սպասվում են նոր ձևաչափեր, մրցույթներ ու բանախոսություններ։
Հեղինակ՝ Աննա Սահակյան
Լուսանկարները՝ Մարգարիտա Հովհաննիսյանի
comment.count (0)