azatutyun.am: Կատարելության ձգտող կանայք մահանում են վիրահատարաններում։ 56-ամյա կինն այդպես էլ գիտակցության չի եկել պլաստիկ վիրահատությունից հետո։ Նրան օրեր առաջ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում հենց տնօրենը՝ Արթուր Սարգսյանն է վիրահատել, հետո կնոջը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Կինը մահացել է երեկ։
«Ազատություն»-ը բժշկին երեկ կենտրոնում հանդիպեց, նա չցանկացավ խոսել, վստահ էր, որ պացիենտը կապրի, հարազատները չեն բողոքի։
Քրեական գործ արդեն կա։ «Իրականացվում է այս պահին նախաքննություն ակտիվ, բժշկական հաստատությունից պահանջվել են համապատասխան փաստաթղթերը, և մնացած ընթացքը կապահովվի, իհարկե կնշանակվի նաև համապատասխան փորձաքննություն», - «Ազատությանը» ասաց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Նույն կենտրոնում նույն բժշկի վիրահատությունից հետո մեկ տարի առաջ մահացել է նաև 32-ամյա Ալվարդ Վարդանյանը։ Քրեական գործ այդ ժամանակ էլ հարուցվեց:
«Խոսքը վերաբերում է առերևույթ բժշկական սխալ թույլ տալուն, որի հետևանքով մարդ է մահացել. եթե պարզ ներկայացնեմ, սա է էությունը այդ հանցակազմի: Եվ իրականացվում է նախաքննություն», - ասաց Աբրահամյանը:
Քննչական կոմիտեի խոսնակի տեղեկացմամբ՝ մեղադրյալ դեռ չկա, քանի որ փորձաքննությունը պիտի տա հարցի պատասխանը՝ արդյոք մահը վրա է հասել բժշկական սխալի հետևանքով, իսկ փորձաքննությունը մեկ տարի անց էլ դեռ չի ավարտվել։
Մեկ տարում երկու դեպք, իսկ այդ կենտրոնը դեռ աշխուժորեն հաճախորդների է ընդունում, որ երազում են լիպոսակցիայով ճարպեր հանել մարմնի կլոր հատվածներից, բլեֆարոպլաստիկայով աչքերի տակի պարկերը հեռացնել, բրախիոպլաստիկայով թևերի կախված մաշկը չեզոքացնել, մամոպլաստիկայով կրծքերը մեծացնել կամ հակառակը՝ փոքրացնել, և բազմաթիվ այլ վիրաբուժական միջամտություններ, որ կատարում է դոկտոր Արթուր Սարգսյանը՝ ընդ որում ակտիվ լուսաբանելով վիրահատարանի անցուդարձը։ Նա նաև հարցազրույցներ է տալիս վիրահատության ընթացքում:
«Կյանքում ամենակարևոր բաներից մեկը, որ ստացել եմ որպես խորհուրդ, դա չշտապելն է աշխատանքի մեջ, կարևոր ու ճիշտ բաներից, բայց երբեմն ես շտապում եմ, ես շտապում եմ, ինձ շատ եմ գցում ռիսկային պրոցեսների մեջ», - հարցազրույցներից մեկի ժամանակ ասում է Սարգսյանը:
Քաղաքի կենտրոնում տեղադրված վահանակում էլ Սարգսյանը մատների կոմբինացիայով ասում է՝ «Ամեն ինչ լավ է»:
Ինչո՞ւ «Արթկոսմեդ»-ը չի հայտնվել առողջապահական այս ծառայությունը լիցենզավորող գերատեսչության՝ Առողջապահության նախարարության ուշադրության ներքո, որովհետև վերահսկող մարմինն Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմինն է, պատասխանում են նախարարությունից։
Տեսչական մարմին «Ազատություն»-ը հարցում է ուղարկել, բայց պատասխանն արդեն ենթադրում է՝ իրենք ստուգում են միայն այն, ինչ գործունեության լիցենզիայում է գրված։ Բուժօգնության որակի մասին այդտեղ ոչինչ գրված չէ։
«Մարդիկ գնում իրենց արտաքին տեսքը ավելի կատարյալ դարձնելու համար. կոպերն են, չգիտեմ, ձգում, դեմքը, մաշկը, որովայնի ճարպը հանում են, հեռացնում են՝ էսպիսի բաներ են անում, որպեսզի ավելի գեղեցիկ լինեն, ավելի հասարակության, իրենց կողմից ինքնագնահատականի բարձրացում լինի, բայց ստացվում է, որ մեռնեն, և լինում են և բազմաթիվ դեպքեր, որոնք բողոքում են, և ո՞ւր պետք է բողոքեն, եթե այսպես է իրավական կարգավորումները՝ դատարան: Իսկ մենք շատ լավ հասկանում ենք, որ դատարան մտնելը դա մի ոդիսական է», - «Ազատության» հետ զրույցում ասաց առողջապահության փորձագետ Ծաղիկ Վարդանյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)