ԱՄՆ-ն և ԵՄ-ն քննադատել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու Իսրայելի որոշումը |armenpress.am|
16:45 - 03 հոկտեմբերի, 2024

ԱՄՆ-ն և ԵՄ-ն քննադատել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու Իսրայելի որոշումը |armenpress.am|

armenpress.am: Մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ քննադատության են ենթարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին «պերսոնա նոն գրատա հայտարարելու Իսրայելի որոշումը:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն աջակցություն է հայտնել Գուտերեշին և քննադատել Իսրայելի որոշումը։

«Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին բոլոր հակամարտություններում, հատկապես Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու նրա անխոնջ ջանքերում։ Մենք դատապարտում ենք նրա դեմ չարդարացված հարձակումները», - գրել է Բորելը X սոցիալական ցանցում: 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն իր հերթին հայտարարել է, որ Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» հայտարարելը քաղաքական, այլ ոչ իրավական քայլ է։

«Մենք Իսրայելի վարչապետի հայտարարությունը համարում ենք քաղաքական, ինչպես նաև այն որակում ենք Իսրայելի իշխանությունների կողմից ՄԱԿ-ի ներկայացուցիչների դեմ հերթական թշնամական ելույթը», -հայտարարել է Դյուժարիկը։

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» հայտարարելը համարել է անարդյունավետ: 

«Նման քայլերն անարդյունավետ են աշխարհում Իսրայելի դիրքերը բարելավելու համար», - ասել է նա։

Իսրայելի որոշումը քննադատել են նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Սեբաստիան Ֆիշերը, Պորտուգալիայի իշխանությունները, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Ֆու Ցունը, Ֆրանսիայի մշտական ​​ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիերը: Գուտերեշին աջակցություն է հայտնել նաև ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ​​ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը։

Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 հրթիռ էր արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս հարձակումից հետո Գուտերեշը դատապարտել էր Մերձավոր Արևելքում իրադրության սրումը՝ որևէ երկրի անուն չհիշատակելով։ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը արգելել էր նրա մուտքը երկիր՝ պատճառաբանելով, որ Գուտերեշը չի դատապարտել Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել