factor.am: Սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը որոշեց, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հատուկ կարծիք է հայտնել, որը հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում: «2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը (այսուհետ նաև՝ Կանոնակարգ) ենթակա չէր Ազգային ժողովի կողմից վավերացման, հետևաբար՝ չէր կարող դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա։
Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով դիմումն ընդունելու վարույթ և այդ դիմումի հիման վրա կայացնելու ըստ էության որոշում։ Սակայն վարույթ ընդունելով և քննելով այն՝ անգամ այդ պարագայում ՍԴՈ-1749 որոշման մեջ Սահմանադրական դատարանը թույլ է տվել Կանոնակարգում ամրագրած պարտավորությունների սահմանադրականության գնահատման և մեթոդաբանության մի շարք էական խախտումներ, որոնք հանգեցրել են թե՛ Սահմանադրության, թե՛ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի խախտումների, ինչպես նաև կարող են հետագայում խաթարել սահմանադրական կարգը։
Սահմանադրական դատարանն ակնհայտորեն շրջանցել է Սահմանադրության տեսանկյունից հիմնարար նշանակություն ունեցող բովանդակային հարցերը՝ ինքնասահամանափակման հակասահմանադրական և կամայական հնարքի միջոցով սահմանափակվելով սոսկ Սահմանադրության նախաբանի, առավելապես՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրի (այսուհետ նաև՝ Հռչակագիր) տեսանկյունից Կանոնակարգում ամրագրված պարտավորությունների գնահատմամբ՝ անտեսելով Սահմանադրության մի շարք առանցքային նորմատիվ պատվիրաններ:
Հետգրություն.
Սահմանադրական դատարանի մեծամասնությունը Հայաստանի անկախության մասին հռչակագրի հետ կապված «սահմանադրական երկիշխանության» վտանգ է տեսնում և կարծում է, որ այդ «երկիշխանությունը» Հռչակագիրը վերածելու է «զավակին խժռող ծնողի»։
Գտնում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումներին բնութագրական չեն այդբովանդակ դարձվածքների կիրառումը: Եթե ՍԴՈ-1749 որոշմամբ ընդունված մոտեցումը դա է, ապա իմ հակադարձումը այդ ոճով հետևյալն է. Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին հռչակագիրը»,-ասված է Թովմասյանի ներկայացրած հատուկ կարծիքի մեջ:
Հատուկ կարծիքն ամբողջությամբ` այստեղ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)