news.am: Շատ նորմալ է, որ խորհրդարանական երկրում պատգամավորները կարող են համախմբվել, հնչեցնել տեսակետ եւ դրանք հիմնավորել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ արդարադատության նախարարին պաշտոնից հեռացնելու գործընթացի թիկունքում ինքն է եղել, իր քավորությամբ է դա տեղի ունեցել եւ որ ՔՊ-ում բաժանված են թեւերի:
«Դա դիտվում է, որ խմբակցության մեջ բաժանված են թիմերի, չկա այդպիսի բան: Պարզապես, ԱԺ կանոնակարգ օրենքում գրված է, որ ԱԺ 30 տոկոսը կարող է վարչապետին ներկայացնի փաթեթ, որով առաջարկում է քննարկել որեւէ նախարարի աշխատանքի հաջողությունհները կամ անհաջողությունները: Բայց մենք մեր խմբակցությունում ունենք այդպիսի պայմանավորվածություն, որ խմբակցության 30 տոկոսը եթե ունի դժգոհություն հիմնավորված, դրանք կարող է ներկայացնել վարչապետին եւ ունենա քննարկում ու արդյունք: Հիմա այդպիսի մի գործընթաց է սկսվել, որը շատ լավ է, առողջացնող է:
Հիմա այստեղ փնտրում են խարդավանք: Ի՞նչ խարդավանք, ամեն ինչ եղել է թափանցիկ: Ավելին, դրանից առաջ եղել է քննարկում նախաձեռնող խմբում, որտեղ զեկույցներով հանդես են եկել խմբակցության շատ անդամներ եւ իրենց դժգոհություններն են հայտնել որոշ նախարարություններում տիրող իրավիճակից:
Փաստերի լեզվով ներկայացվել է վարչապետին եւ նա կողմ է եղել, որ դրանք ամբողջությամբ ստուգվեն: Այդ փաստերի ստուգման մի ամբողջ գործընթաց է իրականացվել եւ արդյունքում Մինասյանը հրաժարական տվեց»,- հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը:
Նա մանրամասնեց նաեւ կոնկրետ պատճառը. «Բյուջեի քննարկման ժամանակ ես մի հարց եմ տվել՝ ինչպե՞ս առաջարկեցիք վարչապետին Աբակում Գրիգորյանի թեկնածությունը, երբ նա «Մարտի 1»-ի քննչական խմբում է եղել եւ այդտեղ կարող են հարցեր լինել: Դա լուրջ զարգացումներ ստացավ, հոդվածներ սկսեցին ծնվել: Ես շատ անմեղ հարց եմ տվել, բայց պարզվում է դրա մեջ շատ մեծ վտանգներ է տեսել պարոն Մինասյանը, իրեն շրջապատող մարդիկ: Դա բերեց նրան, որ եղավ քննարկում ընդհանրապես արդարադատության նախարարությունում, ՔԿՀ-ներում, նաեւ այլ ոլորտներում տիրող իրավիճակի մասին: Դա առողջացնող գործընթաց է եւ պետք է շարունակվի»:
Դիտարկմանը, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ինքը զանգել է Գրիգոր Մինասյանին եւ կոշտ ձեւով պահանջել, որ աշխատանքից ազատի Ամբակում Գրիգորյանին եւ մերժում ստանալով ասել է. «հալդ կտեսնես», Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը Գրիգոր Մինասյանին չի զանգել. «Մեր վերջին շփումը եղել է պետաիրավական հանձնաժողովում իմ հարցադրման շնորհիվ, այլ շփում չեմ ունեցել: Ես այդ հարցուպատասխանից հետո պարոն Մինասյանի հետ որեւէ շփում չեմ ունեցել, որեւէ զանգ չեմ արել»:
comment.count (0)