armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում շարունակվում են արդարադատության նախարարի թեկնածուի ընտրության վերաբերյալ քննարկումները, որոշում դեռ չկա:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում հայտնեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:
Անդրադառնալով դիտարկմանը, թե շրջանառվում է այն տեղեկությունը, որ նախարարի պաշտոնում քննարկվում է խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի թեկնածության հարցը՝ Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Կուսակցության ներսում քննարկումներ են տեղի ունենում: Քննարկումների ընթացքում պարզ է, որ պետք է հնչեն անուններ: Այդ անունները հնչում են: Բայց այդ քննարկումների արդյունքում որոշում կայացնելուց հետո մենք հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»:
Գրիգոր Մինասյանն օրեր առաջ հրաժարական է տվել Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնից։ Ավելի վաղ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք էին սկսել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով:
comment.count (0)