Ի՞նչ է նշանակում լինել գիտնական․ Գիտության փառատոնն այս օրերին նվիրված է մասնագիտական կողմնորոշմանը
17:35 - 04 հոկտեմբերի, 2024

Ի՞նչ է նշանակում լինել գիտնական․ Գիտության փառատոնն այս օրերին նվիրված է մասնագիտական կողմնորոշմանը

Ազատության հրապարակն արևոտ է ու մարդաշատ․ «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած Համազգային գիտության շաբաթը և Գիտության փառատոնը շարունակվում են։ 

 

Ապագա գիտնականները

Եթե նախորդ օրերին եղել եք Ազատության հրապարակում ու ծանոթացել գիտական կազմակերպությունների տաղավարներին, ապա այսօր այնտեղ կգտնեք նաև համալսարանների տաղավարները։ «Մասնագիտական կողմնորոշում. ապագա գիտնականներ». Գիտության փառատոնի թեմատիկ այս բաժինը նպատակ ունի օգնելու պատանիներին մասնագիտական կողմնորոշման հարցում։

Ազատության հրապարակում շրջելիս ծանոթանում եմ 8-րդ դասարանցի Ալեքի հետ, որը տեսախցիկը ձեռքին հետևում է տաղավարների եռուզեռին։ Նրան առաջարկում եմ միասին քայլել ու զրուցել։

Ալեքը պատմում է, որ տարված է օրգանական քիմիայով։ Ասում է` սկզբում փորձում էր միայնակ գլուխ հանել քիմիայից, բայց մի օր որոշեց նամակ գրել Մանկավարժական համալսարանին ու դիմել դասախողների օգնությանը։ Ի զարմանս նրա՝ պատասխան ստացավ ու սկսեց հաճախել համալսարան՝ ուսանողների հետ լսելու քիմիային վերաբերող դասախոսությունները։ Ապա Ալեքը ծանոթացավ Երևանի պետական համալսարանի դասախոսներից Համբարձում Խաչատրյանի հետ ու սկսեց հյուրընկալվել նաև այս համալսարանում, հետևել լաբորատոր փորձերին։ 


Ալեքը

Ես ու Ալեքը մոտենում ենք տաղավարներից մեկին։ Ալեքն ասում է՝ Գիտության փառատոնին եկել է հատկապես նրա համար, որ հետևի, թե ինչպես են երիտասարդ քիմիկոսները դպրոցականներին մատչելի պատմում քիմիայի մասին։ Նա նաև ծանոթանում է գիտական այլ ուղղությունների, որ դրանց մասին պատմի դասընկերներին։

Ալեքին հրաժեշտ եմ տալիս ու շարժվում առաջ։

Նկատում եմ Երևանի պետական համալսարանի տաղավարը, որտեղ ուսանողները երեխաներին ոգևորված բացատրում են՝ ինչ է լույսը, ինչպես են առաջանում գույները։


Երևանի պետական համալսարանի տաղավարը

Քիչ այն կողմ Երևանի թիվ 78 դպրոցի աշակերտներն են։ 8-րդ դասարանցի Հայկն ինձ պատմում է, որ հասցրել է գիտնականների հետ համեմատել մարդու և տարբեր կենդանիների ուղեղները, Ամերիկյան համալսարանի տաղավարում մասնակցել է ծխախոտի ազդեցության մասին վեբինարի ու մրցանակ շահել։


Թիվ 78 դպրոցի աշակերտները

Նրա դասընկեր Ալենին էլ տպավորել են մանրադիտկով դիտարկումներն ու քիմիական փորձերը։ Ալենին հարցնում եմ, թե որոնք են նրա սիրելի առարկաները, պատասխանում է` մաթեմատիկան ու կենսաբանությունը։ Նրան պատմում եմ, որ ժամանակակից գիտության մեջ շատ ուղղություններ կան, որոնք միավորում են մաթեմատիկան ու կենսաբանությունը, և որոնց ծանոթանալու հնարավորություն կունենա Գիտության փառատոնի ընթացքում։ Ապա խորհուրդ եմ տալիս բայց չթողնել կենսաինֆորմատիկայի մասին բանախոսությունը։

Դպրոցականներին հրաժեշտ եմ տալիս ու շտապում մեծ տաղավար, որտեղ քիչ հետո YerevaNN լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանը պատմելու է այն մասին, թե ինչ է նշանակում լինել գիտնական։

 

Գիտության գույներն աշխարհում ու Հայաստանում

Հրանտ Խաչատրյանն իր պատմությունը բաժանում է երկու մասի․ ի՞նչ է նշանակում լինել գիտնական գլոբալ առումով և Հայաստանում։

«Լինել գիտնական նշանակում է, որ քո կյանքի և գործունեության ահագին մասը գրեթե ամբողջությամբ նվիրված է կարևոր ու չլուծված խնդիրներ լուծելուն»,- ասում է նա։ 

Հրանտն ուշադրություն է հրավիրում կարևոր և չլուծված բառերի վրա։ Ասում է՝ աշխարհում շատ խնդիրներ կան, և գիտնականները պետք է դրանցից առանձնացնեն նրանք, որոնք իսկապես կարևոր են, և որոնց գիտական այլ թիմեր արդեն լուծումներ չեն տվել։


Հրանտ Խաչատրյանը մեծ տաղավարում

Կարևոր խնդիրներն էլ, իհարկե, ժամանակի ընթացքում փոխվում են։ Գիտնականը հիշում է, որ տարիներ առաջ իր ոլորտում` արհեստական բանականության մեջ, համարվում էր, որ եթե ստեղծվի այնպիսի մոդել, որը կկարողանա շախմատ խաղալ, ապա շատ խնդիրներ կսկսեն արհեստական բանականությամբ լուծվել։ Շախմատ խաղացող մոդելներ ստեղծվեցին, դրանք սկսեցին հաղթել աշխարհի գրոսմայստերներին, բայց դա ոլորտում հեղափոխություն չբերեց ու շատ խնդիրներ չլուծեց։ 

Հրանտի խոսքով փոխարենը վերջին տարիներին արհեստական բանականությունը զարգացավ տեքստային նյութերի հիման վրա. արհեստական բանականության գործիքներով տեքստերի մշակումը բերեց նրան, որ ստեղծվեց, օրինակ, ChatGPT-ն։

«Հիմա հարց է առաջացել, թե տեխնոլոգիան, որն այսքան լավ կարողացավ հասկանալ տեքստերը, այն ալգորիթմները, որոնք բերեցին այդ տեսակ հեղափոխությանը տեքստում, ուրիշ ի՞նչ ոլորտներում կարող են նման հեղափոխություն բերել»- ասում է նա։

Նման ոլորտներից մեկն, ըստ գիտնականի, կարող է լինել կենսաբանությունը։ Շատ կենսաբաններ, իհարկե, թերահավատ են այն հարցում, որ արհեստական բանականությամբ հնարավոր կլինի մշակել կենսաբանական տվյալներն ու խնդիրներ լուծել,  ինչպես ժամանակին լեզվական մոդելների հանդեպ թերահավատություն ունեին լեզվաբանները։

Բացի կարևոր ու չլուծված խնդիրներ գտնելուց՝ Հրանտը գիտնականների գործունեության մեջ առանձնացնում է հոդվածների տպագրության ու գրախոսության գործընթացը։ Դա, նրա խոսքով, օգնում է գիտնականներին սեփական աշխատանքին քննադատաբար մոտենալ, մանրամասն ստուգել հոդվածները տպագրության ուղարկելուց առաջ, քանի որ դրանք գրախոսելու են ոլորտի այլ գիտնականներ։

«Սա գիտնական լինելու իմ ամենասիրած կտորներից է․ օգնում է ինքդ քեզ կողքից նայել ու քո արածներին կողքից գնահատական տալ»,- ասում է նա։

Գիտնականի կյանքում մյուս կարևոր կետն, ըստ Հրանտի, մարդիկ են ու միջավայրը։

«Դու շրջապատված ես մարդկանցով, որոնք զբաղված են կարևոր խնդիրներով, չլուծված խնդիրներով, և դա հետաքրքիր միջավայր է»,- ասում է նա ու հավելում, որ գիտնականները հրաշալի զրուցակիցներ են, հատկապես եթե հասցրել են մեծ փորձ կուտակել։

Բայց գիտությունը միայն պայծառ գույների մասին չէ։ Հրանտը նշում է, որ ամբողջ աշխարհում գիտնականի կյանքի անբաժան մասն է բյուրոկրատիան․ գիտությամբ զբաղվելու համար ֆինանսավորում է անհրաժեշտ, հետևաբար՝ գիտնականները ֆինանսավորողներին պետք է հիմնավորեն իրենց հետազոտությունների կարևորությունը։ Գիտնականի խոսքով հատկապես Եվրոպայում ֆինանսավորում հայթայթելու ճանապարհին այնքան բյուրոկրատական հարցեր կան, որ շատ մարդիկ թողնում են գիտությունը՝ գնալով  մասնավոր հատված։ 

Իսկ ի՞նչ գույներ է ավելանում այս ամենին, երբ գիտությամբ զբաղվում ես Հայաստանում։ Այս թեման Հրանտը սկսում է հենց ֆինանսավորումից։ Պարզվում է՝ այս առումով Հայաստանում բյուրոկրատիան քիչ է. գիտնականների ու գիտական թիմերի թիվն այնքան փոքր է, որ լավ գաղափարներն առանց ֆինանսավորման չեն մնում։ 

Մյուս կողմից շատ են փաստաթղթային հարցերը. գիտություն իրականացնող կառույցներում աջակցող վարչական անձնակազմ չկա, ու հաճախ գիտնականներն իրենք են փաստաթղթային հարցերով զբաղվում։

Հաջորդիվ Հրանտը խոսում է գիտության կարևորության մասին Հայաստանի համատեքստում․ «Հայաստանում կա շատ գիտութուն, որն այնքան էլ կարևոր չէ։ Դա ինչպե՞ս է եղել։ Հայաստանում գիտությունն ինստիտուցիոնալ մակարդակով ձևավորվել է Խորհրդային Միության ժամանակ։ Խորհրդային շրջանում այդ ամեն ինչը սուպեր արդյունավետ էր ինչ-որ առումներով, բայց այդ արդյունավետությունն ամեն երկրի կոնտեքստում չէր երևում, ամբողջ Միության տարածքով էր։ ԽՍՀՄ-ն ուներ խնդիր ուսումնասիրելու, օրինակ, միջուկային ռումբ, ու մարդիկ հասկանում էին, որ դրա համար ինչ-որ մեկը պիտի լաբորատորիայում փորձ անի, ինչ-որ մեկը պիտի գրատախտակին մի քիչ մաթեմատիկայով զբաղվի։ Ինչ-որ մեխանիզմներ էին մտածում, որ այդ բոլորն արվի, ու այս ամեն ինչը ցրում էին Միության տարածքով»։

Հենց այդպես էլ մարդիկ, ըստ գիտնականի, տարբեր երկրներում միմյանցից առանձին գիտական խնդիրներ էին լուծում` շատ հաճախ չիմանալով, թե դա ինչ նպակի է ծառայելու։

«Հայաստանում, օրինակ, մաթեմատիկայի որևէ ուղղություն է զարգանում, ուժեղ մասնագետներ են հայտնվում։ Հետո ԽՍՀՄ-ը քանդվում է, աշխարհը փոխվում է, այլ բաներով են զբաղվում, մերոնք շարունակում են սա ուսումնասիրել։ ․․․․ Հայաստանի գիտությունը մինչև այսօր սպասարկում է Խորհրդային Միության շահերը»,- ասում է նա, ապա հավելում, որ սա ամենևին չի նշանակում, թե դրանք որակյալ հետազոտություններ չեն։ Խնդիրն այն է, որ պարզ չէ, թե դրանք ում են պետք։

Հրանտի խոսքով Հայաստանում գիտություն ֆինանսավորող կառույցը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, այդ հարցին չի անդրադառնում․ եթե գիտնականները լավ թեմա են առաջարկում, նրանց ֆինանսավորվում տրամադրվում է։

Հրանտը նշում է, որ բացի գլոբալ կարևորությունից՝ գիտնականը նաև պետք է հասկանա, թե իր այս կամ այն թեման ինչքանով է կարևոր Հայաստանի համար։ Այն, ինչ կարևոր է Հայաստանի համար, հաճախ կարող է կարևոր չլինել աշխարհի համար։ Սա է պատճառը, որ եթե որևէ գիտնական իր գործունեությունը նվիրի, օրինակ, բացառապես Սևանա լճի խնդիրների ուսումնասիրությանը, ապա նրա կապն աշխարհի գիտնականների հետ կկտրվի։ Այդ պատճառով գիտնականը խորհուրդ է տալիս Հայաստանի համար կարևոր թեմաներին զուգահեռ զբաղվել նաև գիտական այնպիսի խնդիրներով, որոնք աշխարհին են հետաքրքիր։

Հայաստանի խնդիրների լուծման ուղղված գիտական հետազոտությունների համատեքստում Հրանտը ևս մի կարևոր հարցի մասին է խոսում։  Նա նշում է, որ Միացյալ Նահագներում, օրինակ, Պենտագոնն ունի հետազոտական բաժին, որը ֆինանսավորում է Միացյալ Նահանգներին հետաքրքիր գիտական խնդիրների լուծմանն ուղղված հետազոտություններ։ Իսկ Հայաստանում այդպես չէ։

Հրանտի փոքր երազանքներից մեկն է, որ Հայաստանում էլ մի օր լինեն մասնագետներ, կառույցներ, որոնք կկարողանան հասկանալ, թե մեր երկիրն ինչ խնդիրներ ունի, որոնք հնարավոր է լուծել գիտությամբ, ու հետո այդ խնդիրները փոխանցել գիտնականներին` ակնկալելով լուծումներ։

Մարդկանց ու միջավայրի առումով էլ գիտությունը Հայաստանում իր առանձնահատկություններն ունի։ Հրանտի խոսքով մեր երկրում կան շատ լավ ուսանողներ, որոնք ցանկանում են հետաքրքիր խնդիրներով զբաղվել։ Հետևաբար` այն գիտնականները, որոնք ուզում են թիմ հավաքել և այս կամ այն ուղղությամբ հետազոտություններ իրականացնել, երիտասարդ կադրեր կգտնեն։ Սակայն խնդիր է միջին տարիքի գիտնականների պակասը․ եթե, օրինակ, սփյուռքահայ որևէ գիտնական ուզենա Հայաստանում պրոֆեսիոնալ  թիմ հավաքել, դժվար կլինի, քանի որ մեր երկրում քիչ են միջին տարիքի փորձառու գիտնականները, որոնք կղեկավարեն երիտասարդներին։

Գիտնականի կյանքի առանձնահատկությունները Հրանտ Խաչատրյանի տեսանկյունից բացահայտելուց հետո հանդիպում եմ Անիին։ Անիի հետ ծանոթացել եմ մի քանի շաբաթ առաջ, նա «Փոքրումեծ հարցեր» շարքի մասնակից դպրոցականներից է։ Այս շարքի շրջանակում Անին հանդիպել էր Հրանտ Խաչատրյանին ու նրան հարցեր ուղղել արհեստական բանականությունից։ Հրանտն էլ նրան հրավիրել էր մասնակցելու Գիտության փառատոնին։ Իսկ այսօր Անին Ազատության հրապարակում է ու ինձ ոգևորված պատմում է, թե ինչ տաղավարներ է այցելել։

Անիին հրաժեշտ տալուց հետո վերադառնում եմ մեծ տաղավար՝  լսելու Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանին։

 

Գիտությունը՝ կողմնակի հետևանք

Պրոֆեսոր Դերլուգյանի հետ ճանապարհորդում ենք 17-րդ դար ու հետևում, թե ինչպես է առաջացել պրոֆեսիոնալ գիտությունն, ու ինչպես են Եվրոպայում պետությունները հասկացել, որ արժե ֆինանսավորել այն։

«Գիտությունն ի հայտ է եկել մոտ 300 տարի առաջ»,- ասում է պրոֆեսոր Դերլուգյանը։

Նրա խոսքով գիտելիքը սկսել է գոյություն ունենալ մարդկային ցեղի հետ․ մարդիկ լեզվի օգնությամբ միմյանց գիտելիք էին փոխանցում, թե ինչպես գործիքներ պատրաստել, որ սունկը կարելի է ուտել, իսկ որն է թունավոր և այլն։ Կար նաև կրոնական հավատալիքներին վերաբերող գիտելիք, բայց քանի որ այն հիմնված էր հավատի վրա, չէր պահանջում ապացույց։ 

Իսկ 17-րդ դարում` մոտ 300 տարի առաջ, Եվրոպայում սկսեց ձևավորվել գիտությունն այն իմաստով, որով մենք այն հասկանում ենք հիմա։  Այսինքն` եթե որևէ մեկը որևէ պնդում էր անում, այն պիտի ապացուցելի ու վերարտադրելի լիներ։


Գեորգի Դերլուգյանը մեծ տաղավարում

Իսկ ինչպես սկսեցին կարևորել գիտությունը։ Սա հասկանաու համար պրոֆեսոր Դերլուգյանը հիշեցնում է Գալիլեո Գալիլեի պատմությունը։

«Ինչո՞ւ Գալիլեին զրկեցին իր աստղադիտակից: Դե, կարելի է ասել, որ կաթոլիկ եկեղեցին գիտության հալածող էր․․․ Իրականում նրանք, ինչպես ցանկացած իշխանություն, ճիշտ էին իրենց տեսանկյունից»-, ասում է պրոֆեսորը։

Այնուհետև նա բացատրում է, թե ինչ էին մտածում կաթոլիկ հոգևորականները, երբ արգելում էին Գալիլեին աստղերին նայել կամ պնդել, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը․ «Ուրեմն, ուզում եք ասել, որ այսօր այս սարքի շնորհիվ ավելի լավ եք տեսնում, քան Պտղոմեոսը 2000 տարի առա՞ջ։ 2000 տարի է՝ մենք սովորում ենք Պտղոմեոսի դասագրքերից, և Դուք հիմա ուզում եք ասել, որ  Պտղոմեոսից լա՞վն եք։ Իսկ վաղը ինչ-որ մեկը կասի, որ Աստվածաշնչից ավելի լավն է: Ուզում եք ասել, որ մեր Արևը աստղ է, և այդպիսի աստղերը շա՞տ են։ Սա նշանակում է, որ Հռոմի Պապը մեկը չէ, բայց կարող են լինել շատ Պապեր»․․․

Ապա պրոֆեսոր Դերլուգյանը պատմում է, թե ինչ եղավ աստղադիտակի հետ. այն ինչ-որ կերպ հասավ Շվեդիայի թագավորին, որն էլ ասաց` եթե գիտնականները սրանով աստղերն են դիտարկում, ապա ես այն կբաժանեմ իմ զինվորականներին։ Օպտիկական տեսողության սարքն, այսպես, սկսեց կիրառություն գտնել կաթոլիկների ու բողոքականների միջև ընթացող պատերազմում։

Պրոֆեսորը սա համեմատում է նրա հետ, թե ինչպես են ծնվում ստարտափները. մի բան է գիտնականի գյուտը, մեկ այլ բան է այդ գյուտը կիրառության մեջ տեսնելը։

«Սա առաջին գիտական բանակն է,- ասում է պրոֆեսոր Դերլուգյանն ու ապա մեզ տեղափոխում 19-րդ դարի Ֆրանսիա՝ Նապոլեոնի կառավարման տարիներ։- Նապոլեոնը վերցնում է իշխանությունը Ֆրանսիայում. Իսկ ի՞նչ է նա ստեղծում․․․ Ֆրանսիայի ամենահեղինակավոր ուսումնական հաստատությունները»։

Պրոֆեսորի խոսքով ֆրանսիական բանակի հաջողության գաղտնիքներից մեկն այն էր, որ նրանց փամփուշտներն ավելի լավն էին, քան թշնամիները։ Այլ կերպ ասած՝ Ֆրանսիայում գիտելիքը ծառայում էր բանակի կարիքներին։

Պրոֆեսոր Դերլուգյանն ասում է՝ պարտություն կրելուց հետո էր, որ գերմանացիները սկսեցին գիտական համալսարաններ ստեղծել։ Եվրոպայում, իհարկե, մինչ այդ էլ համալսարաններ կային, բայց այնտեղ գիտական լաբորատորիաներ սկսեցին ի հայտ գալ շատ ավելի ուշ՝ 20-րդ դարում։

«Աշխարհում հայտնվեց առաջին գիտական ​​համալսարանը։ Այն հիմնադրեց գերմանացի գիտնական Վիլհելմ ֆոն Հումբոլդտը։ Բացի այդ՝ պրուսական կառավարությունը պայման դրեց, որ բարձր պաշտոն զբաղեցնողները, լեյտենանտից բարձր կոչում ունեցող զինվորականներն ունենան համալսարանի դիպլոմ։ Իսկ համալսարանում կարող էին դասավանդել միայն այն դասախոսները, որոնք կա՛մ գիտարշավների էին գնում, կա՛մ լաբորատորիաներում աշխատում»- պատմում է պրոֆեսոր Դերլուգյանը։

Ամփոփելով պատմական ակնարկը՝ պրոֆեսորը նշում է՝ Եվրոպայում ի սկզբանե ոչ ոք չի ֆինանսավորել գիտությունը. գիությունն առաջացել է որպես ռազմական գործողությունների կողմնակի հետևանք։ 19-րդ դարի վերջին էլ պետությունների համար պարզ է դարձել, որ գիտության մեջ արժե գումարներ ներդնել, քանի որ դա կարող է օգտակար լինել։ 

Պրոֆեսորի բանախոսությամբ ամփոփվում է Գիտության փառատոնի երրորդ օրը։ Իսկ այսօր՝ փառատոնի չորրորդ օրը, շարունակվում է «Մասնագիտական կողմնորոշում. ապագա գիտնականներ» թեմատիկ բաժինը։

 

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել